Նորություններ

Հասարակությունը գոհ չէ կոռուպցիայի դեմ պայքարից

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին iravaban.net-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) փորձագետ Աննա Մարգարյանի հետ:

-Որո˚նք են կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված միջազգային իրավական ակտերը:

Միջազգային բազմաթիվ կոնվենցիաներում, պայմանագրերում կարող եք տեսնել նորմեր, որոնք առնչվում են կոռուպցիային: Բայց բուն ուղղվածություն ունեցող` զուտ կոռուպիային վերաբերող, ՄԱԿ-ի կոնվենցիան է «Կոռուպցիայի դեմ պայքարի» մասին:

Եվրոմիության շրջանակներում` «Կոռուպցիայի  դեմ պայքարի քրեական իրավունքի մասին կոնվենցիան», «Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքացիական իրավունքի մասին», նաև «Փողերի լվացման դեմ» պայքարի իրականացման կոնվենցիան:

 

-Ինչքանո˚վ են միջազգային իրավական ակտերն օգնում մեր իրավական ակտերն ավելի լավը դարձնել:

Բնականաբար, միջազգային կոնվենցիաներն իրենց արտացոլումը գտնում են մեր օրենսդրության մեջ:  Դրանք նպաստում են մեր օրենքների բարելավմանը: Այլ խնդիր է, որ իրավակիրառ գործունեության ընթացքում լիարժեք չեն ընկալվում նորմի փաստացի ի կատար ածման գործընթացը, ինչպես նաև, իրավաստեղծ գործընթացում տեղի են ունենում բացթողումներ, թերություններ: Մասնավորապես` նորմը լիարժեք չի արտացոլվում օրենսդրության  մեջ: Փոխվում են տերմիններ, բառեր, և միջազգային կոնվենցիայում բառի արտահայտած իմաստը արժեզրկվում է:

-Հայաստանը որքանո˚վ է կատարում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները:

Ոչ մի պետություն այսօր չի կարող ասել, որ իր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարել է: Հայաստանն էլ բացառություն չէ: Քայլեր, բնականաբար, կատարվում են: Այս տեսանկյունից կարող եմ նշել «Քրեական օրենսգրքի» կատարելագործման գործընթացք, որ անընդհատ փոփոխություններ են կատարվում: Օրենսդրությունը, միջազգային չափանիշներին բերելու առումով, համապատաս­խա­նությունն առկա է: Քայլերը մի քիչ ավելի դանդաղ են կոռուպցիայի կանխարգելման` պայքարի իրական արդյունքներ տեսնելու առումով:

 

– «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում ապօրինի հարստացման մասին խոսք չկա: Ի˚նչ կտար մեզ այդ նորմի սահմանումը:

Հայաստանի Հանրապետությունը վերապահում ունի «Կոռուպցիայի  դեմ պայքարի քրեական իրավունքի մասին կոնվենցիային»: Մեր պետությունը նման պարտականություն չի ստանձնել` քրեական պատասխանատվություն սահմանել ապօրինի հարստացման համար: Ժամանակի խնդիր է դրա սահմանումը: Սա միայն Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ, քանի որ կան բազմաթիվ երկրներ, որոնք դեռ պատրաստ չեն քրեական պատասխանատվության սահմանմանը: Բացի այդ, միայն սահմանումը չէ կարևոր: Կա նաև կիրառման ընթացակարգ: Ի˚նչ իմաստ ունի սահմանել նորմ, եթե դեռևս չեն պատկերացնում` ի˚նչ մեխանիզմով պետք է իրականացվի դրա դեմ պայքարը:

 

-Որպես  իրավաբան-փորձագետ` Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում ի˚նչ հաջողությունների է հասել:

Որ քայլեր են կատարվում պետական մարմինների գործունեության թափանցիկությունը ապահովվելու նպատակով, գովելի է: Այլ խնդիր է` ինչքանո˚վ է բնակչությունը գոհ կատարված փոփոխություներից, որքանո˚վ է արդյունավետ գնահատում դրանք: Մի բան է կատարված փոփոխությունը, լրիվ այլ` կատարված փոփոխության գնահատականը: Եթե խոսում ենք հասարակության անդամի տեսանկյունից, հասարակության անդամը դեռ գոհունակություն հայտնել չի կարող: Բայց որ քայլեր արվում են, դրական տեղաշարժեր կան, անհերքելի է: Պարզապես հաշվի առեք, թե քանի տարվա կտրվածքով:

-Դիտարկենք անկախացումից հետո:

Պետական շատ պաշտոնների զբաղեցման գործընթաց կանոնակարգված է օրենսդրորեն: Բուհերի ընդունելության կարգն է փոփոխված: Սահմանվել են լրացուցիչ պահանջներ տեղեկության ազատության ապահովման համար: Սրանք դրական տեղաշարժեր են: Այլ խնդիր է` որքանո˚վ է մեր ակնկալիքը, և այսօր առկա իրականությունը համապատասխանում:

 

Նունե Հովսեփյան

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել