Արդարադատության նախարարությունը խտրական մոտեցում է ցուցաբերում ՀԿ-ների նկատմամբ. Մարատ Ատովմյան

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հարցազրույց է տվել «Փաստինֆո» կայքին՝ անդրադառնալով ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հայտարարություններին:

Այս հարցազրույցի առնչությամբ զրուցել ենք ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ:

Սուրեն Քրմոյանը նախ ասել էր, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան առաջարկել էր, որ պայքարում ընդգրկվի սոցիալական ոլորտը, նախարարությունը խնդրել էր հետազոտություն ներկայացնել, սակայն ըստ նախարարի տեղակալի՝ որևէ հետազոտություն չի ուղարկվել ԱՆ:

Մարատ Ատովմյանը հակադարձում է. «2015թ. հունիսի 9-ին 01/44 գրությամբ պաշտոնապես մենք ներկայացրել ենք Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին մեր տեղեկանքը սոցիալական ոլորտի վերաբերյալ, որտեղ տվել ենք իրավիճակային նկարագրություններ ու առաջարկել ենք, որպեսզի այն ընդգրկվի՝ որպես 5-րդ թիրախային ոլորտ»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն իր անդրանիկ նիստին՝ հուլիսի 28-ին, ընդգրկել էր երկու երկրորդական բնույթի հարցեր, Մարատ Ատովմյանը նաև անդրադարձավ այս հարցերին. «Դրանք էին՝ տեղակատվության ազատության վերաբերյալ և նախարարին կից հասարակական խորհուրդներ ստեղծելու վերաբերյալ, մնացած 8 հարցերի մենք կարծիք չենք արտահայտել, ավելին մենք երբևիցե չենք ասել, որ այդ երկու հարցը առհասարակ կարևոր չեն, մենք ասել ենք, որ անդրանիկ նիստի հետ կապված երկրորդական դեր են ունեցել, որովհետև մեր համոզմամբ՝ կան առավել առաջնային հարցեր օրակարգի համար»,- նշեց մեր զրուցակիցը՝ մասնավորեցնելով. «Մասնագիտական սշխատանքային խմբի ստեղծման հետ կապված հարցը, որը արդարադատության նախկին նախարարի հետ քննարկվել է ու որոշակի գրագրություն է ծավալվել, միտումը գնում էր դրան, որ այն պետք է օրակարգում ընդգրկվի, սակայն այդպես չեղավ, մի՞թե այս հարցը կարևոր չէ»:

Խոսքը գնում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում մասնագիտացված աշխատանքային խմբի ստեղծման մասին, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ պայմանավորվել էր, որպեսզի ստեղծվի մասնագիտական աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի և ապօրինի հարստացման հետ կապված հարցերը: Հարցազրույցում Սուրեն Քրմոյանը հայտնել էր, որ աշխատանքային խմբի մասին առաջարկությունն ընդունվել է, սակայն կոալիցիան, ըստ պարոն Քրմոյանի, հակառակն է պնդում. «Խոսքը գնում է ընդհանրապես այլ բանի մասին, մենք չենք ժխտում, որ այդ կետերը ներառվել են, մենք միշտ ասել ենք ու առաջարկել, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ առաջին քայլը կհանդիսանա այդ երկու կետերի իրականացման ուղղությամբ, սրա մասին էր խոսքը, որը հրատապ էր և ցավոք չի մեզ անհայտ պատճառներով չի ընդգրկվել խորհրդի առաջին նիստի օրակարգում»,- նշեց Մարատ Ատովմյանը:

Մեր զրուցակիցը փոխացեց նաև, որ ասոցիացիայի տեղեկություններով խորհրդի նիստից շուրջ 10 օր առաջ որոշ ՀԿ-ների հետ եղել են քննարկումներ՝ օրակարգի ձևավորման վերաբերյալ. «Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման աշխատանքային խորհրդակցություն չի եղել ոլորտի բոլոր դերակատարների հետ»,- այս և այլ հանգամանքները նկատի առնելով մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ի դեմս ոլորտի պատասխանատու պաշտոնյանների խտրական մոտեցում է ցուցաբերում ՀԿ-ների նկատմամբ ու այդ մասին տեղյակ չէ ՀՀ վարչապետը, ով որպես կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ ի պաշտոնե պետք է տեղյակ լիներ այդ ամենին, թույլ չտար իր ենթակայության տակ գտնվող որևէ պաշտոնյայի նման մոտեցումներ ցուցաբերել և անպատասխանատու հայտարարություններ անելով փորձել ապակողմնորոշել հանրությանը:

Ինչ վերաբերում է համագործակցության, ապա մեր զրուցակիցը շեշտեց, որ կազմակերպությունը մշտապես փորձել է մասնակցել ԱՆ-ի կազմակերպած միջոցառումներին, փոխարենը Երևանում և մարզերում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում իրականացրած մի քանի տասնյակ սեմինարներից ու ուսուցումներից միայն 9-ին է նախարարությունն իր ներկայացուցիչը ուղարկել:

Արդարադատության նախարարի տեղակալը նաև նշել է, թե կոալիցիան և ՀԵԻԱ-ն բոյկոտել են խորհրդի անդրանիկ նիստը՝ պատճառաբանելով, որ աշխատանքային զբաղվածություն է եղել. «Ուղղակի ասենք, որ ոչ կոալիցիան և ոչ ՀԵԻԱ-ն չեն բոյկոտել, այլ չեն մասնակցել, քանի որ ասոցիացիայի նախագահի անունով պաշտոնական հրավերը ստացվել է խորհրդի նիստից ընդամենը մեկ օր առաջ, այն պայմաններում, երբ այդ ժամին նախորոք պլանավորված են եղել այլ կարևոր և անհետաձգելի աշխատանքներ»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նույնպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստին ներկա գտնվելու համար հրավերը ստացել է նիստի նախորդ օրը, ընդ որում՝ օրվա կեսին, այս մասին մեզ հայտնել էր ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Ստացվում է, որ ԱՆ-ն 10 օրակարգային հարցերը, ինչպես նաև հարյուր էջից ավելի փաստաթղթեր ՀԿ-ներին ուղարկում է ընդամենը մեկ օր առաջ և խնդրում ծանոթանալ ու մասնակցել խորհրդի նիստին. «Ես չեմ համարում, որ սա բարեխիղճ աշխատանքների շրջանակներում տեղավորվող մոտեցում է»,- ասաց Մարատ Ատովմյանը՝ հավելելով, որ ՀԵԻԱ նախագահը ՀՀ կառավարության Աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանին պաշտոնապես տեղեկացրել է՝ հնչեցնելով կոալիցիայի մտահոգությունները. «Մի՞թե սա ևս մեկ հնարավորություն չէ կատարել փոփոխություն և օրակարգում ներառել աշխատանքային խմբի հետ կապված, խորհրդի չհամալրման խնդիրները»,- հարց բարձրացրեց մեր զրուցակիցը:

Նա հիշեցրեց, որ ՀԵԻԱ-ն հակակոռուպցիոն ծրագրեր է իրականացնում 2008թ.-ից, այս ողջ ընթացքում փոխվել են կառավարություններ, ոլորտը համակարգող պաշտոնյաներ, սակայն կազմակերպությունը այս ոլորտում հետևողականորեն իր աշխատանքները կատարել է ու շարունակելու է կատարել` այդ թվում ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իր գործնկերների հետ համատեղ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ