Երբ մայրերը սպանում են ապագա մայրերին. նոր օրինագիծ`հնարավոր կոռուպցիոն ռիսկերով

Սելեկտիվ կամ սեռով պայմանավորված աբորտների հետևանքով Հայաստանում տղա և աղջիկ երեխաների թվի համամասնությունը տարիներ շարունակ խախտված է. ներկայումս ծնվում է 114 տղա,  100 աղջիկ, երբ նորման 100 աղջիկ/106 տղա  է: Հայաստանը տարեկան կորցնում է 1500 աղջիկ: Սա  համարվում է աշխարհում արական սեռով նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդկաներից մեկը. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը.

Garik-Hayrapetyan«1993-թվականից մինչև հիմա մոտ 50.000 տղա ավել է ծնվել: Եթե շարունակվի այս ցուցանիշը, ապա Հայաստանը մինչև 2060 թվականը կկորցնի գրեթե 93.000 պոտենցիալ , ապագա մայր»:

Նոր օրինագծի մտահոգություններն ու ռիսկերը

Այս տարվա հուլիսի 2-ին կառավարությունը հավանության է արժանացրել առողջապահության նախարարության կողմից ներկայացված հիշյալ խնդրի լուծմանն ուղղված օրինագիծ՝   «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ԱՆ նախագծերի փաթեթը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշում է, որ օրինագծով սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքն է ամրագրվում, ինչպես նաև սահմանվում են իրավական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ, վարչական պատասխանատվություն:

DSC06201-copyՈլորտի մասնագետները, թեև ողջունում են նախաձեռնությունը, սակայն որոշակի խնդիրներ նույնպես տեսնում են դրա հետ կապված: Մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտահոգված է օրինագծում տեղ գտած մի շարք դրույթներով` մասնավորապես, երբ բժիշկը տրամադրելու է  հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու ժամանակահատված` երեք օրացուցային օր.

«Օրացուցային օր ժամկետով ժամանակահատված տրամադրելը ողջամիտ չէ: Առավել նպատակահարմար է սահմանել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու տարբերակված ժամանակահատված՝ կախված հղիության ժամկետից` խուսափելու համար 12 շաբաթականից ավելի հղիության ժամկետի դեպքում հղիության արհեստական ընդհատումից»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց  ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծությունների վարչության պետ Լուսինե Սարգսյանը։Новый рисунок (21)

Նա նաև  բացասական գնահատեց այն,  որ  նախագծում, բացի սեռով պայմանավորված հղիության ընդհատման կանխարգելմանն ուղղված նման կարգավորումից, նախատեսված չեն լրացուցիչ օրենսդրական մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն նշյալ դրույթի գործնականում արդյունավետ կիրառման նկատմամբ  վերահսկողության մեխանիզմների սահմանմանը, ինչը կնպաստեր նախագծով հետապնդվող նպատակի իրականացմանը:

Մեխանիզմների  բացակայության պարագայում պաշտպանի գրասենյակը ահազանգում է` հնարավոր է ի հայտ գան կոռուպցոն ռիսկեր: Այդ մտավախություններից ելնելով՝ Լուսինե Սարգսյանը  նշում է. «Անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը բժիշկների գործողությունների նկատմամբ, որպեսզի ապահովվի օրենքով սահմանված բժշկասոցիալական ցուցումների պահպանումը և հետևաբար ապահովվի նաև մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատման օրենսդրական արգելքը բժիշկների կողմից»:

Կարո՞ղ են լինել բժիշկներ, որ մի քանի հազար դրամի դիմաց ռիսկի կդիմեն

dsc07900-440x330«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փորձագետ Մարատ Ատովմյանը, սակայն, չի կարծում, որ վերահսկող մեխանիզմների մշակման դեպքում կոռուպցիոն ռիսկերը կբացառվեն. «Իհարկե կարելի է տեսանկարհանող սարքեր տեղադրել  կաբինետներում  և այլ ձևեր գտնել, բայց դա երաշխիք չէ, որ օրինակ բուժհաստատությունից դուրս տեղեկությունը չի փոխանցվեն»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Մ. Ատովմյանը՝ հավելելով, թե չի բացառվում, որ կարող են լինել բժիշկներ, որ մի քանի հազար դրամի դիմաց կամ «ծանոթ- բարեկամ սկզբունքով»  կգնան այդ քայլին:

Միևնույն ժամանակ փորձագետը նշում է, որ հիշյալ արարքների կատարման դեպքում վարչական տուգանքները բավականին մեծ  են` 250-300 հազար դրամ (իսկ նույն գործողությունը տարվա ընթացքում եթե կրկնվի, տուգանքը կրկնապատկվելու է) , և հույս կա, որ գոնե այս տուգանքները կանխարգելիչ  արդյունք կունենան:

Սակայն գինեկոլոգ Արմենուհի Ավետյանը կարծում է, որ օրենսդրական փաթեթի ընդունումը դրական ազդեցություն կարող է ունենալ: Մեր այն հարցին` արդյո՞ք  մտավախություն չկա, որ նոր օրինագծի հետևանքով կշատանան ընդհատկյա աբորտները և ի հայտ կգան կոռուպցիոն ռիսկեր, նա պատասխանեց.

«Ընդհատակյա աբորտների հարցը խիստ վերահսկողության տակ է: Չեմ կարծում, որ բժիշկները այդ ռիսկին կգնան և գումարի դիմաց կդադարեցնեն հղիությունը, որովհետև իրենք էլ շատ լավ հասկանոււմ են, որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»:

Ա. Ավետյանը իր աշխատանքային առաջին իսկ օրից սկբունքորեն հրաժարվել է աբորտ անել. «Ես կարծում եմ, որ պետք է արգելվեն ոչ միայն սեռով պայմանավորված, այլև առհասարակ աբորտները: Ինձ համար աբորտը ընդունելի է միայն բժիշկների ցուցումով,  և հույս ունեմ, որ օրենքը կնվազեցնի սելեկտիվ աբորտների քանակը»:

11910664_882397325181874_1884745206_n (1)Գինեկոլոգի խոսքով՝  շատ  ծնողներ երբ իմանում են, որ աղջիկ երեխա են ունենալու, միանգամից տխրում են և հուսալքվում. «Երբ դիմում են հղիության դադարեցման համար, փորձում ենք ծնողին հասկացնել   հնարավոր  բարդությունների մասին  և հոգեբանորեն ազդել, որ աղջիկն էլ կարող է իրենց սատար լինել:  Ցավոք շատ դեպքերում մեր խորհրդատվությունը չի օգնում»,-ասաց Արմենուհի Ավետյանը:

Ելնելով նրանից, որ երեխայի սեռով պայմանավորված աբորտների թիվը կրճատելու համար անհրաժեշտ է պետության կողմից որդեգրել այդ ոլորտում պատշաճ վերահսկողություն, մասնագետները փաստում են` առաջնայինը  հասարակության մեջ  աղջիկ երեխայի անհրաժեշտության ու կարևորության գաղափարի ձևավորումն է.

«Ինչպես համապատասխան ուսումնասիրություններն են ցույց տալիս, սելեկտիվ աբորտները  կանանց նկատմամբ խտրականության դրսևորման ձև են: Ուստի անհրաժեշտ է համալիր միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վտանգավոր հետևանքների վերաբերյալ՝ բնակչության իրավագիտակցության բարձրացմանը, հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանը»,- ասաց  Լուսինե Սարգսյանը:

Նրա  տեսակետը կիսում է նաև Մարատ Ատովմյանը. «Մենք պետք է կատարենք հսկայական լուսավորչական աշխատանք: Ես կարծում եմ, որ այս հարցում ԶԼՄ-ները մեծ անելիք ունեն: Պետք է սոցիալական նշանակության հոլովակներ նկարահանվեն և ցուցադրվեն, սեմինարներ և հաղորդումներ պատրաստվեն, որոնք կներազդեն մենթալիտետի փոփոխությանը, որ մարդիկ հասկանան `տարբերություն չպետք է դրվի աղջիկ և տղա երեխաների միջև»:

Լաուրա Մամյան

Լուսանկարները` Իրավաբան.net-ի, doctors.am-ի, azatutyun.am-ի

Իրավաբան.net

 

 

Լուրեր

Իրադարձություններ