Արփինե Հովհաննիսյան. «Բնությունից շնորհված կին ու մայր լինելու առաջնային դերը չպետք է հակադրել կնոջ հասարակական դերին»

Պետության մեջ կնոջ դերի մասին iravaban.net-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու,ԵՊՀ-ի դասախոս Արփինե Հովհաննիսյանի հետ:

 

-Գյոթեն ասում էր. «Իրավունքն ուժն է մարդու»: Այս տեսանկյունից ` որքանո˚վ է ուժեղ իր իրավունքները գիտակցող հայ մարդը:

Իրվինգն ասում էր. «Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան հասնելու միջոցը՝ պայքարը»: Այս առումով հայ մարդը միշտ էլ ուժեղ է եղել և ուժեղ է: Նա միշտ պայքարել է իր խաղաղության համար:

 

ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական և տեղական ինքնա­կառա­վար­ման մարմին­նե­րում կանանց ներկայացվածության տոկոսը գտնվում է բավական ցածր մակարդակի վրա: Ո՞րն է դրա պատճառը:

-Կցանկանայի այդ երևույթը դիտարկել ոչ այնքան ստատիկ, որքան դինամիկ վիճակում: Գաղտնիք չէ և ոչ էլ նորություն, որ ավանդաբար հայ կնոջ կերպարը ընկալվել է միայն ու միայն ընտանիքի, օջախի կրակը վառ պահողի դերում և ոչ մի կերպ դրանից դուրս: Ամենահետաքրքրականն այն է, որ այդ ընկալումը, մոտեցումն իր խորն արմատներն է ձգել հայ կնոջ հոգեբանության մեջ, որը ևս իրեն տեսել է միայն մոր և կնոջ դերի մեջ: Ոչ միայն հայ, այլև ցանկացած կնոջ բնությունից շնորհված առաջնային դերը հենց կին ու մայր լինելն է, բայց դա պետք չէ հակադրել կնոջ հասարակական դերին: Ահա այս համատեքստում եմ ուզում դիտարկել հարցը: Աստիճանաբար ինչպես հասարակությունը, այնպես էլ ինքը` հայ կինը` որպես հավաքական կերպար, ավելի ու ավելի է տեսնում իրեն հասարակական-քաղաքական գործընթացներում: Տարեցտարի նկատվում է դինամիկ աճ, օրինակ` երկու տասնյակը գերազանցող կին համայնքի ղեկավարներ, նախարարներ, պատգամավորներ և այլն:

 

-Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասարաչափ ներկայացվածությունն առկա է միայն կառավարման միջին օղակներում: Կանայք ավելի շատ ներկայացված են Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում և տեղական ոչ կառավարական կազմակերպութ­յուն­նե­րում: Կանայք խուսափու՞մ են պետական պաշտոններ զբաղեցնել:

-Չէի ասի, թե կանայք խուսափում են: Պատճառներն ավելի խորն է պետք դիտարկել` ընդհուպ մինչև ազգային հոգեկերտվածքի առանձնահատկություններ: Ինչպես նշեցի վերևում, միշտ հայ կնոջը վերագրվել է կոնկրետ կերպար /դրական կերպար/, որը միևնույն ժամանակ սահմանափակ կերպար է: Խնդրի լուծումը ոչ այնքան կերպարների հակադրության, որքան արդյունավետ համադրության մեջ է: Այժմ գտնվում ենք մի փուլում, երբ հաղթահարվում է այդ մենթալիտետային (մտակեցվածք) կարծրատիպի բացասական նրբերանգը, և կնոջ կերպարը դառնում է առավել ամբողջական:

 

-Սկանդինավյան երեք երկրների խորհրդարաններում կանայք կազմում են 33-ից մինչև 40 տոկոս, որը խորհրդարաններում ներկայացված կանանց ամենաբարձր թիվն է համարվում: Ֆորմալ իրավաբանական տեսանկյունից` ՀՀ-ը վավերացրել է գենդերային ուղղվածության գրեթե բոլոր միջազգային իրավական ակտերը: Ի՞նչն է խանգարում հայ կանանց ակտիվ լինել Ազգայի ժողովում:

-Իրավացի եք. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է այդ ակտերը: Չեմ համաձայնի այն որակմանը, որ դրանք միայն ֆորմալ տեսանկյունից են: Դրանց վավերացումից հետո անընդհատ քայլեր են կատարվում, որոնք ավելի ու ավելի  տեսանելի ու շոշափելի են դառնում ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո: Ինչ վերաբերում է Ազգային ժողովում հայ կանանց ակտիվությանը, ապա կարող եմ ասել, որ չորրորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված բոլոր կին պատգամավորները դրսևորել են ակտիվություն օրինաստեղծ  գործունեության  բոլոր ուղղություններով: Վստահ եմ` գալիք խորհրդարանում ևս կանայք ակտիվ են լինելու:

ՀՀ ընտրական օրենսգրքում նշվում է, որ Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 5 տոկոսը պետք է լինեն կանայք: Կարծես թե մեր կուսակցություններն առաջիկա խորհրդարա­նա­կան ընտրությունների համամասնական ցուցակներում պահպանել են օրենքի այս կետը: Սակայն պահանջի չկատարման դեպքում օրենքով նախատեսված համապա­տաս­խան սանկցիաների կիրառման մասին խոսք չկա:

-ՀՀ ընտրական օրենգրքի 110-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, եթե այդ ցուցակը չի համապատասխանում Ձեր կողմից մատնանշված հոդվածի պահանջներին: Այսինքն, սանկցիան վրա է հասնում ցուցակի չգրանցման տեսքով:

 

– Կանանց և տղամարդկանց համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձա­տրության սկզբունքն արտացոլված է աշխատանքային օրենսգրքում: Ըստ Ձեզ` բավարար չափով ապահովված են այս սկզբունքի պաշտպանական միջոցները:

-Կարծում եմ` այո: Այս նորմը համարում եմ առավել երաշխավորական և ապահովող բնույթի նորմ: Ի դեպ, ՀՀ կողմից վավերացված կոնվենցիաների շրջանակներում:

 

-Կարլ Բյոռնեն ասում էր, եթե բնությունն ունենար այնքան օրենքներ, ինչքան պետությունը, ինքը` Աստվածը, ի վիճակի չէր լինի այն կառավարել: Իսկապե՞ս:

Հետաքրքիր միտք էր…. Կարծում եմ Բյոռնեի նկարագրած իրավիճակն ունի իր պատճառները:  Չմոռանանք, որ Աստված կատարյալ է, իսկ բնությունը` ներդաշնակ: Մինդեռ մարդկային հասարակությունն անկատար է, իսկ պետության մեջ բախվում են այդ նույն մարդկանց ամենատարբեր շահերը…Ուստի` որպես իրավաբան, կարող եմ ասել, որ օրենքների բազմազանությունը և բազմաթվությունը ուղղված է այդ բազմաշերտ հարաբերությունների մաքսիմալ և համակողմանի կարգավորմանը: Այդուամենայնիվ, վստահ եմ` Աստված բոլոր դեպքերում ի վիճակի կլիներ կառավարել աշխարհը:

 

-Որպես դասախոս` ի˚նչ եք կարծում, երբ ասում եմ` այսօր երիտասարդները մեծ մասամբ պրիստիժի համար են ընտրում իրավաբանի մասնագիտությունը:

Իհա’րկե, ճիշտ չեմ համարում: Կարծում եմ` չափազանց սխալ մոտեցում է մասնագիտություն ընտրելու հարցում: Այս առումով հսկայական նշանակություն ունի ընտանիքը, որն այն օրրանն է, որտեղ պետք է կերտվեն մեր պետության` վաղվա օրվա հույսը համարվող քաղաքացու, մասնագետի բարոյական ու հասարակական կերպարները: Հենց ընտանիքում պետք է սերմանվի այն գաղափարը, որ մասնագիտություն ընտրում, այդ ընտրությունն իրագործում և դրանում կայանում են սեփական որոշման հիման վրա` անհրաժեշտության դեպքում անսալով ընտանիքի խորհրդին: Ժամանակն այն օբյեկտիվ գործոնն է, որ տալիս է ցանկացած երևույթի գնահատականը և ցանկացած հարցի պատասխանը: Այդպիսի մոտեցումը ժամանակի ընթացքում մի շարք գործոնների ազդեցության տակ ապացուցում է իր ոչ հեռանկարային, անպտուղ լինելու հանգամանքը: Ակներև է դառնում այդպիսի «մասնագետների» պահանջարկ չունենալու փաստը, և այսօր արդեն այդպիսի անձինք շատ քիչ թիվ են կազմում: Վստահ եմ, որ երևույթն աստիճանաբար կվերանա առաջին հերթին մեր հոգեբանության միջից:

 

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել