Դատախազը փորձում է պարտակել հանցագործությունը. բանդայի գործով ամբաստանյալներն ու պաշտպանները վրդովված էին

Բանդայի կազմում զինված հարձակումներ, առանձնապես խոշոր չափերի  հափշտակություններ և սպանություն կատարելու գործով այսօրվա դատական նիստը բավական բուռն ու կոնֆլիկտային էր. պաշտպանները վրդովված էին մեղադրողի գործողություններից:

Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի,  հայտնեց, որ այսօր պետք է քննարկվի նախորդ նիստերից մեկի ժամանակ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի՝ ամբաստանյալ Գոհար Գասպարյանի ցուցմունքների վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը, որի վերաբերյալ մեղադրողը դիրքորոշում չէր հայտնել: Բանն այն է, որ դատարանում Գոհար Գասպարյանը հրաժարվել էր նախաքննության ժամանակ տրված իր ցուցմունքներից՝ հայտնելով, թե նախաքննական մարմինն իր հանդեպ հոգեբանական ճնշում գործադրելով է կորզել այդ ցուցմունքները:

Սակայն մինչ դատարանը կփորձեր ամբաստանյալին ու մեղադրողին հարց ուղղել, ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը դատարանից ներողություն խնդրեց և ասաց, թե մինչ այդ միջնորդության քննարկմանն անցնելուն դատարանը պարտավոր է շատ ավելի կարևոր հարց քննել: Մասնավորապես, մի քանի նիստ առաջ ամբաստանյալ Կարեն Վարդանյանը հանցագործության վերաբերյալ նոր հանգամաների և դրան մասնակից եղած նոր անձի անուն է տվել: Եվ այս դեպքում մեղադրողը պարտավոր է որոշակի գործողություններ անել՝  վերջինիս ցուցմունքի ճշմարտացիությունը պարզելու, տվյալ անձի ինքնությունը պարզելու վերաբերյալ:

Պաշտպանի խոսքին զուգահեռ վրդոված ռեպլիկներ էր անում նաև ամբաստանյալ Կոջոյանը, ում դատարանը նկատողություն արեց: Ի պատասխան դրա, փաստաբան Ա. Ֆերոյանը դատարանին ասաց, թե ինքը հորդորում է Հայկին զուսպ լինել, սակայն արդեն երկու տարի նա ապօրինի ազատազրկված է, և դատախազի անգործությունը  վրդովվեցնում է նրան:

Կարեն Վարդանյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը նույնպես համաձայն էր գործընկերոջ հետ, որ պետք է նախ այդ հարցը քննել, քանի որ շուրջ երեք ամիս առաջ է իր պաշտպանյալը ցուցմունք տվել, սակայն մինչ օրս որևէ տեղեկություն հայտնի չէ, թե արդյո՞ք դատախազը համապատասխան քայլեր է ձեռնարկել՝ Վարդանյանի մատնանշած անձին հայտանաբերելու կամ այլ համապատասխան գործողությունների ուղղությամբ:

Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նույնպես համամիտ էր գործընկերների հետ. «Քանի որ իմ այդ միջնորդությունը մի քանի ամիս առաջ է արվել, կարծում եմ, որ մի քանի ամիս էլ դեռ կարող է սպասել»: Ինչ վերաբերում է դատախազի գործողություններին, նա նշեց, որ Կարենն իր ցուցմունքում հայտնել էր, որ հանցագործության մեղսակից Ջունգը «Արթիկ» ՔԿՀ-ում է գտնվում, իսկ այս գործով դատախազը Շիրակի մարզում է աշխատել և իրենից ընդամենը 5 րոպե կպահանջվեր այդ անձի ինքնությունը պարզելու համար:  «Մենք ուզում ենք իմանալ՝ արդյո՞ք դատախազը պատրաստվում է համապատասխան գործողություններ կատարել, եթե՝ ոչ, ապա նա պարտակում է հանցագործությունը»,- ասաց Լ. Սիմոնյանը:

Ի պատասխան պաշտպանների հարցին, մեղադրողը հայտնեց, թե որոշակի գործողություններ նախաձեռնել է, սակայն այդ պահին որևէ տվյալ հայտնել չի կարող:

Պաշտպանները դատարանից ժամանակ խնդրեցին՝ դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար: Մեկժամյա ընդմիջումից հետո բացարակի միջնորդությունը ներկայացվեց, որը, սակայն դատարանի կողմից մերժվեց:

Ի դեպ, ինչպես Իրավաբան.net-ին հայտնեց Լիպարիտ Սիմոնյանը, դատարանի կարգադրությունները չկատարելու համար սանկցիա է կիրառվել ամբաստնյալներ Ռաֆայել Հարոյանի և Հայկ Կոջոյանի հանդեպ. նրանք դատական նիստերի դահլիճից հեռացվել են 10 ժամով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել