Հայհոյանքներ, քաշքշուկ դատարանի դահլիճում. լարված մթնոլորտում հրապարկվեց դատավճիռը

«Հայբիզնեսբանկ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործով այսօր տեղի ունեցավ վերջին դատական նիստը, որի ժամանակ ամբաստանյալ Վահե Ստեփանյանը իր վերջին խոսքն ասաց՝ խնդրելով մեղմ պատիժ նշանակել, հաշվի առնելով, որ ունի մանկահասակ երեխա, իր խնամքին են նաև ծնողները:  Այս դատական նիստին ամբաստանյալները ներկայացրեցին նաև փաստաթղթեր, որ բանկին հասցված վնասի մասով վճարումներ են կատարել:

Այնուհետև դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, անցավ խորհրդակցական սենյակ և շուրջ մեկ ժամ անց հրապարակեց դատավճիռը: Ի տարբերություն նախորդ նիստերի, դատավճռի հրապարակմանը դատարանում ներկա էր նաև ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը:

Այսպիսով, Տիգրան Հովհաննիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, նրա կինը՝ Էդիտան 5 տարվա ազատազրկման: Սակայն դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա 2 տարի 9 ամիս 17 օր եղել է անազատության մեջ, պատիժ նշանակեց 2 տարի 2 ամիս և 13 օրվա ազատազրկում, կիրառեց նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ անհապաղ ազատ արձակելով նրան դատարանի դահլիճից:

Գոհար Գաբրիելյանի հանդեպ վերջնական պատիժ նշանակվեց 4 տարվա ազատազրկումը և նրա հանդեպ նույնպես կիրառվեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը. պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կնշանակվի 3 տարի փորձաշրջան: Նրա հանդեպ ընտրված խափանման միջոց ստորագրությունը կմնա անփոփոխ՝ մինչը դատավճռի ուժի մեջ մտնելը:

Մնացական Սարգսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Վահե Ստեփանյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, Մառլեն Մուրադյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն նրա հանդեպ կիրառվեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ:

Բանկի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնվեց առանց քննության, այն կքննվի քաղաքացիական կարգով:

Նշենք, որ դատավճռի հրապարակումը ընդհատվեց տհաճ միջադեպով. նիստերի դահլիճում հավաքված մի խումբ տղամարդիկիք հարձակվեց դեպի ամբաստանյալների կողմը, սկսեցին հայհոյանքներ տալ, քաշքոցներ ու անկարգություններ սկսվեցին դահլիճում: Ոստիկանության աշխատակիցներն ու դատական կարգադրիչները ամեն կերպ փորձեցին խաղաղեցնել և նիստերի դահլիճից դուրս բերել կարգը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող և կարգազանց քաղաքացիներին:

Արդեն դատարանի շենքից դուրս գալիս նույն բորբոքված անձիք ագրեսիվ վերաբերմունք դրսևորեցին նաև նիստը լուսաբանած լրագրողների դեմ՝ ջրով լի պլաստիկե շշերը նրանց վրա նետելով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել