Պաշտպանող, թե՞ սադրող պատ. մեդալի հակառակ կողմը

«ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներին, մտավորականներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին և հոգևորականներին այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 00.45-ին խնդրում ենք գալ Ազատության հրապարակ, Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին Բաղրամյան պողոտա գնալու ՝ ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու համար»,- այսպես՝ ֆեյսբուքյան մի գրառումից ստեղծվեց ոստիկանների և ցուցարարների միջև կենդանի պատը:

Առաջին հայացքից՝ հասարակ մի նախաձեռնություն էր, որը հունիսի 24-ից մինչև հուլիսի 7-ը՝ բողոքի ակցիան ցրելու օրը, առանցքային, բայց միաժամանակ նաև սքողված դերակատարություն ունեցավ:

Նախ՝ ոստիկանության գործողությունների մասին

Այո, ոստիկանների գործողությունները հունիսի 23-ին ոչ իրավաչափ էին՝ կիրառված ուժից սկսած՝ քաղաքացիական համազգեստով ոստիկանների գործողություններից ավարտած:

Հունիսի 23-ից հետո արդեն փոխվեց իրավիճակը, փոխվեցին դեմքերն ու մոտեցումները:

11825740_598496326920123_6884335096782683422_nՆախ, եթե 23-ին ոստիկանության ղեկավարությունից առաջնագծում էր՝ ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, ապա 24-ից հետո նրա նախկին ակտիվությունը չկար, փոխարենը ոստիկանների գործողություններն անմիջականորեն վերահսկում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ նրա հետ առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նրանք պտտվում էր ցուցարարների միջև, զրուցում նրանց հետ, խրատներ ու խորհուրդներ տալիս, օրինակ՝ կհիշենք Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի հետ զրույցը. «Շահեն, ձգվիր, ամուր եղիր, խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞ բալես»,- ասում էր Վլադիմիր Գասպարյանը:

Ինչևէ, ոստիկանությունը փոխվեց, նշանակվեց ծառայողական քննություն, կիրառվեցին պատասխանատվության միջոցներ, հատուկ դրվագներով գործերն ուղարկվեցին ՀՔԾ, անգամ հուլիսի 7-ին ցույց ցրվեց բավականին մեղմ եղանակով: Ոստիկանությունը ցույց, որ ունակ է շտկել իր սխալները:

Իսկ այդ ընթացքում ստեղծվեց կենդանի պատը:

Ո՞վ պետք էր լիներ պատում, որ այդպես էլ չտեսանք

DSC06066Բաղրամյանի բողոքի ցույցերը հենց այնպես չէին կազմակերպվել, խնդիրը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն էր, իսկ ո՞ւր էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս անձը, ով ի պաշտոնե պատասխանատու է ոլորտի համար, այդպես էլ չերևաց պատի անձանց կողքին: Թվում էր, թե Երվանդ Զախարյանը որևէ կերպ պետք է դերակատարում ունենա այս պայքարում, բայց նրանից ոչ մի ձայն, անգամ պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

Երևանում ամեն ծաղկի տնկման, ամեն մի արհեստական թիթեռի կամ արագիլի 11781829_598496116920144_5414190500333220182_nտեղադրման վերաբերյալ մենք կտեսնենք քաղաքապետարանի հաղորդագրությունները: Բաղրամյանի ցույցերի ժամանակ 13 օր քաղաքի կարևորագույն փողոցներից մեկը մնացել էր փակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ այդպես էլ չերևաց այս փողոցում: Ոչ մի հայտարարություն, ոչ մի այցելություն, ասես քաղաքապետարան ու քաղաքապետ այդ օրերին չունեինք: Ցավոք, որ նման կարգի պաշտոնյաներ, ովքեր պետք է շահագրգռված լինեն խնդրով, նախընտրում են այս պահերին մնալ իրենց թանկարժեք աշխատասենյակներում:

Իսկ այդ ընթացքում պատը կանգնած էր

Վերադառնանք Բաղրամյան: Կենդանի պատը շարունակում էր կանգնած մնալ, այստեղ էին շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ հիմնականում Արմենիա հեռուստաընկերությունից, պատգամավորներ՝ ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, փորձ արեց պատի շարքերն անցնել նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան: Կարծո՞ւմ եք պատահական էր, որ նա ամեն կողմից հնչող վիրավորանքների ներքո կանգնել էր պատի շարքերում:

Միգուցե զարմանաք, եթե ասենք, որ պատն վտանգավոր էր, սադրող, իսկ ավելի ուշ նաև կհիմնավորենք, որ այն նաև ձևական բնույթ էր կրում:

Այսպես՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 24-ից հետո գրեթե ամեն առավոտ պտտվում էր Բաղրամյանում, նա զրուցում էր ակտիվիստների հետ, անգամ խրատներ տալիս:

Այս օրերին Վլադիմիր Գասպարյանն առանձնացավ նաև իր էմոցիոնալ պահվածքով: Հիշենք հայտնի խոսքերը՝ «Ես Վովան եմ Գասպարյան», ո՞ւմ վրա էր զայրանում ոստիկանապետը, պատի անդամներից մի տղամարդու, ում չեք հանդիպի ցույցերի ժամանակ, սակայն լարված պահերին այդ անձը համառորեն փորձում էր զրուցել նրա հետ: Կամ էլ հիշենք ոստիկանապետի մյուս բռնկումը՝ «Կենդանի շիտ եք կանգնե՞լ, մենք ենք այս երկրի թշնամի՞ն», ո՞ւմ էր Վլադիմիր Գասպարյանն այս խոսքերն ասում, կրկին պատի ներկայացուցչին՝ ՕԵԿ-ից պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Ուշագրավ է, որ ինչպես ոստիկանության ներկայացուցիչներին, այնպես էլ ոստիկաններին մշտապես հունից հանել են հենց այս պատի անդամները: Կարծում ենք՝ սա զուգադիպություն չէ:

Ի վերջո, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ գնում են Ազատության հրապարակ ու լքեցին Բաղրամյան պողոտան, այսպես կոչված՝ բեմահարթակը, մնաց դատարկ:

IMG_6902Հանկարծ դրա վրա բարձրացան մի աղջիկ, ում ողջ ընթացքում նկատել ենք պատի դերասաններից մեկի հետ շփվելիս, նա սկսեց բաղվել, որ Ազատության հրապարակ գնալ պետք չի, հետո էլ մի տարեց տղամարդ, այս անձին նույնպես մինչ այդ հանդիպած չեք լինի բարձրացավ աղբամանների վրա, նա եկել էր պատից ու նրա ձեռքին կար բարձրախոս: Նրանք սկսեցին ոգևորել ցուցարարներին և ուղորդել:

Իսկ հետո ամեն ինչ եղավ շատ պարզ: Այո, պատի հիմնական դերակատարները, պատգամավորները ուղղակի կերպով չէին միջամտում գործողությունների ընթացքին, բայց եկեք վերհիշենք, թե ովքեր էին սկսել ղեկավարել բողոքի ցույցերը:

Դրանք մեծամասամբ այն կուսակցությունների ներկայացուցիչներն էին, որոնց ղեկավարները պատից էին:

Այս երիտասարդները պայքարը տարան անփառունակ վախճանի և նրանց այդպես էլ չմիացան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:

Եվ վերջում՝ կենդանի պատը անառիկ մնաց բոլոր այն օրերին, երբ ոստիկանությունը որևէ գործողություն չէր նախաձեռնում, սակայն ցույցը ցրելու օրը՝ հուլիսի 7-ին, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ կեսօրից հետո՝ 12:30-ին, կազատի փողոցի երթևեկելի հատվածը, մեկ ժամվա ընթացքում պատից միայն միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր Բաղրամյան պողոտայում, կենդանի պատ՝ որպես այդպիսի չկար, վերացել էր, քանդվել:

Մի կարևոր զուգադիպություն՝ պատը Բաղրամյան պողոտայում հայտնվեց հունիսի 24-ին, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյանից հեռանալուց հայտարարում էին, որ երբ հունիսի 24-ին եկան պողոտա, ղեկավարությունը փոխվել էր ու տարաձայնություններ առաջացան, ցուցարարներին ուղորդում էին ընդհանրապես այլ մարդիկ:

Ստացվում է, որ ոստիկանությունն հանձինս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հսմակարգի սխալների հիման վրա դասեր քաղեց և շտկեց, մինչդեռ վերոնշյալ պաշտոնյաները՝ Երվանդ Զախարյանը և Տարոն Մարգարյանը, չփորձեցին որևէ կերպ միջամտել գործողություններին ընթացքին, որն ի պաշտոնե պարտավոր էին անել:

Ինչևէ, որքան էլ տպավորություն լինի, որ կենդանի պատը դերակատարություն չի ունեցել այս պայքարում, իրականում սա այն պատերից էր, որ անշարժ այդպես էլ չմնաց ողջ ընթացքում, իսկ ամենակարևոր պահին պարզապես փլուզվեց՝ չծառայելով իր նպատակին, իսկ միգուցե՞ պատի նպատակն այլ էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել