Մեղադրվում է իր նորածին երեխային սպանելու համար

Շիրակի մարզի բնակչուհի, ազգությամբ ասորի, 40-ամյա Ի.Ի-ն մեղադրվում է իր նորածին որդուն սպանելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և քննվել է դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ կինը այս տարվա մարտի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում իր տանը լինելով մենակ, ծննդաբերել է արական սեռի երեխա և, ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով, ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է սպանել նորածնին:

Նույն օրը , ժամը 8-ի սահմաններում, ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը` բերանի և քթի մասով հենելով իր բազուկին, նախաբուզակով սեղմել է այն և փակելով շնչուղիները` շնչահեղձ անելու եղանակով սպանել է նրան:

Ամբաստանյալի հանդեպ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հավանաբար, այս տեսակի խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ կինն իր խնամքին ունի անչափահաս երեխա: Կան տեղեկություններ, որ նա չորս երեխայի մայր է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել