«1500 դոլար փող ուզեցիք, չտվեցի». աղաղակում էր տուժողը դատարանում

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեք ժամ բոլոր կողմերը, այդ թվում՝ դատավորը Արտուշ Գաբրիելյանը, փորձում էին մեկ հարցի պատասխանը գտնել՝ ինչու կաշառքի գործով տուժող Ալինա Հովհաննիսյանն ու իր ընկերուհիները սկզբում ցուցմունք են տվել և հայտարարել՝ կաշառք որևէ մեկը չի ուզել, իսկ որոշ ժամանակ անձ միահամուռ հայտարարել են, որ իրենցից գումար են պահանջել:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանին, այն բանի համար, որ նա նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով:

Հարցաքննվում էր տուժող Ալինա Հովհաննիսյանի ընկերուհի Նոնա Բարսեղյանը: «Առաջին ցուցմունքով Ա. Կարապետյանի վերաբերյալ մեղադրական ոչինչ չի եղել, իսկ այնուհետև միաբերան սկսում եք նման ցուցմունքներ տալ, ի՞նչ փոխվեց»,- այս հարցը դատարանում հնչեց մի քանի տասնյակ անգամ՝ տարբեր շարադրումներով, դատավորն անցավ, իր խոսքով, ժողովրդական լեզվով բացատրելուն, սակայն հասկանալով, որ որևէ պատասխան վկան չի տալիս, ասաց. «Հիմա ի՞նչ անենք, այսպես նստենք իրար երես նայենք»:

Այնուհետև վկային հարցեր ուղղեց ամբաստանյալը, վկան նոր հանգամանքներ ի հայտ բերեց, նրա խոսքերով՝ Ալինան իրեն փոխանցել է, թե 5000 ԱՄՆ դոլարի չափով գումար են ուզում վերջինիս որդու նկատմամբ միայն տուգանքով դատավճիռ կայացնելու համար. «Ասացին, որ Արայիկ անունով մարդ է եղել, 5000 դոլար են ուզում՝ կեսը դատավորինն է, կեսը՝ դատախազությանը, Ալինան ասաց, որ նման գումար չունի»,- հիշեց վկան:

Արմինե Կարապետյանը նաև հետաքրքրվեց, թե Ալինա Հովհաննիսյանը գումար վերցրե՞լ է վկայից, թե՝ ոչ, Նոնա Բարսեղյանը բացասական պատասխան տվեց, դատավորը արձագանքեց, որ նախորդ նիստին այլ բան էր ասում. «Մի տեսակ եք այսօր, սրանից հետո շարբաթ կխմես»,- վկային դիմեց պարոն Գաբրիելյանը:

Հարցաքննությունից հետո հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում վիճաբանություն ծագեց տուժողի և ամբաստանյալի միջև. «1500 դոլար փող ուզեցիք, չտվեցի, դատավորը խնդրում էր»,- աղաղակում էր Ալինա Հովհաննիսյանը (մանրամասները՝ տեսանյութով):

Աղմուկն այնքան բարձր էր, որ դատարան մտավ դատավորն՝ առանց պատմուճանի. «Սա հո փողոց չի: Դատարանը սուրբ տեղ է: Չեք թողնում մարդ մի հատ ծխի»,- զայրացած ասաց նա՝ բոլորին դուրս հրավիրելով նիստերի դահլիճից:

Երբ նիստը սկսվեց, կրկին նույն հարցն էր քննարկվում՝ ի՞նչ եղավ, որ տուժողն ու նրա ընկերուհիները ավելի ուշ փոխեցին իրենց ցուցմունքը:

Վկան կրկին չկարողացավ հստակ պատասխանել, միայն ասաց, որ դատավորը ամբաստանյալի միջոցով գումար էր Ալինայից պահանջել:

Գ.Թ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել