Նորություններ

Արդարությունը պետք է դատավորի համար լինի աշխարհում ամենաթանկ արժեքը. Գոռ Հովհաննիսյան

Սահմանադրության նախագծի ամբողջական տարբերակն արդեն իսկ հրապարակված է և հանրային քննարկումների է դրված: Սահմանադրական բարեփոխումների, նախագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է Բեռլինի Հումբոլտի համալսարանի իրավաբանական գիտությունների դոկտոր, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ դիրքորոշում ունեք Սահմանադրական բարեփոխումների, իրականում լիովին նոր Սահմանադրություն ունենալու վերաբերյալ:

-Այո, ներկայացված նախագիծը ոչ թե գործող սահմանադրության փոփոխություն է, այլ լրիվ նոր սահմանադրություն, գործող սահմանադրությունը նախագծի տեքստում վերագտնել հնարավոր չէ: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ 20 տարում 3 նոր սահմանադրություն այս փոքր երկրի համար շատ չէ՞: Բացի այդ, կարծում եմ, որ նախագծի նկատմամբ մոտեցումն ի սկզբանե սխալ է ընտրված: Մենք ոչ թե պիտի փորձենք հիմնավորել, որ ներկայացված նախագիծը լավն է կամ վատը, ու ըստ այդմ՝ պետք է այն ընդունել կամ ոչ, այլ լրիվ հակառակը՝ մեզ պետք է համոզեն, որ գործող սահմանադրությունն է արգելակում երկրի զարգացմանը, որ այն թույլ չի տալիս պաշտպանել մարդու հիմնական իրավունքները, որ գործող սահմանադրությունն է մեղավոր երկրում տիրող բացարձակ անարդարության ու անհավասարության համար: Կարճ ասած՝ որ գործող սահմանադրության պայմաններում մեր երկրի զարգացումն ու առաջընթացը, մեր քաղաքացիների ազատությունն ու բարեկեցությունը լրջորեն վտանգված են, ուստի մեզ շատ շտապ նոր սահմանադրություն է անհրաժեշտ:

Նման որևէ փաստարկ ես դեռ ոչ ոքից չեմ լսել, ու հնարավոր էլ չէ նման փաստարկ ներկայացնել: Եվ երբ մենք հարցը դիտարկենք այս ճիշտ մոտեցմամբ, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ ու հասկանալի կլինի բոլորի համար: Մարդկանց ընդամենը պետք է բացատրել, թե որոնք են գործող սահմանադրության թերությունները, այլ ոչ թե այն, թե ինչքան լավն է նոր սահմանադրության նախագիծը: Եթե նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է գործողի համեմատ նորի առավելությամբ, ապա այդ տրամաբանությամբ մենք պետք է, օրինակ, ամեն տարի նոր սահմանադրություն ընդունենք, եթե ինչ-որ մեկը այս նախագծի համեմատ է՛լ ավելի լավ նախագիծ ներկայացնի, ու այդպես շարունակ:

Նման մոտեցումը, բնականաբար, անընդունելի է: Նոր սահմանադրության ընդունման համար վճռորոշ պետք է լինի ոչ թե առաջարկվող նոր սահմանադրության լավ որակը, այլ գործող սահմանադրության լրջագույն թերությունը: Բայց գործող սահմանադրությունն ունակ է ապահովելու թե՛ երկրի զարգացումը, թե՛ երաշխավորելու մարդկանց հիմնական իրավունքների պաշտպանությունը, թե՛ ապահովելու նրանց ազատ զարգացումն ու բարեկեցությունը:

-Լավ, այնուամենայնիվ, անդրադառնանք նոր Սահմանադրության նախագծին: Խնդրահույց հարցերից մեկը վերաբերում է վճռաբեկ դատարանի անդամների ընտությանը: Նշվում է, որ ԱԺ-ի կողմից նրանց նշանակումը խախտում է իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը: Արդյո՞ք համաձայն եք:

-Սովորաբար, սահմանադրական դատարանների դատավորները խորհրդարանի կողմից են նշանակվում, և այդ մոտեցումը միանգամայն տրամաբանական է: Չէ՞ որ միայն սահմանադրական դատարանն է իրավասու անվավեր ճանաչել ժողովրդի ներկայացուցիչների ընդունած օրենքը, հետևաբար, իր այդ չափազանց լուրջ իրավասության իրականացման համար նա պիտի օժտված լինի լեգիտիմության մեծ չափաբաժնով, ինչն էլ ստանում է առաջնային մանդատ ունեցող միակ մարմնից՝ հենց խորհրդարանից: Իսկ թե ինչու է նախագիծը որոշել նաև վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակել խորհրդարանի միջոցով, ինձ համար անհասկանալի է: Ինչո՞ւ պետք է սովորական դատարանների դատավորների նշանակման հարցում նման տարբերակված մոտեցում լինի: Ես նույնպես կցանկանայի լսել դրա բացատրությունը: Սակայն իրական կյանքում դատավորների նշանակման կարգն այդքան էլ կարևոր չէ արդարադատության որակի համար:

-Այդ դեպքում ի՞նչն է ամենից կարևորը:

-Կարևոր է, թե ովքեր են արդարադատություն իրականացնողները: Դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, ով ունի հրաշալի իրավական գիտելիքներ և ում արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա: Առաջին պահանջը նշանակում է, որ դատավորը պետք է ստացած լինի հրաշալի իրավաբանական կրթություն և կարողանա ճիշտ մեկնաբանել ու ճիշտ կիրառել գործող օրենքները: Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի բացարձակ անկախ ու համարձակ մարդ, ով կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի աշխարհում ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը: Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, այն է՝ հրաշալի իրավական գիտելիքներ և ներքին անկախություն, ապա մոռացեք արդարադատության մասին: Ամեն ինչ կմնա այնպիսին, ինչպիսին այսօր է՝ անկախ նրանից՝ դատավորին նշանակում է խորհրդարանը, թե նախագահը:

Օրինակ, Գերմանիայում դատավորներն ու դատախազները նշանակվում են արդարադատության նախարարի կողմից, բայց այդ երկրում արդարադատության խնդիր չկա, որովհետև դատավորի պաշտոնում նշանակվում են նախ լավագույն իրավաբանները, և հետո գերմանացի դատավորներն իրենք իրենց հարգել գիտեն և թույլ չեն տալիս որևէ ճնշում իրենց նկատմամբ:

-Այսինքն՝ խնդիրը ոչ թե կարգավորումներն են, այլ անձանց մասնագիտական և անձնային որակները:

-Մեր երկրում մարդու հիմնական իրավունքների զանգվածային խախտումների պատճառը ոչ թե գործող սահմանադրության 2-րդ գլխի իրավակարգավորումներում առկա թերություններն են, կամ այն, որ դատավորներին նշանակում է հանրապետության նախագահը, այլ այն, որ դատավորի պաշտոն զբաղեցնող անձանցից շատերը իրավունքից շատ քիչ բան են հասկանում, և որ մեր դատավորները նշանակվում են դատավորի թեկնածուի բարոյական հատկանիշները հաշվի առնելու մասին օրենսդրական պահանջի խախտմամբ:

Որևէ մեկը կարո՞ղ է ինձ հավատացնել, որ նոր սահմանադրության ընդունումից հետո ՀՀ սահմանադրական դատարանը վերջապես կհասկանա, որ դիակները չեն կարող լինել հիմնական իրավունքների սուբյեկտ, կամ որ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքն իր էությամբ կիրառելի է նաև մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց նկատմամբ սահմանադրության 42.1-րդ հոդվածի իմաստով: Կամ որևէ մեկը կարո՞ղ է ինձ հավատացնել, որ նոր սահմանադրության ընդունումից հետո պաշտոնավարող դատավորների արժեքային համակարգը հրաշքով կփոխվի, և արդարությունը նրանց համար այսուհետ կլինի ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նրանք պատրաստ կլինեն զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իրենց բարեկեցությունն ու աշխատանքը: Բնականաբար, ոչ ոք չի կարող նման բան երաշխավորել: Ակնհայտ է, որ երկրում առկա խնդիրներն ամենևին էլ գործող սահմանադրության ենթադրյալ թերություններով պայմանավորված չեն, հետևաբար, նոր սահմանադրությունն էլ այս խնդիրները չի լուծելու: Ուրեմն ինչո՞ւ պիտի նոր սահմանադրություն ընդունենք:

-Վիճարահարույց էր նաև կյանքի իրավունքի հետ կապված դրույթը, մասնավորապես հետևյալ հատվածը. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»: Այս դրույթը նոր տարբերակում հանվել է սակայն: Ձեր կարծիքը՝ որքանո՞վ էր ճիշտ նման դրույթի ներառումը և արդյո՞ք թյուրըմբռնման խնդիր չկար:

-Գովելի է հանձնաժողովի կողմից նախագծի վերջնական տարբերակում կյանքի իրավունքի՝ գործող սահմանադրության ձևակերպումը թողնելը: Թեև ես, որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, զուտ տեսական մակարդակում նախկին տարբերակի հարցում էլ խնդիր չէի տեսնում, բայց գործող սահամանադրության կարգավորման համեմատությամբ նախագծով առաջարկվող նախկին տարբերակը միանշանակ հետընթաց քայլ էր:

-Ինչո՞ւ:

-Ահա թե ինչու: Սահմանադրությունը մարդու բոլոր հիմնական իրավունքների համար միատեսակ պաշտպանություն չի երաշխավորում: Կախված նրանից, թե սահմանադիրն այս կամ այն հիմնական իրավունքը սահմանափակելու համար պետությանն ինչպիսի պահանջ է առաջադրում, ըստ այդմ էլ հիմնական իրավունքները կա՛մ շատ ուժեղ են պաշտպանվում, կա՛մ այդքան էլ չէ: Բնականաբար, կոնկրետ հիմնական իրավունքի սահմանափակման համար սահմանադիրն ինչքան ավելի խիստ պայմաններ է առաջադրում, այդքան այդ հիմնական իրավունքն ավելի ուժեղ է պաշտպանվում:

-Խնդրում եմ օրինակով բացատրեք:

-Գոյություն ունեն հիմնական իրավունքները սահմանափակելու տարբեր սկզբունքներ: Հիմնական իրավունքների մեծ մասի սահմանափակման համար գործում է օրենքի վերապահման սկզբունքը, այսինքն՝ սահմանադիրը հիմնական իրավունքի սահմանափակումը վերապահում է օրենքին, այստեղից էլ սկզբունքի անվանումը: Դա նշանակում է, որ հիմնական իրավունքների մեծ մասը կարող են սահմանափակվել միայն օրենքով, ընդ որում շատ կարևոր է իմանալ, որ օրենք ասելով, հակառակ հայկական իրավունքում ընդունված սխալ պատկերացման, սահմանադիրը նկատի ունի օրենքը նյութական իմաստով, այսինքն՝ իրավանորմ (= համապարտադիր վարքագծի կանոն) պարունակող ցանկացած իրավական ակտ: Հետևաբար, հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել նաև գործադիրի նորմատիվ ակտերով: Ամենատիպիկ օրինակը Ճանապարհային երթևեկության կանոններն են (ՃԵԿ): ՃԵԿ-ը կառավարության որոշում է, որով սահմանափակվում են մեր շատ հիմնական իրավունքներ, հատկապես ազատ տեղաշարժվելու և ընդհանուր ազատության հիմնական իրավունքները: Կառավարությունն իր այդ որոշմամբ մեզ արգելում է փողոցն անցնել մեզ հարմար ցանկացած տեղից կամ մեքենան վարել մեր ուզած արագությամբ և այլն:

Օրենքի վերապահման սկզբունքը կարող է հանդես գալ կա՛մ օրենքի հասարակ վերապահման տեսքով, երբ սահմանադիրն ուղղակի սահմանում է, որ կոնկրետ հիմնական իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, կա՛մ օրենքի որակյալ վերապահման տեսքով, երբ սահմանադիրը հիմնական իրավունքի սահմանափակումը օրենքին վերապահելուց բացի սահմանում է նաև լրացուցիչ պայմաններ, օրինակ, թե երբ կամ ինչ նպատակով կամ ինչ միջոցներով կարող է սահմանափակվել կոնկրետ հիմնական իրավունքը: Ակնհայտ է, որ օրենքի որակյալ վերապահումը հիմնական իրավունքի սահմանափակման շատ ավելի խիստ նախապայման է, ուստի օրենքի որակյալ վերապահման ենթակա հիմնական իրավունքները գտնվում են շատ ավելի ուժեղ պաշտպանության տակ:

Կան նաև հիմնական իրավունքներ, որոնց սահմանափակման մասին սահմանադիրը ոչինչ չի ասում, այսինքն՝ այդ հիմնական իրավունքների սահմանափակման վերաբերյալ ոչ մի վերապահում չի անում: Եվ այդ հիմանական իրավունքները կոչվում են անվերապահ հիմնական իրավունքներ:

-Իսկ ինչպե՞ս պետք է սահմանափակել այդ հիմնական իրավունքները: Կամ կարելի՞ է ընդհանրապես դրանք սահմանափակել, եթե սահմանադրությունն այդ մասին ոչինչ չի ասում:

Կրկին հակառակ հայկական իրավունքում տարածված այն կարծիքի, թե նման հիմնական իրավունքները չեն կարող սահմանափակվել, դրանք նույնպես կարող են սահմանափակվել, սակայն դրանք ենթակա են միայն սահմանադրությանը ներհատուկ սահմանափակման: Այլ կերպ ասած՝ անվերապահ հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն կոլիզիոն սահմանադրական իրավունքի միջոցով, այն է՝ այլ հիմնական իրավունքների կամ սահմանադրական այլ արժեքների հետ բախման դեպքում: Իսկ դա նշանակում է, որ սահմանադրության կողմից ամենաուժեղ պաշտպանության ենթակա են անվերապահ հիմնական իրավունքները:

Այսպիսով, գործող սահմանադրության մեջ կյանքի իրավունքը ձևակերպված է իբրև անվերապահ հիմնական իրավունք և կարող է սահմանափակվել միայն այլ հիմնական իրավունքների կամ սահմանադրական այլ արժեքների հետ բախման դեպքում: Նախագծի նախնական տարբերակում կյանքի իրավունքը ձևակերպվել էր իբրև օրենքի որակյալ վերապահման ենթակա հիմնական իրավունք, և դրանով թուլացվել էր կյանքի իրավունքի պաշտպանությունը: Հետևաբար, այն հետընթաց քայլ էր գործող սահմանադրության համեմատությամբ, և շատ լավ է, որ վերջին հաշվով գործող սահմանադրության ձևակերպումը պահպանվել է:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել