Կաշառքի գործը. ըստ դատավորի՝ դատախազն իրեն սպառնացել է

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանի կողմից 1500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու գործով նիստն այսօր` փետրվարի 1-ին նույնպես անցավ թեժ մթնոլորտում: Երկու վկաներ հարցաքննվեցին:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Արմինե Կարապետյանը նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 2014թ.-ին պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով: Վերոնշյալ գործով դատախազը՝ Ավետիս Ափիյանը, ամբաստանյալի՝ Գարիկ Եսայանի հանդեպ որպես պատիժ միջնորդել է նշանակել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, սակայն դատարանը՝ Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ վճռել է 2 տարվա ազատազրկման դատապարտել Եսայանին: Դատավճռի հրապարակումից հետո Ալինա Հովհաննիսյանը գոռացել է. «Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս»:

Վկաներից մեկը` վերոնշյալ գործով փաստաբան հանդես եկած Գրիգոր Քալաշյանը իր ցուցմունքի ընթացքում մեղադրեց քննիչին. «Քննիչն ինձ կանչել ու ասում ա` սրա-նրա վրա գրի, դատավորի վրա գրի, Արմինեի վրա գրի»,- հիշեց նա:

Վկան նաև հավելեց, որ դատավոր Վլադիմիր Գրիգորյանն իրեն կանչել է ու նախազգուշացրել. « Գրիգորյանն ասել է, որ այսօրվա դրությամբ հազար ու մի կեղտոտ մարդիկ կան, կարող են գալ իմ անունից փող ուզեն, առաջարկեն, ոչ մեկի հետ գործ չունենաս, նույնը գնամ ու ասեմ Ալվինային»,- նշեց վկան: Ինչ վերաբերում է սույն գործով կաշառքի մասին խոսակցությանը, ապա վկան ոչինչ չհիշեց:

Հաջորդ վկան ոստիկան Հովհաննես Դավթյանն էր, ով դեպքի օրը եկել էր դատարան` տուժողի որդուն քրեակատարողական հիմնարկ տանելու: Նա գրեթե ոչինչ չհիշեց դեպքից, ուստի հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, դրանից պարզ դարձավ, որ նույն օրը` վճռի հրապարակումից հետո ինքը եղել է դատավորի սենյակում, որտեղ մտել էր դատախազ Ավետիս Ափյանը: Թեև Հովհաննեսն ուշադիր չի եղել` ինչ են խոսում դատավորն ու դատախազը, սակայն քննիչը մեջբերել է դատավորի ցուցմունքը, ըստ որի՝ դատախազը Վլադիմիր Գրիգորյանին ասել է. «Թորգոմիչ արի՛ վճիռդ փոխի, գործով ձայնագրություն կա, ԿԳԲ-ն տեղյակ է»: Հավելենք, որ նշյալ գործով դատախազը միջնորդել էր տուգանք, սակայն դատավորը վճռել է երկու տարով կալանավորել ամբաստանյալին:

Ամբաստանյալը, այսինքն` տուժողի որդին ի վիճակի չէր սույն գործով ցուցմունք տալ` առողջական խնդիրների պատճառով, ուստի դատարանում հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Տուժողի որդին քննիչին պատմել է, թե Վլադիմիր Գրիգորյանի օգնականը իր գործով հանդիպելով մոր հետ, ասել է, որ 1500 դոլար է պետք` հօգուտ իրենց վճիռ կայացնելու համար. «Մայրս նշել է, որ գոնե 1000 դոլարով համաձայնության գան, սակայն Արմինեն ճշտել է դատավորի հետ և հայտնել, որ հնարավոր չէ 1000 դոլարով խնդիրը լուծել: Մայրս ինձ ասաց, թե ինչպես կարող ենք հարցը լուծել, բայց ես ասեցի, որ հնարավոր չէ գումարը տալ»,- նշված էր ցուցմունքում:

Այսօրվա նիստին նաև հրապարակվեցին մյուս վկաների նախաքննական ցուցմունքները, ովքեր չէին ներկայացել դատաքննությանը:

Գ.Թ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել