Նորություններ

«Շատ հեշտ է օրենք գրելը, առավել դժվար` այն կիրառելը». Լևոն Ավետիսյան

Հունիսի 16-ից Վանաձոր քաղաքում և Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկեց Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիրը: Պիլոտների կատարած աշխատանքի և արդյունավետության, ինչպես նաև այս փուլում պրոբացիոն ծառայության խնդիրների ու արդյունքների մասին Իրավաբան.net-ը զրուցել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ  Լևոն Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, արդյո՞ք շարքային քաղաքացին լիարժեք ծանոթ է այս համակարգին:

Իհարկե ծանոթ չէ, քանի որ դեռևս պրոբացիոն ծառայությունը չի գործում, այլ ուղղակի պիլոտային ծրագիր ենք իրականացնում: Քաղաքացիները՝ անգամ ոստիկանական ստորաբաժանումների ծառայողներից շատերը, դեռևս հստակ իրազեկված չեն համակարգին, որովհետև ամեն ինչ ընթացքի փուլում է: Կան բազում խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է հարկավոր, այս ամենի ավարտից հետո բոլորը մանրամասն կտեղեկացվեն ծառայության գործունեության վերաբերյալ: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի լիովին տեղյակ կլինի, թե ինչ ասել է պրոբացիոն ծառայություն:

– Հանրությունը սովոր է դատապարտյալին տեսնել ճաղերից այն կողմ. մտավախություն չկա՞, որ պրոբացիոն ծառայությունը բացասական արձագանք կունենա հանրության շրջանում:

-Չէի ասի թե մտավախություն կա, քանի որ արդեն 10 տարուց ավելի է, ինչ գործում է Այլընտրանքային պատժամիջոցների կատարման բաժինը և հանրությունը տեղյակ է, որ գոյություն ունի նման բաժին Հայաստանում, ուղղակի նրանք պետք է գիտակցեն՝ պրոբացիոն ծառայությունը լինելու է այս ամենի տրամաբանական շարունակությունը: Հանրությանը թվում է, որ պրոբացիոն ծառայության մուտք գործումից հետո միանգամից բացվելու են կալանավայրերի դռները և բոլորին տնային կալանքի ենթարկեն, բայց ես նորից եմ կրկնում, որ չկա նման բան, առկա են չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնել: Շատ բաներ չեն փոխվելու, ուղղակի ավելանալու է սոցիալական աշխատողի և հոգեբանի ինստիտուտը, նաև այն բոլոր միջոցառումները, որ իրականացնում է պրոբացիոն ծառայությունը վերականգնողական արդարադատություն ունենալու համար: Հոգեբանը ուսումնասիրել է դատապարտյալների անձնական գործերը և բաժանել 2 խմբի. առաջինը կազմակերպելու է թրեյնինգ՝ դատապարտված անձանց հետ ծնողավարության հմտությունների վերաբերյալ, երկրորդը՝ անձնային աճի զարգացման գործով է զբաղվելու, այսինքն՝ ովքեր ամուսնացած են՝ նրանց հետ ծնողական հմտություններով կզբաղվեն,, իսկ մնացածն էլ, եթե իհարկե ցանկություն ունեն, կմասնակցեն անձնային աճի զարգացման գործով թրեյնինգների:

– Հունիսի 17-ից պրոբացիոն ծառայության մեկնարկը տրվեց, այս ծառայությունը արդեն 3 ամիս է, ինչ փորձարկվում է Վանաձորում և Շենգավիթ վարչական շրջանում: Ի՞նչ արդյունքներ եք արձանագրվել այս ընթացքում:

-Այլընտրանքային պատիժների կատարման տարածքային ստորաբաժանումը, բացի այն գործառույթներից, որոնք իրականացնում է, պետք է կատարի 12 կետից բաղկացած պրոբացիոն լայնամասշտաբ գործառույթներ, որից հետո մենք կհասկանամք՝ արդյո՞ք պիլոտի ավարտից հետո կատարել այդ գործառույթները, թե՝ ոչ: Այս ծրագրում ամենակարևորն այն է, որ ոչ թե պետք է ստեղծենք պրոբացիոն ծառայություն, այլ հասկանանք՝ որտեղ են խնդիրները և խոչընդոտները, որպեսզի լուծում տանք դրանց:

Նախ սկզբից սկսեցինք համագործակցությունը Հայ առաքելական եկեղեցու հետ, ունեցանք հանդիպումներ նաև տարբեր գերատեսչությունների  ներկայացուցիչների հետ` առողջապահության, ապա մշակույթի նախարարության, զբաղվածության պետական ծառայության հետ, հանդիպումների ժամանակ դատապարտյալները տեղեկացան, թե ինչպիսի ծրագրեր կան, որտեղ կարող են տեղավորվել աշխատանքի, քանի որ ամենակարևոր բանը զբաղվածությամբ ապահովելն է: Հետագայում սպասվում են համագործակցություններ սպորտի և երիտասարդության նախարարության հետ:

-Ի՞նչ նախապատրաստական միջոցներ են ձեռնարկվել: Արդյո՞ք ծառայողները հատուկ պատրաստություն անցել են:

– Այս ծառայության համար 20 աշխատակից վերապետրաստվել է, անընդմեջ անցկացնում ենք մեկ կամ երկօրյա սեմինարներ, ունեք նաև Եվրոպայի խորհրդի կողմից հրավիրյալներ և փորձագետներ, ովքեր իրենք են անցկացնում սեմինարներ և տանում աշխատանքեր: Ժամանակի ընթացքում վերապատրաստում անցած աշխատողների թիվը կավելանա, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի բարելավմանը:

-Ձեր աշխատանքին չի՞ խանգարում այն հանգամանքը, որ դեռևս ընդունված չէ Պրոբացիայի մասին օրենքը, սակայն, պիլոտներն արդեն ընթանում են:

-Իրականում շատ դժվար է, քանի որ շատ բաներ կան, որ կցանկանայի իրագործել, սակայն, հնարավոր չեն, քանի որ որոշ իրավական ակտեր խանգարում են կամ բացակայում: Ընդհանրապես, շատ հեշտ է օրենք գրելը, առավել դժվար` այն կիրառելը, բայց հույս ունեմ, որ 2016թ-ին օրենքը կընդունվի և կփորձենք  ամբողջ ուժով ծառայությունը մատուցել:

-Պարոն Ավետիսյան, բացի Պրոբացիայի մասին օրենքի բացակայությունից, էլ ի՞նչ  խնդիրներ են առկա այս փուլում:

-Խնդիրները շատ են, որովհետև այսօր շատ բացեր կան, ամենակարևորը` ունենք մասնագետների պակաս: Մասնագետների վերապատրաստման հարցն է, խնդիր ունենք որակյալ մասնագետների հարցում` գիտակ սոցիալական աշխատողներ, լավ հոգեբաններ, ովքեր կկարողանան աշխատել դատապարտված անձանց հետ. դա հեշտ աշխատանք չէ Եթե կիրառելու ենք էլեկտրոնային մոնիթորինգներ, պետք է ունենանք ճիշտ սարքավորումներ, որոնք արդեն կապված են մեծ ֆինանսների հետ: Ցավոք սրտի մեր պետությունը հիմա այն ֆինանսական հզորությունը չունի, որ կարողանա հենց վաղը գումար ներդնել և խնդիր չառաջանա, բայց հույս եմ հայտնում , որ բոլոր խնդիրները հաղթահարելու ենք:

Ռոզա Վարդանյան

Կարդացեք նաև՝

«Պատիժը հավասար չէ ազատազրկման». պրոբացիոն ծառայությունը կոտրում է արմատացած կարծրատիպը

Պրոբացիոն ծառայության պիլոտային մեկնարկը տրվեց

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել