Նորություններ

ԱԺ-ում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քրեական գործերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել ՄԻՊ-ը

Զինակոչի, զինվորներին առնչվող խնդիրների, մամուլում այդ խնդիրների լուսաբանման և նմանատիպ այլ հարցերի շուրջ Իրավաբան.netը զրուցել է Մարդու իրավունքների պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանի հետ:

Արդեն սկսել է զինակոչը. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ի՞նչ աշխատանքներ են տարվում բանակ նոր զորակոչվողների հետ: Արդյո՞ք նախապես լինում են հանդիպումներ՝ նորակոչիկներին տեղեկացնելու իրենց իրավունքների ու պարտականությունների մասին:

-Զորակոչի առաջին իսկ պահից Մարդու իրավունքների պաշտպանը, ամբողջ աշխատակազմն ու զորակոչիկների ու զինծառայողների իրավունքների հարցերով զբաղվող վարչությունը ուշադրության կենտրոնում է պահում այդ հարցը: Ստանում ենք բազմաթիվ դիմումներ՝ թե գրավոր, թե բանավոր:

Դժգոհությունները հիմնականում լինում են բժշկական քննությունների ու ուսումնասիրությունների վերաբերյալ: Լինում են դեպքեր, երբ նշանակվում են կրկնակի բժշկական հետազոտություններ, երբ իրականում չկա դրանց կարիքը և՝ հակառակը: Պաշտպանի տարեկան զեկույցում նշվել է ևս մի խնդիր, որի լուծմանը միտված աշխատանքներ է տարվում մեր կողմից. օրինակ՝ զորակոչիկներից որևէ մեկը, ով արդեն զինծառայող է և, ըստ բժշկական փաստաթղթերի ու համապատասխան որոշման, ազատված է որոշակի պարտականություններից, ներգրավվում է ծառայության ձևերի մեջ, ու նրան տրվում է իր առողջական վիճակի հետ ուղղակի անհամատեղելի առաջադրանքներ կամ հրամաններ:

-Կարևոր է նաև զինծառայող-ծնող կապի պաշտպանությունը. շատ դեպքերում հատկապես նորակոչիկների ծնողները տեղեկացված չեն շատ հարցերում: Հանդիպումներ ու որոշակի իրազեկումներ ծնողների շրջանում կազմակերպվու՞մ է ՄԻՊ-ի կողմից:

Մենք ոչ միայն պաշտոնական գրագրություն ենք պահում իրավասու պետական մարմնի՝ պաշտպանության նախարարության հետ,, անհրաժեշտության դեպքում նաև առողջապահության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այլ նաև լինում են հանդիպումներ հենց զորակոչիկի ու նրա ծնողների հետ: Այցելություններ են լինում զինկոմիսարիատներ, զորամասեր:

Մեզ մոտ դեպք եղավ, երբ կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինակոչիկին ուղարկել էին կրկնակի բժշկական հետազոտության. զորակոչիկի ընտանիքի անդամների խնդրանքով մեր ներկայացուցիչները ներկա գտնվեցին բժշկական հետազոտության ընթացքին, որպեսզի ամեն ինչ ընթանար սահմանված կարգով:

-Պարոն Գրիգորյան, նշեցիք, որ շրջայցեր են կազմակերպվում դեպի տարբեր զորամասեր. եղե՞լ են դեպքեր, երբ զինծառայողը հենց շրջայցի ժամանակ է Ձեզ որևէ հարցով դիմել:

-Այո, նման դեպքեր եղել են: Եղել են նաև դեպքեր, երբ որևէ խնդրով մենք այցելել ենք զորամաս, ու այդ պահին մեկ այլ զինծառայող դիմել է մեզ : Մասնավորապես` մի անգամ Օմբուդսմենի ներկայացուցիչները մեկնել էին զորամաս և տեղեկացել են, որ կա զինծառայող, ով արձակուրդ մեկնելու հետ կապված ինչ-որ խնդիր ունի: Հենց տեղում խնդիրը կարգավորվել է, ու զինծառայողը արձակուրդի է մեկնել:

-Ձեր գործունեության ընթացքում կառաձնացնե՞ք որևէ գործ, որի լուծմանը հասնելը իսկապես ձեռքբերում եք համարում:

-Որպես ձեռքբերում որևէ գործ չեմ ուզում առաձնացնել, որովհետև մենք կարևոր ու անկարևոր խնդիրներ ու դիմումներ չենք առանձնացնում. կարևորը մարդկանց օգնելն է, որը իսկապես բավականություն է պատճառում:

Բոլորովին վերջերս ունեցանք մի դեպք, որի լուծման հասնելը դժվար չէր, բայց շատ կարևոր էր զինծառայողի իրավունքի տեսանկյունից: Պարտադիր ծառայության համար նախատեսված 2 տարի ժամկետը լրացել էր, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով զինծառայողին մեկ-երկու օր ավել էին պահել: Ինչքան էլ զինծառայողները հաճույքով են ծառայում, ու ծառայությունը դառնում է կյանքի մի մաս, բայց տուն գնալուն սպասում են ու համարում են լավագույն պահերից մեկը: Այս դեպքում մեր միջամտության արդյունքում տեղում զինծառայողը զորացրվեց ու գնաց իր ծնողերի մոտ. մեզ համար այս դեպքը շատ ուրախալի ու արժեքավոր էր:

Հունիսի 11-ին կայացել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների և Կարեն Անդրեասյանի հանդիպումը: Ի՞նչ տվեց այս հանդիպումը և ի՞նչ է արվել դրանից հետո:

-Նախ նշեմ, որ մինչ այդ ևս հանդիպումներ եղել են զոհված զինծառայողների ծնողների հետ և՛ Կարեն Անդրեասյանի, և՛ իմ կողմից: Իրենց փաստաբաններից շատերի հետ մենք հեռախոսային կապի մեջ ենք ու խորհրդակցում ենք տարբեր հարցերով:

Հիմնական արդյունքն այն է, որ առաջադրվել է ԱԺ-ում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քրեական գործերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը: Մենք հիմա իրավական վերլուծություն ենք իրականացնում և փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ մեխանիզմով կարող է գործել հանձնաժողովը ու ի՞նչ լիազորություններ կարող է ունենալ: Չնայած տարբեր փուլերում են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան գործերը (մի դեպքում գործը կասեցված է, մյուս դեպքում՝ կարճված է, մեկ ուրիշ դեպքում՝        ավարտվել է քննությունը),այնուամենայնիվ, մեր հիմնական նպատակը պետք է լինի ծնողների դժգոհությունների ու նրանց բողոքների փարատումը:

Պարոն Գրիգորյան, իսկ հատկապես ո՞ր գործերի դեպքում է առաջանում խնդիր՝ ապահովելու իրավախախտումների քննության անկողմնակալությանը:

-Քրեական գործի քննության շրջանակներում ՄԻՊ-ի լիազորությունները խիստ սահմանափակ են. առավել ևս, երբ խոսքը վերաբերում է գործերի բուն բովանդակային քննությանը: Սրանք այն հարցերն էն, որոնց միջամտելու իրավունք որևէ մեկը չունի՝ այդ թվում ՄԻՊ-ը: Առաձին դատավարական իրավունքներին ՝փաստաբանի տրամադրում, զանգի հնարավորության տրամադրում, իրավունքների պարզաբանում ու նմանատիպ ահազանգեր շատ ենք ունենում ու ձեռնարկում ենք համապատասխան գործողություններ: Լինում են դեպքեր, երբ զինծառայողին հենց իրավապահ մարմնում բացատրվում են նրա իրավունքները, և եթե նա անհիմն է պահվում այնտեղ, քայլեր են ձեռնարկվում նրան արգելանքից ազատելու ուղղությամբ կամ եթե փաստաբանի մուտքն են խոչընդոտում դա են կարգավորում:

Առանձին դատավարական իրավունքների պարագայում կարող են լինել նաև դեպքեր, որ քրեական գործով զինծառայողի հարազատը ահազանգի մեզ ու տեղեկացնի, որ քննությունը վատ է իրականացվում ու,  օրինակ, չեն հետազոտվում որոշ դեպքեր, կամ իրենք մեկուսացված են վարույթից, կտրված են գործի քննությունից, անհրաժեշտ ու բավարար տեղեկատվություն չի տրամադրվում, իրենց հետ քննաչական գործողություններ 2-3 ամիս չեն կատարվել և այլն, նման դեպքերում մեր կողմից ձեռնարկվում են համապատասխան գործողություներ:

-Փորձը ցույց է տալիս, որ զինծառայողներին ու բանակին առնչվող լուրերը բավական մեծ լսարան ունեն, Ձեր գնահատականը զինծառայողներին առնչվող թեմաների լուսաբանմանն ու դրանց որակին:

Մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների հրապարակումը առաջին հերթին կարող ու պետք է ծառայի եղած խնդիրների վրա ուշադրություն կենտրոնացնելու ու դրանց լուծում տալու համար:

Հաշվի առնելով մեր ռազմաքաղաքական իրադրությունը՝ հարևան երկրի համար կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել նույնիսկ այն տեղեկատվությունը, որը ներառված չէ գաղտնի տեղեկությունների ցանկում: Այսինքն՝ բաց տեղեկատվության վերլուծությունը ու հրապարակումը ևս կարող է խնդիր առաջացնել ազգային անվտանգության տեսանկյունից: Հետևաբար, պետք է ոլորտում աշխատողները պատասխանատվությամբ վերաբերվեն բոլոր այն նյութերին, որոնք հրապարակում են: Նույնիսկ ամենազարգացած իրավական համակարգ ունեցող երկրներում խիստ վերապահումներով են վերաբերվում պաշտպանության, ռազմական ոլորտին առնչվող թեմաների լուսաբանմանը: Մինչդեռ պետք է նաև նշել, որ զինված ուժերում խնդիրների հրապարակայնությունը դրանց նկատմամբ հասարակական-քաղաքացիական վերահսկողության սահմանման կարևորագույն նախապայմանն է: Այսինքն՝ չի կարելի պատճառաբանել, որ սա փակ ոլորտ է, անհիմն կերպով տեղեկատվությունը համարել գաղտնի ու թույլ չտալ ԶՈւ-ից տեղեկատվություն հրապարակել:

-Եվ վերջում ՝ ոլորտում ի՞նչ նոր ծրագրերի սպասենք ՄԻՊ-ի կողմից:

Կան ծրագրեր, բայց դրանց մասին կխոսենք, երբ գա ժամանակը: Դեռ շարունակվում է զորակոչը, և մենք ինտենսիվ կերպով ներգրավված ենք դրա մեջ: Զորակոչն ավարտենք, հետո արդեն այլ խնդիրների ու ծրագրերի մասին կտեղեկացնենք:

Հարցազրույցը՝ Զառա Մանուչարյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել