Նորություններ

Նախագահ Ալիևին պետք է արգելել մուտք գործել ԵՄ տարածք, ինչպես արվեց Լուկաշենկոյի դեպքում. Վիկտոր Ենգիբարյան

Վիկտոր Ենգիբարյանը Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահն է 2005 թվականից: Մասնագիտությամբ սոցիոլոգ և միջազգայնագետ է, աշխատում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունում՝ իբրև միջազգային կապերի խորհրդատու:


Հայաստանի Եվրոպական Շարժումն այսօր տարածեց հայտարարություն, որտեղ հստակ կոչեր կան ուղղված ԵՄին, ԵԽին և Միջազգային Եվրոպական Շարժմանը: Պարոն Ենգիբարյան, Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ կապված ինչպիսի՞ պատասխանը ԵՄի կողմից կգնահատեիք ադեկվատ:

-Եվրոպական Միությունը պետք է սառեցնի համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ստիպելով այդ պետությանը բանտարկել մարդասպանին: Ադրբեջանի նախագահը, ներում շնորհելով և հերոսացնելով այդ մարդասպանությունը, փաստորեն, խթանում է այդ երևույթը, հետևաբար` նախագահ Ալիևին պետք է արգելել մուտք գործել ԵՄ տարածք, ինչպես արվեց Լուկաշենկոյի դեպքում: Ադրբեջանում պետք է դադարեցվեն նաև ԵՄ բոլոր ծրագրերը և գրասենյակները:

Եվրոպական Խորհուրդը, մյուս կողմից, պետք է լրջորեն քննարկի Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին և ճնշումներ գործադրի այդ պետության իշխանությունների նկատմամբ:

Մենք՝ իբրև քաղաքացիական հասարակություն, պարտավոր ենք այս հարցը բարձրացնել Եվրոպական քաղաքական և հասարակական հարթակներում:

Միջազգային Եվրոպական Շարժմանն անդամակցում են 40 միջազգային կազմակերպություններ, այդ թվում եվրոպական առևտրային, կրթական, երիտասարդական կազմակերպություններ: Անդամակցում է նաև ԵԺԿ-ն, որը եվրոպայի իշխող քաղաքական ուժն է: Հետևաբար, մենք կարծում ենք, որ մեր հայտարարությունը բավականին կարևոր սեղանների վրա կհայտնվի:


Հայտարարությունում Դուք նշել եք, որ չեք մասնակցի Ադրբեջանում կայանալիք միջոցառմանը, ի՞նչ միջոցառման մասին է խոսքը:

-Մենք մեր ադրբեջանցի, վրացի և միջազգային գործընկերների հետ պայմանավորվել էին խթանել ազգերի միջև համերաշխությունը տարածաշրջանում: Մենք հստակ գիտակցում ենք, որ կոնֆլիկտից ոչ ոք օգուտ չի քաղում, մենք ցանկանում էինք քարոզել խաղաղության և համերաշխության կարևորությունը: Սակայն, այս դեպքից հետո, մենք սառեցրեցինք մեր այցը Բաքու, քանի որ ես չեմ պատրաստվում պատվիրակություն գործուղել մի քաղաք,  որտեղ հերոսի կեցվածքով շրջում է միջազգային մակարդակի մարդասպան: Եթե Ադրբեջանի Եվրոպական Շարժումը իր հետագա քայլերով դատապարտի և զորակցի մեզ, մենք միգուցե մտածենք մեր որոշումը փոխելու մասին:


Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել հիմա:

-ՀՀ Նախագահն իր ելույթում բավականին հստակ հանձնարարություններ տվեց, և ես համամիտ եմ այդ մտքերի, աջակցում ենք նաև Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզելու փաստը:

Չմոռանանք, որ Հունգարիայի հայ համայնքը բավականին հզոր է և, լինելով պաշտոնապես գրանցված փոքրամասնություն, ներկայացված է կառավարման բազմաթիվ օղակներում: Իսկ հունգարական կառավարությունը բնավ եվրոպ ամենասիրելիներից չէ: Հետևաբար, անհրաժեշտ է ճնշումներ գործադրել Հունգարիայի վրա և պահանջել վերջինիս կառավարության հրաժարականը: Հայ համայնքը պետք է այստեղ գործուն դեր ունենա ողջ աշխարհում:

Սակայն մենք չպետք է մոռանանք, որ հունգարացիները մեր բարեկամ ժողովուրդն են, իսկ մեր կապերը դարերի համերաշխության պատմություն ունեն, կարծում եմ մեզ պատիվ չի բերում դրոշներ այրելը, դա մերը չէ: Քայլերը պետք է լինեն խելամիտ, կշռադատված և հասկանալի համաշխարհային հանրության համար:

Նունե Հովսեփյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել