Նորություններ

Ինչպե՞ս է իրականացվում դատապարտյալների բուժօգնությունը

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման 4-րդ գլխի` հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական աշխատանքների ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պարտադիր պահպանմամբ, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմամբ:

Վարակիչ հիվանդությունների բռնկման կամ համաճարակի դեպքում բուժական ուղղիչ հիմնարկի բաժանմունքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մտցվում են ռեժիմային սահմանափակման միջոցներ, իրականացվում են օջախի տեղայնացմանը և չեզոքացմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումներ` տեղեկացնելով քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետին:

Վարակիչ հիվանդության օջախում անց են կացվում հակահամաճարակային միջոցառումներ, որոնց բովանդակությունը կախված է վարակի բնույթից, կալանավորված անձանց և դատապարտյալների տեղավորման առանձնահատկություններից: Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել սահմանափակող միջոցառումներ:

Առանձնացվում է հակահամաճարակային սահմանափակման միջոցառումների երեք աստիճան`

1. ուժեղացված բժշկական հսկողություն,

2. օբսերվացիա, որը նախատեսում է`

ա) ուժեղացված բժշկական հսկողություն,

բ) կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունման սահմանափակում կամ ընդունվածների առանձնացված տեղաբաշխում,

գ) հատուկ բուժկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների անցկացում,

3. կարանտին, որը հակահամաճարակային միջոցառումների համակարգ է՝ ուղղված վարակիչ հիվանդության օջախի մեկուսացմանը և վարակիչ հիվանդության վերացմանը:
Կարանտինը նախատեսում է հետևյալ միջոցառումների անցկացումը`

ա) վարակիչ հիվանդությամբ հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների մեկուսացում, հիմնարկում ելքի և մուտքի, կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաշարժի արգելում,

բ) ուժեղացված բժշկական հսկողություն,

գ)հատուկ բուժկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների անցկացում:

Առավել մանրամասն կարգին կարող եք ծանոթանալ N 825-Ն որոշման 4-րդ գլխում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել