Նորություններ

ՖՆ-ն 750 հազար դրամի տուգանքի որոշումը ճանաչեց առ ոչինչ. հաջողության պատմության մանրամասները

Սահակ Հագոյանը՝ «Հագոյան» արտադրական կոոպերատիվի հիմնադիրը փոստով նամակ է ստացել հարկային մարմնից՝ տեղեկանալով, որ տուգանվել է 750 հազար ՀՀ դրամի չափով՝ անօրինական կերպով աշխատողներ պահելու համար:

Նա պատմում է, որ մինչ տուգանքի մասին որոշում ուղարկելը հարկային մարմնի աշխատողները ժամանել են ու տեղեկություններ ճշտել աշխատողների գրացման վերաբերյալ. «Խնդիրը կապված էր աշխատողների իբրև թե չգրանցելու հետ, բայց ես օրենքի տառը պահպանել եմ»,- ասաց կոոպերատիվի հիմնադիրը:

IMG_1504-copy1-440x293Նա դիմել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոն: Կենտրոնի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը. «Աշխատողներ կային, որոնց աշխատանքի էին ընդունում, այնուհետև տարբեր պատճառներով նրանք ազատվում էին աշխատանքից, այդ ժամանակահատվածում հարկային մարմնի աշխատողները եկել էին, առանց աշխատանքային պայմանագրերը ստուգելու՝ պարզապես հետաքրքրվել էին, թե ովքեր են աշխատողներն ու տուգանել են իրավաբանական անձին 750 հազար ՀՀ դրամի չափով՝ պատճառաբանությամբ, թե չգրանցված 5 աշխատողներ ունի»:

IMG_9600-copy-440x293Մեր զրուցակիցը փոխանցեց, որ Ֆինանսների նախարարության աշխատակիցները պատշաճ վարչարարություն չեն իրականացրել. առանց աշխատանքային պայմանագրերը ուսումնասիրելու տուգանել իրավաբանական անձին:

Նա ասաց, որ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքը կազմակերպությունը հնարավորություն է տալիս աշխատողների գրանցումն իրականացնել մինչև հաջորդ ամսվա 20-ը, այս նորմը «Հագոյան» արտադրական կոոպերատիվը պահպանել է:
«Մենք բողոք գրեցինք ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ նշելով այդ հիմքերն ու խնդրելով, որ վարչական ակտը ճանաչվի առ ոչինչ»:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն նաև փոխանցեց, որ այսօր՝ օգոստոսի 24-ին ֆինանսների նախարարությունն արտադատական կարգով բավարարել է իրենց պահանջը և բեկանել կայացրած որոշումը:

Թեև տվյալ պարագայում իրավաբանական անձը գործել է օրենքի համաձայն, սակայն անկախ ամեն ինչից՝ օրենքով պետք է գործի նաև հարկային մարմինը. «Տուգանումը պետք է լինի արդարացի, հարկայինը պարտավոր է բարեխիղճ իրականացնել իր պարտականությունները, եթե գալիս է ստուգելու, պետք է ոչ միայն աշխատողների անունները ճշտի, այլ ստուգի աշխատանքային պայմանագրի առկայությունն ու դրա կնքման ժամանակահատվածը»,- եզրահանգեց Առնոլդ Վարդանյանը:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել