Սպանությունից հետո հայտնաբերված գրությունը կուրսանտ Հայկազ Բարսեղյանը չի գրել. փորձագետներ (Լրացված)

«Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար, կներեք». սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի պարահանում կախված բաճկոնի գրպանում հայտնաբերված այս գրությունը տուժողը չի գրել: Նման համոզման են եկել ձեռագրաբան-հոգեբանները` ուսումնասիրելով վերոնշյալ գրությունը:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով դատավարությունը` դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությամբ քրեական գործին էին ծանոթացել և այսօր դատարան ներկայացել փորձագետներ Էլդա Աբրահամյան և Մարիամ Մեհրաբյանը:

Նրանցից Էլդա Աբրահամյանը նախ նշեց, որ իրենք չեն իրականացրել դատահոգեբանական փորձաքննություն` ամբաստանյալների նկատմամբ, իսկ գրության ուսումնասիրությունից եզրահանգել են, որ Հայկազը չի դրա հեղինակը. «Մարդը, որը հասնում է ինքնասպանության շեմին, նրան ընդհանրապես չի հետաքրքրում կյանքը, այնպիսի հոգեվիճակում է լինում, որ նախընտրում է չլինել, իսկ այստեղ առկա է պարզապես տրամադրության անկում, մեր տրամադրությունը միշտ չէ, որ նույն մակարդակի վրա է, նույն բովանդակության»,- ասաց տիկին Էլդան, իսկ Մարիամ Մեհրաբյանը դատավարության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց գրությունում առկա «քաքշուկ» բառի վրա. «Սա շատ կարևոր բառ է, ինքնասպանություն իրագործող մարդը, ինքն այդ պահին միայն մտածում է, թե ինչքան դժվար է ապրել, իսկ թե ապագայում ինչ տեղի կունենա, նրան չի հետաքրքրում: Չունենք այնպիսի երևույթ, որ քաշքշուկ բառը այդքան ընդգծված գրվի, այն էլ մեծատառով, ինքնասպանություն գործող մարդը ապագայի մասին այլևս չի մտածում, մտածում է իր մասին, թե ինչպես փրկվի»,- նշեց նա` հավելելով, որ ըստ տեսության` ինքնասպանության եզրին գտնվողն ունենում է նեղ երևակայություն, այսինքն ապագայի պլանավորումն ու ներողության հայցումը նրա պատկերացումների մեջ չեն մտնում:

Այսօր փորձագետներին հարցեր ունեին կողմերը, մասնավորապես ամբաստանյալներից մեկի փաստաբան Արա Զաքարյանի հարցերից պարզ դարձավ, որ փորձաքննության մեթոդոլոգիան վերցրված է ռուսական մոդելից. «Ես զրուցել եմ տարբեր փորձագետների հետ, ովքեր նշել են՝ որպեսզի եզրակացությունը համարվի հավաստի և արժանահավատ, նաև անհրաժեշտ է ապրոբացիա (փորձորոշում) անցներ հայոց լեզվի համար»,- ասաց նա, իսկ փորձագետ Մարիամ Մեհրաբյանը պատասխանեց. «Ապրոբացիան չի անցել, որովհետև ծրագրի մեջ նշված չէ՝ եթե լեզուն ռուսերեն չէ, ապա չկիրառել, ծրագրի մեջ հստակ նշված է, թե որ լեզուները կարելի է ծրագրով վերծանել, այդ թվում՝ հայերեն, առանց ապրոբացիայի հավաստիության աստիճանը կազմում է մինչև 99 տոկոս»:

Փորձաքննությանը մասնակցել են նաև վկաները, որոնց տված ցուցմունքները արժանահավատ են համարվել:

Հերթական նիստին քննարկվեց նաև նշյալ փորձաքննությունը անվավեր ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, ըստ ամբաստանյալների պաշտպանների՝ փորձագետները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից: Պաշտպանական կողմը հղում արեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  180-րդ հոդվածին, որի համաձայն՝ վկայի կամ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները կարող են հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ:

Մեղադրողները առարկեցին միջնորդությանը՝ նշելով՝ եթե կողմերը գտնում են, որ հոգեբուժական փորձաքննության ենթակա այլ հարցեր կան, որոնք պետք է բացառապես դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ ապացուցվեն, թող ոչ թե միջնորդեն անթույլատրելի ճանաչել այս փորձաքննությունը, այլ փորձաքննություն նշանակելու մասին խոսեն:

Դատավորը լսելով կողմերին, ասաց որ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հարկավոր կլինի երկու ժամ, քանի որ աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, որոշվեց որոշումը հրապարակել վաղը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել