Շուշան Դոյդոյանը Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Խաչատրյանին և մյուսներին «կանաչ ճանապարհ» մաղթեց

Ինչո՞ւ է տեղեկատվության ազատության հարցն ընդգրկվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի այսօրվա օրակարգում: Իր զեկույցը սկսելիս հարց բարձրացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Նա պատասխանեց. «Շատերը հարց էին տալիս՝ ինչ կապ ունի այն, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվության մատչելիությունն այն հիմնական գործիքն է կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այն առաջին հերթին ապահովում է, որ կառավարությունը գործի թափանցիկ, երկրորդ՝ մարդիկ կարողանան իրացնել իրենց հիմնական իրավունքներն ու երրորդ հիմնական պայմանը, հենց տեղեկատվության մատչելիությունն է ապահովում, որ ձևավորվի մատչելիություն իշխանության, կառավարության հանդեպ»:

Տիկին Դոյդոյանը նաև հավելեց. «Իրականում երեկվանից ուզում եմ գնահատել այս իրադարձությունը, որովհետև իսկապես համարում եմ, որ խորհրդի առաջին նիստը Հայաստանի Հանրապետության համար կարևոր պատմական իրադարձություն է. մի քանի տարի մենք չենք ունեցել ռազմավարություն, հակակոռուպցիոն մարմին: Շատ կարևորում եմ քաղհասարակության մասնակցությունը, որն այսօր, իմ կարծիքով, ոչ այնքան բավարար է ներկայացված: Դրա համար կարծում եմ՝ կառավարության ու խորհրդի արդյունավետ աշխատանքի համար թիվ մեկ նախապայմանը՝ կառավարության և քաղհասարակության վստահության ձևավորումն է»:

Այնուհետև նա անդրադարձավ իր զեկույցին, ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները, իսկ կանաչ ճանապարհ մաղթեց խորհրդի անդամներին. «Ես ունեմ չորս զավակ, և ուզում եմ, որ իմ զավակներն ապրեն կոռուպցիայից զերծ երկրում, դրա համար լիահույս եմ, որ այս խորհրդի աշխատանքը հուսախաբ չի անի մարդկանց, այնպես որ՝ լավ, կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ»,- ասաց նա, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց. «Մենք պետք է հուսախաբ անենք այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել մեր խորհրդի նիստին, մեր լավ աշխատանքով, արդյունավետ և արդար աշխատանքով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել