Նորություններ

Ինչպե՞ս է իրականացվում ձերբակալվածի և իր հարազատների հետ տեսակցելու կարգը

Ձերբակալվածին ՁՊՎ-ում թույլատրվում է առանձին, անարգել տեսակցել իր պաշտպանի հետ՝ առանց դրանց թվի և տևողության սահմանափակման: Ձերբակալվածի և նրա պաշտպանի տեսակցության անվտանգությունն ապահովելու նպատակով ՁՊՎ-ի ծառայողների կողմից իրականացվում է տեսողական հսկողություն, որը թույլ է տալիս տեսնել, բայց չլսել նրանց:

Մերձավոր ազգականների հետ տեսակցություններն անցկացվում են ՁՊՎ-ի ծառայողների հսկողությամբ: Արգելվում է տեսակցության ընթացքում ձերբակալվածին առարկաներ փոխանցելը: Այդպիսի փորձ կատարելու դեպքում տեսակցությունը վաղաժամկետ դադարեցվում է:

Ձերբակալվածի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և երեք անչափահաս անձանց, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինն այն չի արգելել:

Ձերբակալվածին նախօրոք տեղեկացվում է մերձավոր ազգականի հետ (հայր, մայր, ամուսին, կին, եղբայր, քույր, զավակներ, որդեգրողներ, որդեգրվածներ, հարազատ և ոչ հարազատ (համամայր, համահայր), եղբայր, քույր, տատ, պապ, թոռներ, ինչպես նաև ամուսնու ծնողներ) մինչև մեկ ժամ տևողությամբ առնվազն մեկ տեսակցության մասին:

Մերձավոր ազգականի հետ տեսակցությունն անհրաժեշտության դեպքում տեղի է ունենում թարգմանչի մասնակցությամբ:

Տեսակցությունից հրաժարվելու մասին ձերբակալվածի գրավոր դիմումի համաձայն տեսակցությունը կարող է փոխարինվել 1 հեռախոսազրույցով՝ մինչև 10 րոպե տևողությամբ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինն այն չի արգելել:

Ձերբակալված անձանց տեսակցելու վերաբերյալ այլ կարգին ու պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ կառավարության N 574-Ն որոշմամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել