Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մենք գործ ունենք բացառապես կազմակերպված խմբի հետ». մեղադրողի ճառը պետբյուջեից 115 մլն ՀՀ դրամ հափշտակելու գործով

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող դատախազ Հակոբ Մելքոնյանի ճառը Դատական դեպարտամենտի ղեկավարի և հիմնարկի 12 աշխատակիցների գործով անցավ շիկացած մթնոլորտում:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այս տարվա հուլիսի 18-ին կայացրեց սույն գործով դատավճիռը: Ամբաստանյալները մեղադրվում էին հանցավոր խումբ ստեղծելու և պետությունից 115 մլն դրամի չափով հափշտակություն կատարելու մեջ:

Հակոբ Մելքոնյանը վերաքննիչ բողոք էր բերել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի վերաբերյալ: Նախ նա իր ճառում խոսեց կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մասին, ըստ մեղադրողի՝ երբ հանցակիցները ունենում են որոշակի նպատակ ու գործում եմ համատեղ, ապա այս հանգամանքը վկայում է նմանաբնույթ խմբի առկայության մասին, ինչպես նշյալ գործով. «Մենք գործ ունենք բացառապես կազմակերպված խմբի գործունեության և անդամների հետ: Ընդ որում՝ ամենևին էլ պարտադիր չէ, որ բոլորը մասին իրար ճանաչեն, իրար հետ փոխգործակցեն, կարևորը, որ նրանք ունեն միասնական նպատակ: Բավարար է, որ հանցակիցը գիտակցի իր կողմից կոնկրետ գործողության իրականացումը»,- նշեց դատախազը:

Մեղադրողի ճառի համաձայն՝ այս խումբը ստեղծել ու ղեկավարել է Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, նրա խոսքերով՝ պաշտպանական կողմն օրենքը ճիշտ չի վերլուծել, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ հանցագործությունը կատարվում է ակտիվ գործունեությամբ և անգործությամբ: Ըստ նրա՝ լինելով պրոֆեսիոնալ իրավաբաններ Միսակ Մարտիրոսյանի պաշտպանները չեն ցանկացել գրականություն ուսումնասիրել ու հասկանալ, որ նման կատեգորիաներ նույնպես առկա են: Այս խոսքերը վրդովմունքի առիթ հանդիսացան, մասնավորապես Միսակ Մարտիրոսյանը խնդրեց նկատողություն անել մեղադրողին, իսկ նրա պաշտպանը՝ Վարդան Զուռնաչյանը ասաց, որ դատախազի խոսքերում հեգնանք կա, իրավիճակը հանգուցալուծվեց դատավորներից Վազգեն Ռշտունու միջամտությամբ (մանրամասն՝ տեսանյութում):

Նիստից հետո փաստաբան Զուռնաչյանն Իրավաբան.net-ին ասաց. «Մեղադրողը փաստեր էր խեղաթյուրում, մենք ոչ թե ասում էինք այս ձևով հանցագործություն չի կատարվում, այլ նշում էինք, որ դրա ապացույցները չկան գործում, այս սա էր իրավիճակը, որ մեղադրողը փորձեց խեղաթյուրել»:

Իր ճառի վերջում դատախազը խնդրեց, մասնակիորեն բեկանելով առաջի ատյանի դատարանի կողմից կայացրած դատավճիռը, Միսակ Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 311-րդ հոդվածի առաջին մասով, խստացնել նաև Գեղամ Գրիգորյանի պատիժը, անթույլատրելի ճանաչել 7 ամբաստանյալների նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժների պայմանականորեն չկիրառումը, իսկ կաշառքի դրվագով գործում ներգրավված ամբաստանյալ Անգին Ղուկասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան երկու տարի ժամկետով:

Մեղադրողի ճառից հետո դատարանը հետաքրքրվեց, թե արդյոք Անգին Ղուկասյանը ցանկանո՞ւմ է ճառով հանդես գալ, վերջինիս փաստաբանը՝ Արմեն Ֆերոյանն ասաց, որ ամբաստանյալը հուզված է, նա խնդրեց հնարավորություն տալ վերջում ելույթ ունենալ:

Մյուս ամբաստանյալները միաձայն հայտարարեցին, որ իրենք կայուն հանցավոր խմբի մեջ ներգրավված չեն եղել, դեռ ավելին՝ պնդեցին, թե նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ նման խումբ է ձևավորված:

Անգին Ղուկասյանը բավականին հուզված էր, նա դժվարությամբ սկսեց իր ճառն ու այդպես էլ չավարտեց. «Իմ կողմից տրված ցուցմունքը դիտվել է արժանահավատ, բացի մի հատվածից, որը վերաբերում է նախնական համաձայնության, որի մասին ես խոսել եմ որպես կասկածյալ…»,- արտասուքի պատճառով նա ի վիճակի չեղավ շարունակել, խնդրեց հաջորդ նիստին ճառով հանդես գալ:

Գ.Թ.

Կարդացեք նաև՝

Պետբյուջեից 115 մլն ՀՀ դրամ հափշտակելու գործն ավարտվեց. ամբաստանյալների հարազատներն արտասվում էին դատավճռից հետո

Իրավաբան.net

 

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել