Շվեդիայից Հայաստան սխալմամբ մարդ են ուղարկել. նա արդեն 16 օր մնում է Զվարթնոց օդանավակայանում

Օգոստոսի 12-ին Շվեդիայից Հայաստանի Հանրապետություն սխալմամբ մարդ են ուղարկել: Այս մասին Ւրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Սեդրակյանը: Նրա խոսքով՝ Շվեդիայի հայկական ներկայացուցչությունը հավաստիացրել է, թե այդ մարդը ՀՀ-ի քաղաքացի է, մինչդեռ շփոթմունք է տեղի ունեցել և նա հիմա գտնվում է օդանավակայանի հատուկ գոտում. «Շվեդիայի իմ բարեկամները զանգահարեցին զգուշացրեցին, որ Հայաստան սխալմամբ ուրիշ մարդ են ուղարկել: Նա ներկայացել է՝ որպես Ստեփան Մելիքով, ով երբեք Հայաստանում չի եղել, քաղաքացի էլ չի, կարծես թե միայն հայկական ծագում ունի: Հիմա խնդիր է առաջացել: Այս պահին Ինձ թույլ չեն տալիս նրան իրավական օգնություն ցույց տալ, նույնիսկ հեռախոսով շփումն են արգելում»,- նշեց փաստաբանը:

Նա նաև հավելեց, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մեկ անգամ են թույլատրել փաստաբանին հեռախոսազրույց ունենալ անձի հետ. «ԱԱԾ-ից փակ համարով զանգահարեցին, բարձրախոս միացրեցին, ես խոստացա, որ իրավական աջակցություն ցույց կտամ, բայց այս պահին հնարավորություն չունեմ»:

10982472_741848565911331_5326372433778220864_nՎահե Սեդրակյանը ամսի 12-ին ԱԱԾ-ին դիմում է ներկայացրել՝ Գորիկ Հակոբյանի անունով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել. «Հեռախոսով զանգում եմ, ասում են եկեք տեղում ճշտեք: Գնացել եմ տեղում ճշտելու, չեն ուզում պատասխանեն»:

ԱԱԾ-ի միակ պատասխանը փաստաբանին՝ եղել է այն, որ գործը ընթացքի մեջ է, մինչդեռ փաստաբանը վստահեցնում է, որ նման դեպքերում անհապաղ պետք է պատասխան տան:

Վահե Սեդրակյանի խոսքով գործին ներգրավվել է նաև Կարմիր խաչը, Շվեդիայի նրա փաստաբանները դիմում են ներկայացրել Հայաստանի դեսպանատուն, բայց գործը դեռևս չի լուծվում:

Փաստաբանի ունեցած տեղեկություններով՝ տուժողը ունի նաև առողջական խնդիրներ. «Ալերգիա ունի, աչքերն ուռում են: Վերջերս զանգեցի աշխատակիցներին, ասացին տեղափոխել են հիվանդանոց, պատշաճ օգնություն են ցուցաբերել և նորից հետ են տարել օդանավակայան»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինֆորմացիան փորձեցինք ճշտել ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից: Մեզ փոխանցեցին, որ կճշտեն և կտեղեկացնեն, բայց մինչ այս պահը տեղեկություն չեն տրամադրել:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել