Նորություններ

Մինչ օրս օգտագործում եմ այն նյութերը, որոնք ես ինձ հետ բերել եմ Բոստոնից, Ֆլետչերի դպրոցից. Ռուբեն Մելիքյան

Ամերիկյան կրթական և դատական համակարգի առանձնահատկություններին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը ծանոթացել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Ակադեմիայի ռեկտորը նշում է, որ իր մասնագիտական զարգացման գործում մեծ դեր են ունեցել այս ծրագրով ԱՄՆ-ում ուսանելու վեց ամիսները: Ռ. Մելիքյանի հետ հարցազրույցն անց է կացվել «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտ իրավաբանները» խորագրով նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ:

Պարոն Մելիքյան, խնդրում եմ պատմեք, թե ի՞նչ  ծրագրով էիք մեկնել ԱՄՆ: Եվ ի՞նչ տվեց այդ կրթությունը Ձեզ:

-Ես ուսանել եմ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում 2008 թվականին: Դիմելու ժամանակ տեղեկությունս սակայն քիչ էր, ակնկալիքներս շատ որոշակիացված չէին, քանի որ ծրագիրը դեռ նոր էր: Ես մտերիմ էի 2007 թվականին այդ ծրագրով ԱՄՆ մեկնածների հետ և նրանցից այն տեղեկությունն ունեի, որ մասնագիտական առումով լավ հնարավորություններ են տրվում իրավունքի ոլորտում սովորելու հարցում: Վեց ամիս տևողությամբ ծրագիր էր, որն ավարտվում էր ոչ թե դիպլոմի, այլ վկայականի հանձնմամբ, բայց բավականին հագեցած ծրագիր էր:

Սովորելու այդ շրջանը շատ կարևոր էր իմ մասնագիտական զարգացման համար: Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կարողացա մի քանի ուղղություններով փորձառություն կուտակել: Առաջին հերթին՝ բուն առարկաները դասավանդվում էին շատ լուրջ մասնագետների կողմից: Առարկաների ճնշող մեծամասնությունը շատ օգտակար էր, և մինչ օրս օգտագործունմ եմ այն նյութերը, որոնք ինձ հետ բերել եմ Բոստոնից, Ֆլեթչերի դպրոցից:

Երկրորդը կապերի հնարավորությունն էր՝ թե հայաստանյան խմբի ներկայացուցիչների, թե արտասահմանցիների հետ, և մինչ օրս պահպանվում են այդ կապերը: Երրորդը՝ մեզ հնարավորություն տրվեց օգտվել ամենամեծ պահոցն ունեցող գրադարաններից մեկից՝ Հարվարդի համալսարանի գրադարանից, որը ևս չափազանց օգտակար էր նյութեր հավաքելու և հետագայում դրանք օգտագործելու հարցում: Չորրորդը՝ մենք կարողացանք ավելի լավ պատկերացնել արևմտյան, մասնավորապես, ամերիկյան կրթական համակարգը՝ խոսքը վերաբերում է մեթոդաբանությանը, կառուցվածքային բնույթի հարցերին, որոնք նույնպես կիրառվել են իմ կողմից, և նաև Արդարադատության ակադեմիայում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են սովորել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

12442724_1140088596022680_548072677_n

Ասո Թավիթյանի հետ

-Խորհուրդ կտամ նախ ծանոթանալ այն առարկաներին, որոնք այնտեղ դասավանդվում են, և փորձել հասկանալ, թե դրանց որ մասն է իրենց հետաքրքիր՝ հետագա մասնագիտական զարգացման համար: Խորհուրդ կտամ կապվել ծրագրի շրջանավարտների հետ, որոնք 200-ից ավելի են արդեն: Եվ, առհասարակ, խորհուրդ կտամ օգտվել այս հնարավորությունից: Սա բացառիկ հնարավորություն է, և մենք նաև բարոյական պարտավորություն ենք ստանձնում խոսել այս ծրագրի մասին, որը մեկ մարդու ջանքերի շնորհիվ է իրականություն դարձել: Ասո Թավիթյանի մասին է խոսքը: Մի մարդ, ով նույնիսկ Հայաստանում չի ծնվել. ծնվել է Բուլղարիայում, բավականին վատ մանկություն է ունեցել, իսկ ուսանողական տարիներին կարողացել է հայտնագործություն անել, որն այժմ օգտագործվում է բոլոր շարժական համակարգիչների (laptop) մեջ: Եվ այդ կերպ կարողացել է հարստանալ: Մեզ ասում էր, որ առավել արդյունավետ է հենց կրթության ոլորտում արված բարեգործությունը: Եվ այդ հայեցակարգը, կարծում եմ, իրեն արդարացրել է:

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի ամերիկյան կրթական համակարգը:

-Առանձնահատկությունն ազատության և պատասխանատվության բոլորովին այլ մակարդակն է: Մարդիկ վճարում են և դրա դիմաց ուզում են առավելագույնս ստանալ: Առաջինը, ինչն ինձ զարմացրեց, առարկաների ընտրության պրոցեսն էր. կիսամյակի սկզբում հնարավորություն էր տրվում 1-2 օրում առարկայի նախնական կամ ներածական դասախոսությունը լսել և հասկանալ` այդ դասախոսն ու առարկան քեզ պետք են, թե` ոչ: Տոնավաճառի պես մի բան էր, որն ընդունված չէ մեր կրթական համակարգում նաև օբյեկտիվ պատճառով. այդքան կադրերի հնարավորություն մենք չունենք:

Երկրորդը՝ պատասխանատվության մակարդակն է: Կրթությունն ընկալվում է որպես ապրանք,  դու վճարում ես որակյալ ապրանք ձեռքբերելու համար: Մեզ մոտ, ցավոք, պահպանվել է այն վիճակը, որ բուհ ընդունվում ու ավարտում են մարդիկ, ովքեր չեն օգտվում իրենց տրված հնարավորություններից: Ներողություն եմ խնդրում այս համեմատության համար, բայց սա շատ նման է նրան, երբ մարդը տաքսի կանգնեցնի, գումարը վճարի և ասի՝ հաջողություն՝ չօգտվելով իր պատվիրած ծառայությունից:  Սա սկզբունքային տարբերություն է: Եվ շատ լավ մրցակցային դաշտ է ստեղծում. ամեն բուհ փորձում է ամենալավը դառնալ, և ամեն դասախոս ավելի լավ ներկայացնել իր առարկան:

Սակայն կան նաև բացասական կողմերը՝ դասընթացները չափազանց պրակտիկ են և տեսական հենքը մի փոքր երկրորդվում է: Դա առանձնահատկությունն է համակարգի. մեզ մոտ էլ, կարելի է ասել, հակառակ ծայրահեղությունն է:

-Ըստ Ձեզ, արդարադատության ոլորտում մեզ մոտ ի՞նչ առաջնային խնդիրներ կան, որոնք ԱՄՆ-ն էլ ունեցել է և լուծում է տվել դրանց:

-Ես ԱՄՆ արդարադատության համակարգին ծանոթանալու շատ հնարավորություններ եմ ունեցել, այդ թվում նաև Ֆլեթչերի դպրոցում ուսանելու ամիսներին. դատարաններ ենք այցելել, դատավորների ենք հանդիպել: Կարծում եմ, խնդիրը, որ հաջողվել է լուծել ԱՄՆ-ին և հաջողվել է անել դա վաղուց, դատական համակարգի հանդեպ վստահությանն է վերաբերում:

Հետաքրքիր է, որ անգամ երբ բարձր դատարաններն ընդունում են որոշումներ, որոնք իրավական և ոչ իրավական առումով այնքան էլ ընդունելի չեն, դրանք էականորեն և տևականորեն չեն ազդում դատարանների հանդեպ վստահության մակարդակի վրա: Օրինակ կարող եմ բերել 2000 թվականին ընդունված «Գոռն ընդդեմ Բուշի» հայտնի որոշումը: Եվ դատական համակարգը այնքան բարձր հեղինակություն ուներ, որ անգամ այս շատերի կողմից ոչ ընդունելի որոշումը մեծ ազդեցություն չունեցավ ընդհանուր դատական համակարգի հանդեպ վստահության մակարդակի վրա:

-Հայաստանում դատարանների հանդեպ վստահության խնդիրը սակայն կա:

-Մեզ մոտ այդ խնդիրն ամբողջովին լուծված չէ: Դա ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերը: Խորհրդային Հայաստանի 70 տարիների ընթացքում դատարանների անկախության նույնիսկ ֆորմալ կողմը պահված չէր: Դատական իշխանության անկախության գաղափարը մեզ մոտ սկսվեց շրջանառվել 1990-ականներից: Խորհրդային համակարգը չէր ընդունում դատական իշխանության անկախությունը: Մենք ունեցել ենք դատական շատ բացասական ավանդույթներ և ներկայիս համակարգն այդ ավանդույթների կրողն է՝ ուզած, թե՝ չուզած: Եվ ներկայիս բարեփոխումներն ուղղված են այդ ամենը հաղթահարելուն:

-Ըստ Ձեզ, ի՞նչ ուղիներ կան այդ խնդիրը լուծելու համար. արդյո՞ք լուծումներ առաջարկվում են նոր Սահմանադրությամբ: Եվ կցանկանայի` այս հարցին պատասխանեիք նաև որպես Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ով մեծ դեր ունի ապագա դատավորների պատրաստման գործում:

-Շատ կարևոր հարց եք տալիս և, իրոք, սահմանադրական բարեփոխումների շրջանակում մեծ կարևորություն է տրված դատական իշխանության ռեֆորմներին: Դրա արտահայտումներից  մեկը դատական իշխանության կազմակերպման հարցերում արտադատական էլեմենտի ավելացումն էր: Խոսքը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդին (որը ներկայիս Արդարադատության խորհրդի անալոգն է), որի կազմում դատավորների և ոչ դատավորների թիվը հավասարակշռված է, բարձր չափանիշներ են ներկայացված այդ անձանց նկատմամբ: Այս պայմաններում մենք կարող ենք ունենալ հասարակական ավելի մեծ ներգրավվածություն՝ դատարանների ինքնակառավարման գործում: Երկրորդը դատավորների նախագահների նշանակմանն է վերաբերում. նրանք  նշանակվում են 3 տարի ժամկետով և նույն անձը ժամկետի լրանալուց հետո առնվազն երեք տարի չի կարող նորից դատարանի նախագահ նշանակվել, ինչը բարձրացնում է յուրաքանչյուր դատավորի դերը դատական համակարգում և այդպիսով թուլացնում է նրանց կապը գործադիր իշխանության հետ (կա ընկալում, որ նման կապեր կան): Այդպիսով ունենում ենք նոր տեսակի կազմակերպական հարաբերություններ:

Ոչ պակաս կարևոր է նոր կադրերի պատրաստումը, որտեղ Արդարադատության ակադեմիան կարևոր դերակատարում ունի: Թե որակավորմանը ներկայացվող պահանջների առումով, թե ակադեմիայում ուսուցման ժամանակահատվածում փորձում ենք անել առավելագույնը, որ ժամանակի ընթացքում վստահության մակարդակի խնդիրը լուծվի: Դա մեկ օրվա խնդիր չէ: Այսօր արդեն մեր դատական կորպուսի 10 տոկոսը կազմում են Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներ: Երիտասարդ մարդիկ, ովքեր իրականացում են արդարադատություն՝ քրեական, քաղաքացիական և վարչական, գործերով: Ժամանակի ընթացքում տեսակարար կշիռը կավելանա, և կարող ենք ունենալ ավելի թարմ, ժամանակակից  դատական կորպուս:

Նաև չեմ ուզում որևէ կերպ թերագնահատել մեր ավագ սերնդի դատավորներին, ովքեր կարևոր դեր են ունեցել անկախության առաջին տարիներին: Բայցև այնպես, կատարվող սերնդափոխության գործընթացը ոչ միայն կազմակերպական, այլև բովանդակային երևույթ է: Եվ կարծում եմ, որ որոշակի ժամանակ հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ: Ես չգիտեմ դրա չափման մեթոդաբանությունը, որքանով է հստակ և աշխատող այն: Ես գիտեմ, որ հասարակությունը, երբ գնահատում է արդարադատության համակարգը, նա գնահատում է ոչ թե այդ պահին աշխատող դատավորին, այլ համակարգի վիճակը՝ մի քանի տարի առաջ: Եվ մարդը, որքան հեռու է կանգնած, առաջնորդվում է հին պատկերացումներով: Իրավաբանական հանրությունը, որ ավելի մոտ է կանգնած դատական համակարգին և ավելի շատ է շփում ունենում, տեսնում է այդ փոփոխությունները: Իմ պատկերացումը, համենայն դեպս, այն է, որ այստեղ մենք առաջընթաց ունենք: Եվ ինչպես ցույց է տալիս նոր Սահմանադրության տեքստը, նոր լուծումներ են առաջարկվում:

-Ի դեպ, բազմիցս քննարկվեց այն հարցը, որ նոր Սահմանադրությամբ կարծես խախտվում է իշխանությունների հավասարակշռության սկզբունքը: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Վճռաբեկ դատարանի դատավորները նշանակվելու են Ազգային ժողովի կողմից, իսկ Ազգային ժողովում լինելու է քաղաքական մեծամասնություն: Այսինքն, ենթադրվում է, որ Վճռաբեկ դատարանի դատավորները մեկ քաղաքական ուժի կողմից են ընտրվելու:

-Ես չեմ պատկերացնում պառլամենտական համակարգ, որը որևէ դերակատարություն չունենա դատական իշխանության ձևավորման հարցում: Կարծում եմ,  այդ ռիսկերը շատ երկրներում կան և հաղթահարվում են. մասնավորապես, ընտրության բարձր շեմ` որակյալ մեծամասնություն է նախատեսված Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության համար, ինչը նշանակում է, որ միայն մեկ ուժ չի կարող ինքնուրույն որոշել ամբողջ Վճռաբեկ դատարանի կազմը:

Պետք է հասկանալ, որ վճռաբեկ դատարանը մեկ տարվա համար չի ձևավորվում: Նույն ԱՄՆ-ում տեսնում ենք, որ  գերագույն դատարանի տարբեր դատավորներ ԱՄՆ տարբեր նախագահների կողմից են նշանակվել: Մի դեպքում ընտրվել է դեմոկրատ նախագահի կողմից՝ իրավական առումով լիբերալիզմի կողմնակից են եղել, մյուս դեպքում՝ հանրապետական նախագահի կողմից, ինչը նշանակում է իրավական պահպանողականության կողմնակիցն են: Եվ հիմնականում այս առումով գերագույն դատարանում հավասարակշռությունը պահպանվում է:

Եվ ինչպես ԱՄՆ գերագույն դատարանում, այնպես էլ Հայաստանում վճռաբեկ դատարանի  դատավորները չեն ընտրվում 1-2 տարով, այլ կարող են երկու-երեք տասնամյակ պաշտոնավարել: Այս ընթացքում բնական է, որ  կարող են իշխանությունները փոխվել, մի կուսակցությունը կհեռանա, մյուսն ավելի ուժեղ ազդեցություն կունենա: Ես կարծում եմ, որ սրանից չպետք է վախենալ, սա անխուսափելի է: Այն կարող է նույնիսկ ավելի թափանցիկ դարձնել և բարձր մանդատով օժտել Վճռաբեկ դատարանին:

-Կա ընկալում, որ ԱՄՆ-ում դատական իշխանությունն առավել հաշվետվողական և թափանցիկ է աշխատում: Համաձա՞յն եք: 

-Համաձայն չեմ, որ ԱՄՆ դատական համակարգը շատ ավելի հաշվետվողական ու թափանցիկ է: Ընդհակառակը, շատ ավելի ազատական են կարգավորումները: Ի տարբերություն մեզ, չունեն խիստ վարույթային կարգավորումներ: Եվ շատ բաներ, որ մեզ մոտ դատավորներն իրենց թույլ չեն կարող տալ, նրանք կարող են:  Գուցե դա պայմանավորված է դատարանի հանդեպ վստահությամբ. կարող են կարգապահական շատ ավելի լուրջ տույժեր կիրառել մասնակիցների նկատմամբ, ընդհուպ կալանքի վերցնել: Ֆեդերալ դատավորները ընտրովի չեն, նահանգային դատավորների մի մասը ընտրովի չեն, ընտրովի դատավորներն, այո, հաշվետվողականության խնդիր ունեն:

Ընդ որում դա էլ է հարց, թե որքանով է ճիշտ այդ հաշվետվողականությունը: Ընտրովիությունը հաճախ բերում է արդարադատության հետ չկապված նկատառումներով որոշումներ կայացնելուն: Եվ դա շատերն ընդունում են: ԱՄՆ-ի մի շարք նահանգներում հետաքրքիր ինստիտուտ կա՝ «Բացասական ընտրությունն» է: Ճիշտ է, դատավորները չեն ընտրվում քաղաքացիների կողմից, բայց յուրաքանչյուր ընտրական փուլի ժամանակ մարդկանց իրավունք է տրվում պաշտոնանկ անել իրենց գերագույն դատարանի դատավորներին (ընտրական այդպիսի օրերն անցկացվում են յուրաքանչյուր զույգ տարվա նոյեմբերի 2-րդ շաբաթվա ընթացքում, և միանգամից 15 ընտրություն, հանրաքվե կարող է կազմակերպվել): Այդ դատավորները նշանակվում են պառլամենտի կողմից` նահանգապետի ներկայացմամբ: Սակայն քաղաքացիներին հարց է տրվում, թե օրինակ 2 տարի աշխատել են, ուզու՞մ եք, որ շարունակեն աշխատել: Եթե քվեարկողներից կեսից ավելին բացասական է արտահայտվում, ապա տվյալ դատավորն ազատվում է աշխատանքից:

Այս ինստիտուտն ինձ հետաքրքրեց, բայց հետո հասկացա, որ այսպիսով ընդունվում են մեծամասնության ճաշակին և մտածողությանը հագուրդ տալու համար որոշումներ: Նահանգներից մեկում 7 դատավորներներից 3-ին ժողովուրդն «աշխատանքից ազատեց», քանի որ հատուկ կարծիք էին գրել մի ցավոտ գործով, և հասարակությունը որոշեց, որ նման մտածելակերպ ունեցող դատավորները տեղ չունեն իրենց համայնքում: Բնական է, որ նրանց հաջորդած դատավորներն արդեն երկու անգամ կմտածեն՝ նման հատուկ կարծիք գրելուց առաջ: Եվ  մարդիկ հաճախ չեն թաքցնում,  որ իրենց որոշումներն ընդունելիս հաշվի են առնում հաջորդ անգամ ընտրվելու նկատառումները, ինչն այնքան էլ ընդունելի մոտեցում չի: Իսկ ֆեդերալ մակարդակում հաշվետվողականությունը շատ ցածր էր:

ԱՄՆ համակարգի մասին մեր պատկերացումներն այդքան էլ ճիշտ չեն: Մեզ մոտ, օրինակ, անհարգալից վերաբերմունք չի համարվի, երբ փաստաբանը մեկ անգամ մերժվելուց հետո երկրորդ անգամ նույն միջնորդությունը ներկայացնի: Երբ ես մի դատավորի հարցրեցի դրա մասին, նախ նա երրորդ անգամից հարցը հասկացավ, այնուհետև պատասխանեց, թե, հավանաբար, կալանքի կվերցներ՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Իրավունք, որ մեր դատավորները չունեն և ճիշտ էլ չէ, որ ունենան: ԱՄՆ-ում  դատավորները լուրջ գործիքներ ունեն  ներազդելու: Սրա հիմքը ժառանգած վստահության հանգամանքն է, մարդիկ ակնածանքով են վերաբերվում դատարանին: Այս պայմաններում շատ ավելի մեծ հնարավորություններ կան՝ ավելի ազատ թողնել համակարգը:

Մյուս կողմից դատավորները հանրության հետ աշխատելու լայն հնարավորություններ ունեն՝ երդվյալ ատենակալների միջոցով: ԱՄՆ-ում մեզ հաջողվեց ներկա գտնվել երդվյալների մասնակցությամբ նիստի: Ես հիշում եմ, որ դատավորը մոտեցավ նրանց և շնորհակալություն հայտնեց, ասելով, որ կարևոր գործ եք անում:  Երբ որոշումներն ընդունում է ինքը՝ հասարակությունը, դատավորին մեղադրելու հնարավորությունները շատ ավելի քչանում են: Երդվյալների մեջ են տարբեր տարիքի, ռասսայի, մասնագիտության և մտածողության 12 մարդ. նրանք են որոշում ամբաստանյալը մեղավոր է, թե՝ ոչ: Դատավորը պարտավոր է ընթացակարգի արդարացիությունն ապահովել և ատենակալներից կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում պատիժ նշանակել: Դատավորը մասնակցություն չի ունենում մեղավորության հարցի որոշմանը: Այս էլեմենտը մեծապես նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը, հասարակությունն իրեն համարում է դատական համակարգի մասնիկը:

– Մասնագետները նշում են, որ ԱՄՆ-ում պատիժների համակարգը մաքսիմալ հստակեցված է, իսկ մեզ մոտ դատավորին մեծ հայեցողություն է տրվում՝ պատիժ ընտրելիս: Նույն հանգամանքներում մեկ անձը կարող է դատապարտվել տուգանքի, մյուսը՝ մի քանի տարվա ազատազրկման: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվու՞մ են:

-Սա բավականին նուրբ հարց է: Ոչ բոլոր, բայց շատ նահանգներում մաթեմատիկական ճշտությամբ հաշվում են պատժաչափերը: Իմ պատկերացմամբ, մաթեմատիկական արդարադատությունն այդքան էլ արդար չէ, օրինակ այս մեղմացնող հանգամանքի դեպքում պատժից հանվում է մեկ ամիս, այս ծանրացնողի դեպքում՝ գումարվում է երկու ամիս, և այլն:

Յուրաքանչյուր գործ առանձնահատկություններ ունի, և դրանք ինդեքսավորել, թվերի վերածելը, շատ դժվար է: Եվ տարիքը, և մոտիվացիան հնարավոր է հաշվի առնել: Սակայն, օրինակ, ինչպես սահմանել՝ եթե գողոնը եղել է 100 հազար դրամ, ապա պատժին մեկ ամիս գումարել, եթե՝ 200 հազար դրամ, ապա երկու՞: Երբեմն մարդու դիտավորությունը ուղղված չի լինում քանակին: Իհարկե, դրա մասին պետք է մտածել, բայց չեմ կարծում, որ այդ խնդիրն առաջիններից է:

– Հայաստանում արդեն չորս տարի գործունեություն է իրականացնում Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան, դուք, որպես շրջանավարտ արդեն անդամակցո՞ւմ եք ասոցիացիային և ինչպիսի՞ ներդրում եք պատրաստվում ունենալ ասոցիացիայի գործունեությունն առավել օգտակար և հանրային դարձնելու առումով:

-Անդամակցում եմ ասոցիացիային: Ժամանակին միջոցառումների մասնակցում էի, հիմա ավելի պասիվ եմ դարձել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Իմ կարծիքով նման ՀԿ-ները պետք է հնարավորություն տան հասարակությանը ծանոթանալ ԱՄՆ կրթակական համակարգին: Ես ասոցիացիայի մանդատը տեսնում եմ մարդկանց համախմբելուց բացի ավելի շատ ինֆորմացիա տալու, կապերի խորացմանը նպաստելու մեջ:

Հարցազրույցը վարեց Աստղիկ Կարապետյանը
Նախագծի մտահղացման հեղինակ՝  Կարեն Զադոյան

Տես նաև՝
ԱՄՆ-ում եթե շահերի բախման խնդիր հայտնաբերեն, այդ դատավորն այլևս չի պաշտոնավարի. Սասուն Խաչատրյան

Իրավաբան
.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել