«3 տարի անտեղի նստած ենք». ամբաստանյալները հունից դուրս եկան, դատարանում մթնոլորտը լարված էր

Զինված բանդայի գործով այսօր դատական նիստին հարցաքննվեց դատաբժշկական փորձագետ Արտաշես Խաչատրյանը, ով դատարան էր հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ:

Նշենք, որ համաձայն մեղադրանքի, ամբաստանյալներ Կարեն Վարդանյանը, Ռաֆայել Հարոյանն ու Հայկ Կոջոյանը հարձակվել են  «3-րդ մասի» տարադրամի կետի վրա, որի ժամանակ Կարեն Վարդանյանը կրակել է տարադրամի աշխատակցի վրա, և կրակված գնդակներից մեկը անցել է ամբաստանյալ Հայկ Կոջոյանի դաստակի միջով: Սակայն պաշտպանական կողմը պնդում է, որ Հայկը դեպքի վայրում չի եղել և դրա մասին է վկայում այն, որ նրա արյան և այլ հետքեր չեն հայտնաբերվել ոչ դեպքի վայրից, ոչ էլ տուժողի մարմնի վրայից: Ամբաստանյալ Կարեն Վարդանյանն էլ ամիսներ առաջ ցուցմունք էր տվել՝ նշելով, որ հարձակումն իրականացրել է  «Ջուգ» մականունով Վահան Գալստայանի հետ, Ռաֆայելն ու Հայկն իր հետ չեն եղել:

Պաշտպանական կողմն այսօրվա դատական նիստին փորձում էր հասկանալ, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել դատաբժիշկը՝ որոշելով, որ Հայկի դաստակի վնասվածքը «առավել բնորոշ է հրազենային վնասվածքի»:  Ի դեպ,  Հայկը փորձաքննության ենթարկվելիս հայտնել է, թե հարբած վիճակում ընկել է շինարարական ամրանի վրա և այն մտել է ձեռքի մեջ:

Դատաբժիշկը հայտնեց, թե հաշվի է առել մի շարք հանգամանքների համակցությունը՝ սպիների չափերը, տեսքը, ուղղությունը, ուժգնությունը և այլն: Նրա խոսքով, թեև Հայկն ասել է, որ ամրանը ձեռքի մեջ մտել է առջևի մասից, սակայն ինքը եզրակացրել է, որ վնասվածքի մուտքը հակառակ կողմից է եղել, և որ հրազենային վնասվածքների դեպքում մուտքի վերքն ավելի փոքր է լինում, քան ելքինը: Մինչ եզրակացություն տալը, ռենտգեն հետազոտություն է նշանակվել և պարզվել է, որ ոսկրի վնասվածքներ չկան: Իսկ վերքերի միջանցիկ լինելը որոշել է դրանց տեսքից՝ կնճռոտված լինելուց, գույնից, չափսերից, միևնույն ժամանակաշրջանում ստացված լինելուց, և այլն:

Հարցաքննությունը ընթանում էր բավականին լարված մթնոլորտում, պաշտպանների որոշ հարցերի փորձագետը չէր պատասխանում՝ հղում անելով եզրակացությանը և խորհուրդ տալով կարդալ այն, կամ էլ ասելով, որ հարցերը ենթադրյալ իրավիճակների են վերաբերում, կապ չունեն գործի հետ:

Իրավիճակն ավելի պարզ հասկանալու համար պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը փորձագետին խնդրեց իր ձեռքի վրա ցույց տալ, թե ինչ վնասվածքներ են եղել, մուտքը որ վիրավորումը մուտքն ու ելքը որ կողմերից են եղել: Այնուհետև պաշտպանը նշեց, որ փորձագետի ցույց տված մուտքի հատվածում հենց ոսկոր է, և հրազենային վնասվածքի դեպքում անհնար էր, որ ոսկորի ամբողջականությունը խախտված չլիներ:

Փորձագետի պատասխանները պարբերաբար հունից հանում էին նաև ամբատանյալներին: «Աստված չանի, մեկդ մեր տեղը լինեք»,- բորբոքված ասաց Հայկ Կոջոյանը: Իսկ Ռաֆայել Հարոյանը  փորձագետին ուղղված ռեպլիկի համար դատարանի կողմից նախազգուշացվեց: Ի պատասխան Ռաֆայելն ասաց. «Հարգելի դատավոր, նեռվերներս չի հերիքում… երեք տարի անտեղի նստած ենք»:

Պաշտպան Արմեն Ֆերոյանը նույնիսկ կասկածի տակ դրեց Արտաշես Խաչատրյանի փորձագետ լինելու հանգամանքը: Դատարանի պահանջով վերջինս փաստաբանին փոխանցեց իր փորձագետի վկայագիրը:

Հետաքրքիր է, որ դատաբժշակական փորձաքննությունը կատարվել է մեղսագրվող արարքի կատարումից ավելի քան 2 ամիս անց: Դատաբժիշկը հայտնեց, որ վերքը ստանալու վաղեմությունը հստակ որոշել հնարավոր չէ: Իսկ այն հարցին, թե հնարավոր է դեպքից 15 օր անց, երբ Հայկը ոստիկանությունում էր, բժիշկը նրան զննելու ժամանակ չնկատեր այդ վնասվածքը, փորձագետը պատասխանեց. «Դժվար թե»:

Հարցաքննության ավարտից հետո Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը դատարանին միջնորդեց՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել և հանձնարարել պատասխանել հետևյալ հարցերին՝  արդյո՞ք վնասվածքը հրազենային է եղել, թե՝ ոչ, արդյո՞ք հնարավոր է նման վնասվածքի դեպքում ոսկրերը չվնասվեին, նաև հարցել, թե արդյո՞ք այդ վնասվածքը կարող էր այլ առարկայի միջոցով հասցված լինել:

Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը և խնդրեցին նաև, որ փորձաքննությունը հանձնարարվի այլ փորձագետի: Մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ հայտնելով, որ փորձագետը թե իր եզրակացության մեջ, թե դատարանում հարցաքննության ժամանակ հիմնավոր կերպով պատասխանել է բոլոր հարցերին:

Դատարանը այս միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 17-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել