Որքա՞ն պետք է վճարեք Ձեր ամուսնության գրանցումը այլ վայրում կատարելու համար

Քաղաքացիական կացության ակտերից (ծննդի. ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, անվան փոխման, մահվան պետական գրանցման) միայն ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս, որոնք սահմանված են ՀՀ կառավարության № 1283-Ն որոշման 2-րդ կետում: Դրանք են`

1) ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով.

2) ամուսնացող անձինք (անձանցից մեկը) կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում.

3) ամուսնացող անձանց ցանկությամբ պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված 10,000 դրամը վճարելու դեպքում:

Եթե ամուսինները (ամուսիններից մեկը) ամուսնության համատեղ գրավոր դիմում կամ ամուսնության առանձին հայտարարություն տալու պահին գիտեին, որ ամուսնության պետական գրանցման օրը չեն կարող անձամբ ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա նրանք դիմումում կամ առանձին հայտարարության մեջ նշում են ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու անհրաժեշտության մասին, ինչի համար դիմումին կցվում են դրա պատճառների հարգելի լինելը հավաստող փաստաթղթեր: Տվյալ դիմումը դիմումը ՔԿԱԳ մարմին է ներկայացվում ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ:

Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:

Հավելյալ կարգով նշենք, որ ըստ «Պետական տուրքի» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է վճար բազային տուրքի տասնապատիկի չափով`10,000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել