Ի՞նչ էր անելու փաստաբանական համայնքը, եթե Տիգրան Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեր

Օգոստոսի 25-ին ՔԿ-ից տեղեկացրինք, որ կարճվել է փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը:

Մինչ այդ հայտարարություններով է հանդես եկել փաստաբանական համայնքը, իսկ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը նամակ էր ուղարկել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:

Եթե քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում չլիներ, ապա փաստաբանական համայնքը որոշել էր համախմբվել ու գնալ կտրուկ քայլերի: Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Լիանա Բալյանը մեզ փոխանցեց.

c«Փաստորեն քննչական մարմինը պատերազմ էր հայտարարել փաստաբաններիս՝ փորձելով ճնշել, որպեսզի չկարողանանք ակտիվորեն պայքարել քննիչների գործողությունների դեմ: Մենք պայմանավորվեցինք, որ ողջ փաստաբանական կորպուսով ոտքի ենք կանգնելու, գնալու էինք քննչական ու քննիչին տալու ենք սադրիչ հարցեր և միջնորդություններ, գրելու էինք սադրիչ բողոքներ: Բոյկոտելու էինք այդ ողջ քննչական գործողությունը»:

Բացի այդ, առաջարկ է եղել նաև գործադուլ իրականացնել. «Բոյկոտելու էինք դատական համակարգի աշխատանքը: Պատկերացնում եք՝ 1500-ից ավելի փաստաբան կա, եթե ողջ կորպուսը գործադուլ սկսեր, դատական համակարգի աշխատանքը կխաթարվեր ամբողջությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ Տիգրան Հայրապետյանի գործողություններում ի սկզբանե հանցակազմ չի եղել և դրական է, որ ի վերջո՝ իրավապահ մարմինները ողջամիտ քայլ կատարեցին՝ քրեական գործը կարճելով:

Հիշեցնեքն՝ փաստաբանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այն առիթով, որ նա մասնակցելով դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նիստին,  «հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրավորել է՝ նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել