Եթե կորել է ուղեբեռը, ապա ո՞վ է պատասխանատու

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի` փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Բեռի կամ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը հատուցում է`

1) բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասած բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով.

2) բեռի կամ ուղեբեռի վնասվածքի դեպքում` այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված բեռի կամ ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով.

3) արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում` դրա հայտարարված արժեքի չափով:

Բեռի կամ ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվում կամ պայմանագրում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում` այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:

Բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողն առաքողին (ստացողին) վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած, պակասած կամ վնասված բեռի կամ ուղեբեռի փոխադրման համար, եթե այն չի մտնում բեռի արժեքի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել