Լոռու ՀԿ-ները ներկայացրին առողջապահության և տրանսպորտի ոլորտների կոռուպցիոն ռիսկերը

Մայիսի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցավ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փոքր դրամաշնորհներ ստացած ծրագրերի գործողությունների և միջանկյալ արդյունքների ներկայացումը:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց մարմնի գործունեությունը և խոսեց դրամաշնորհային ծրագրերից:

«Քաղաքացիական վերահսկողությունը, որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների և միջանկյալ արդյունքների մասին խոսեց իրականացնող` «Խաղաղության երկխոսություն» ՀԿ անդամ, ծրագրի ղեկավար Արտաշես Սերգոյանը:

Ծրագրի շրջանակներում վերահսկողություն է իրականացվում Վանաձորի քաղաքային տրանսպորտի ոլորտում: ՀԿ-ն պարզել է, որ այս քաղաքում պատշաճ չի գործում տրանսպորտը, չկան կանգառներ, թերի է իրավական դաշտը, առկան են մի շարք կոռուպցիոն ռիսկեր:

«Ակնկալում ենք ծրագրի շրջանակներում փոփոխության ենթարկել կառավարության որոշումներ, որոնք վերաբերում են համայնքային տրանսպորտի ոլորտի կարգավորմանը, փոփոխության ենթարկել քաղաքապետարանի և երթուղիների միջև կնքված պայմանագրերը, ինչի արդյունքում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Արտաշես Սերգոյանը:

Նրա խոսքերով՝ քաղաքապետարանի և երթուղիները սպասարկող կազմակերպությունների միջև պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ չկան. «Օրինակի համար տրանսպորտը սպասարկող կազմակերպությունը չէր կատարում իր պարտականությունները, սակայն պայմանագրում հստակ նշված չէր, թե ինչ պետք է արվի տվյալ պարագայում»:

Հաջորդը՝ «Կոռուպցիայի բացառումն առողջապահության ոլորտում, և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագրի ներկայացումն էր: Այն իրականացնում է «Լրագրողների «Սելեն» ակումբ» ՀԿ-ն՝ «Լոռու ՄԻԳ» հեռուստաընկերության հետ համագործակցելով:

ՀԿ նախագահ և ծրագրի ղեկավար ՆարինեԽաչատրյանը հայտնեց, որ նպատակն էր պայքարել կոռուպցիայի դեմ Վանաձոր հիվանդանոցի երկու բաժանմունքներում՝ ծննդօգնության և մանկական:

«Մարդիկ դժգոհում էին այս բաժանմունքներից: Մենք լրագրողական և սոցոլոգիական հարցումներ ենք անցկացնում այս բաժանմունքներում, պատրաստել ենք հարցաթերթիկներ: Հարցումներ անցկացվում են նաև հիվանդանոցից դուրս՝ պոլիկլինիկաներում, որպեսզի իրավիճակն առավել պարզ լինի»,- ասաց Նարինե Խաչատրյանը:

Զեկուցումներից հետո տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ, որին մասնակցում էին ինչպես ՀԿ-ների, այնպես էլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ