Նորություններ

Հայաստանն այն փուլում է, երբ գրվածն այնքան էլ կարևոր չէ, իրավակիրառ պրակտիկան է առաջնային. Գաբրիել Բալայան

Ի՞նչ է օրենսդրական դաշտին ու հանրությանը սպասվում Սահմանադրական հանրաքվեից հետո, գլոբա՞լ փոփոխություններ օրենքներում, օրենսգրքերում ու քաղաքացիների կյանքում: Սահմանադրականագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գաբրիել Բալայանը հարցին պատասխանելու համար չի խորանում մայր օրենքում տրված նոր լուծումների ենթատեքստերի մեջ, ոչ էլ վերլուծում ստեղծված իրավիճակն ու իրավակիրառ դաշտի գործունեությունը, նա պարզապես մի անեկդոտ հիշեց:

Ինչո՞ւ է մեր երկրում ամեն 10 տարին մեկ Սահմանադրություն փոխվում, արդյոք այս փոփոխությունները կապահովեն դատական համակարգի անկախությունը և ամենակարևորը՝ ի՞նչ կստանա շարքային քաղաքացին այս ամենից: Մանրամասները՝ հարցազրույցում:

– Պարոն Բալայան, 1995թ.-ին ընդունեցինք առաջին Սահմանադրությունը, փոխեցինք 2005թ.-ին, վերջին փոփոխությունը 2015թ. է: Հետաքրքիր զուգադիպության. 10 տարին մեկ փոխվում է մայր օրենքը: Որևէ միտում այստեղ տեսնո՞ւմ եք:

– Ես զուգադիպություն չէի ցանկանա որակել այս գործընթացը: 1991թ. անկախության հռչակագիրն է հռչակվել, մինչ առաջին սահմանադրական փոփոխությունը անկախ Հայաստանն, այսպես ասած, դե յուրե ունեցել է սահմանադրություն՝ ՀԽՍՀ սահմանադրությունն է, որի մի շարք դրույթներ մինչև 1995թ. Սահմանադրության ուժի մեջ մտնելը գործել են: Զուգադիպություն ժամկետային առումով չէի համարի: Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանադրության հանրաքվեն անցկացրեց 1995թ.-ին, երբ որ լրացել էր իր առաջին պաշտոնավարման ժամկետը, Ռոբերտ Քոչարյանն, արդեն իսկ, իր պաշտոնավարման ժամկետին 3 տարով լրանալուց առաջ անցկացրեց հանրաքվեն, պետք չէ մոռանալ, որ մի Սահմանադրական հանրաքվե մենք ունեցել ենք նաև 2003թ.-ին, որը չի անցել, թե չեմ սխալվում, հենց «Այո» ձայների պակասի պատճառով, այդ առումով ժամկետային համաչափությունը խախտվում է: Ներկայումս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին լրացել է 3 տարի, առաջարկվեց Սահմանադրական փոփոխություն: Ուստի այս գործընթացը ես ավելի շատ նախագահների պաշտոնավարման ժամկետի հետ կփոխկապակցեմ:

– 2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվեց նոր Սահմանադրությունը, դեկտեմբերի 13-ին արդեն ունեցանք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքներ, ըստ այդ արդյունքների` հանրաքվեի ժամանակ ընտրության իրավունք է ունեցել 2.547.916 ՀՀ քաղաքացի, նրանցից մասնակցել է 50.74% տոկոսը` 1.302.613 ընտրող: ՀՀ նոր Սահմանադրությանը «ԱՅՈ» է ասել ընտրողների 63.37%-ը` 825.521 քաղաքացի, իսկ «ՈՉ» քվեարկողների թիվը կազմել է 421.568 ընտրող` 32.36%: Կարո՞ղ ենք ասել, որ այս սահմանադրությունն ընդունվեց ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ:

– Դժվար հարց եք տալիս, իմ կարծիքով՝ սա որոշակի առումով կորսված հնարավորություն էր: Իրոք տեղի չունեցավ քվեարկությունը այն մակարդակով, ինչը ես ակնկալում էի, ես չէի մտածում, որ մենք իդեալական ընտրություններ էինք ունենալու, սակայն մի շարք ընտրախախտումներ, որոնք ուղղակի աղաղակող էին, մենք շուտվանից չէինք ունեցել: Այսինքն՝ այդ քանակի փաստարկներ, որ ներկայացվում են այսօր` լցոնումներ, անճշտությունների և այլն: Ես ինքս 1 տասնյակի հասնող դեպքերի մասին եմ կարդացել, երբ տեղամասերի արձանագրությունները ընդհանրապես այլ թվեր են, իսկ ԿԸՀ-ի արդյունքներն՝ այլ: Այս առումով, ինձ թվում է՝ քրեական գործերի քանակը շատ ավելին կարող էր լինել, քան հիմա ունենք, միգուցե դրանք կավելանան:

– 2005թ.-ի հանրաքվեն վերաբերում էր կառավարման կարգին և իշխանությունների բաժանմանը: 2005թ.-ի Սահմանադրությամբ նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերը բարձրացվեց: Ի՞նչ է տալիս 2015թ.-ի փոփոխությունը:

– Սահմանադրությամբ ամրագրված է, թե որ գլուխը և դրույթը երբ է մտնելու ուժի մեջ: Կարող եմ ասել, որ մինչև 2017թ.-ը որևիցե էական փոփոխություն պետք չէ ակնկալել՝ ոչ կառավարման մոդելի, ոչ էլ այլ տեսանկյունից: Նշեմ, որ սրանով որևէ լուրջ փոփոխություն պետք չէ ակնկալել, քանի որ դերակատարները նույնն են լինելու:

– Սահմանադրության փոփոխությունից հետո մենք կանգնած ենք մի կարևոր մարտահրավերի առջև՝ պետք է փոխվեն ու մայր օրենքին համապատասխանեցվեն տասնյակ օրենսգրքեր ու օրենքներ:

– Իրավակիրառ պրակտիկան ընդհանրապես այլ բանի մասին է խոսում: Այսպես՝ 2005թ. ընդունված Սահմանադրության փոփոխություններում ասվում էր, որ ԱԺ-ն երկու տարվա ընթացքում օրենքները պարտավոր է համապատասխանեցնել Սահմանադրությանը: Դա տեղի չունեցավ, ընդամենը մեկ օրինակ բերեմ՝ կապված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1-7 հոդվածների հետ, որոնցից առաջինը սկսվում էր հետևյալ կերպ՝ «Սույն օրենսգրքի նպատակն էր պահպանել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ունեցվածքը»: Սա Սահմանադրության փոփոխությունից առնվազն 5-7 տարի գործողության մեջ էր: Այսինքն՝ աղաղակող դրույթներն անգամ չփոխվեցին: Արդեն ընդունված սահմանադրությամբ՝ ողջամիտ ժամկետում պետք է ԱԺ-ն համապատասխանեցնի օրենքները, այսինքն՝ մինչ այս ժամկետ եղել է ու չի կատարվել այդ նույն կատարողներ կողմից, իսկ ներկայումս, երբ ժամկետ չի սահմանվել, ակնկալել, որ առավել արդյունավետ կգործեն, մի քիչ միամտություն կլինի:

– Սահմանադրական փոփոխությունների ջատագովները վստահեցնում են, որ այս բարեփոխումներով կբարձրանա դատական իշխանության անկախությունը: Ի՞նչ երաշխիքներ կան նոր սահմանադրությունում:

– Նոր սահմանադրությամբ արդարադատության խորհուրդը փոխվում է Բարձրագույն դատական խորհրդի: Կարծում եմ, որ այս մարմնի ձևավորումն ի սկզբանե սխալ է տրված: Իմ առաջարկն էր, որ խորհրդում ներգրավվեն փաստաբանների և մարդու իրավունքների պաշտպանին, ցավոք դա տեղի չունեցավ: Սա այն սկզբունքային դրույթներից էր, որի հետ ես համաձայն չէի, չեմ գտնում, որ դրանով երաշխավորվելու է դատական իշխանության անկախությունը: Փաստաբաններն ու մարդու իրավունքների պաշտպանն ամեն օր շփվում են դատական պրոցեսների հետ, ուստի նրանց ներգրավվածությունն այս մարմնում անհրաժեշտ էր: Սա կարելի էր դիտարկել նաև որպես քաղաքացիական հասարակության կայացման փուլ:

– Մինչ սահմանադրական բարեփոխումները մենք նկատում էինք անտարբերություն քաղաքացիների կողմից: Ի վերջո, այս փոփոխության մասին խոսվում էր միայն քաղաքական ենթատեքստով՝ իշխանության վերարտադրություն և այլն: Մի կողմն դնենք այս քննարկումները, փորձենք հարցը դիտարկել շարքային քաղաքացիների շահերի տեսանկյունից՝ ի՞նչ է սա մեզ տալիս հետևյալ ուղղություններում՝ սոցիալական ապահովություն, առողջապահություն, իրավունքների իրականացում, օրինակ՝ ազատ հավաքի իրավունք, սեփականության իրավունքի պաշտպանություն:

– Ես չեմ ուզում այս ամենի վրա շատ կենտրոնանալ, պարզապես մի անեկդոտ կպատմեմ՝ մի անձ գնում է ռեստորան և մենյու է ուզում, բերում են, մատուցողին պատվիրում է որևէ ուտեստ, մատուցողն ասում է, որ չունեն նման ուտեստ, ապա այլ բան է պատվիրում, կրկին ստանում է բացասական պատասխան, նորից պատվեր է կատարում՝ նույն պատասխանն է ստանում, ու այսպես մի քանի փորձից հետո, անձը զայրացած հարցնում է մատուցողին. «Ես չեմ հասկանում՝ սա սահմանադրությո՞ւն է, թե՝ մենյու»: Հասկանո՞ւմ եք՝ եթե Սահմանադրության դրույթները իրավակիրառ պրակտիկայում չեն օգտագործվում, ապա ի՞նչ կապ ունի այն հանգամանքը, թե դրանք ի՞նչ ձևակերպումներ ունեն:

– Այսինքն՝ դուք վստահ եք, որ չեն գործում:

– Իհարկե, ոչ ամբողջությամբ, սակայն մեծամասամբ չեն գործել: Սա ինձ համար միանշանակ է: Այս մասին խոսում է նախագահը, նման կարծիքի էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, իշխանությունն ինքն է ընդունել, որ դրանք չեն գործել: Այս պարագայում՝ ի՞նչ տարբերություն, թե ինչպիսի նոր ձևակերպումներ են տվել: Շատ երկրներում չկա սահմանադրություն, սակայն մարդկանց իրավունքները պաշտպանված են: Այսինքն՝ ներկայումս Հայաստանն այն փուլում է, երբ գրվածն այնքան էլ կարևոր չէ, իրավակիրառ պրակտիկան է առաջնային:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել