Հարկային տեսուչները ենթարկվել են քրեական պատասխանատվության

ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը և Հաբեթ Վարդանյանը` մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք:

Ինչպես հայտնում է ՀՀ ՀՔԾ-ն՝ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Հարությունյանին պատկանող դեղատուն են այցելել հիշյալ հարկային տեսչության աշխատակիցները և ցույց են տվել 700 դրամ արժողության վիրակապ և խաբեությամբ ներկայացրել, իբր, րոպեներ առաջ այդ վիրակապը գնել է տեսուչ Սմբատ Խաչիկյանը, որի դիմաց, սահմանված կարգով, ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:

Նույն պահին Տ. Հարությունյանը հայտարարել է, որ նման վիրակապ իրենց դեղատանը չի վաճառվում և պահանջել է հրավիրել այն աշխատակցին, ով կատարել է հսկիչ գնումը, սակայն, վերջիններս, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, հրաժարվել են և պնդել, որ այն իրենց աշխատակիցն է գնել դեղատնից:

Հ. Վարդանյանը, Գ. Մարգարյանը և Ս. Խաչիկյանը ակնհայտ գիտակցելով, որ Սմբատ Խաչիկյանի կողմից հսկիչ գնում չկատարելու և Տաթևիկ Հարությունյանի կողմից վիրակապ չվաճառելու, խախտում թույլ չտալու պայմաններում իրենք վերջինիս տուգանք նշանակելու որևէ լիազորություն չեն ունեցել, այդուհանդերձ, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները` Տ. Հարությունյանին նշանակել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տուգանք՝ 300 հազ. ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ,  2014 թվականի հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 5-ին, 2-ական օրինակից կազմված, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, ստուգման ակտի կեղծ նախագծում և կեղծ ակտում ներառել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իբր, հարկային տեսուչ Սմբատ Խաչիկյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:37-ին, Տաթևիկ Հարությունյանին պատկանող դեղատնից կատարել է հսկիչ գնում: Վերջինս, իբր, գնել է 700 դրամ արժողության վիրակապ, որի դիմաց Տաթևիկ Հարությունյանը ՀԴՄ կտրոն չի տրամադրել, մինչդեռ Սմբատ Խաչիկյանը հիշյալ ժամանակահատվածում գտնվել է այլ վայրում և ընդհանրապես հիշյալ դեղատուն չի գնացել ու հսկիչ գնում չի կատարել:

Այնուհետև Հ. Վարդանյանը և Գ. Մարգարյանը, 2014 թվականի հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 7-ին` միասնական դիտավորությամբ, Տ. Հարությունյանին են հանձնել կեղծ ակտի կազմված նախագիծը և կեղծ ակտը, իսկ դրանց երկրորդ օրինակները կցել են հարկային գործին:

Հաբեթ Վարդանյանի, Գագիկ Մարգարյանի և Սմբատ Խաչիկյանի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման արդյունքում էական վնաս է պատճառվել Տաթևիկ Հարությունյանի իրավունքներին. վերջինիս հանիրավի վերագրվել է հարկային իրավախախտում, ինչպես նաև էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանին, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանին և Հաբեթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկային տեսուչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել