Հակակոռուպցիոն պայքարը՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում

Որքանո՞վ են դատաիրավական բարեփոխումների շրջանակներում հաշվի առնվում հակակոռուպցիոն քայլերը: «Դատաիրավական բարեփոխումների հակակոռուպցիոն ասպեկտները» ներկայացնելու նպատակով հուլիսի 24-ին Լոռու մարզում տեղի ունեցավ հակակոռուպցիոն միջոցառում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի բաժնի ղեկավար Նաիրա Գյուլնազարյանը ողջունելով սեմինարի անցկացումը՝ հայտնեց, որ այն անցկացվում է նաև ԵԱՀԿ հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակներում:

«Դատաիրավական համակարգը ամենակարևոր համակարգերից է և նախադրյալներից, եթե մենք ուզում ենք կոռուպցիայից ազատ երկիր ունենալ: Իմ համոզմամբ՝ եթե քաղաքացին իր տարրական իրավունքները չկարողանա դատարանում պաշտպանել, մենք չենք կարողանա խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին»,- ասաց տիկին Գյուլնազարյանը:

ՀԵԻԱ-ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը, հակակոռուպցիոն կոալիցիան և նրա գործունեությունը: Նա անդրադարձավ կառավարության պայքարին՝ կոռուպցիայի դեմ.

«Ցավոք ներկայումս կառավարության նախաձեռնությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում այն պատկերացումներին, որ ունի հակակոռուպցիոն կոալիցիան՝ առաջին հերթին իր անկախության և արդյունավետության հետ կապված: Այդ իսկ պատճառով կոալիցիան չմասնակցեց ու խորհուրդ տվեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին չմասնակցել աշխատանքներին, ուստի որևէ ՀԿ հայտ չներկայացրեց խորհրդի կազմում աշխատելու համար»,- ասաց պարոն Զադոյանը:

Հասարակական հակակոռուպցիոն վերահսկողությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը:

«Այս վերահսկողությունը նպատակ է հետապնդում ստիպել պետությանը ապահովել օրենքի կիրառումը, պատասխանատու և արհեստավարժ կերպով գործել, այսինքն՝ արդյունավետ լինել,- ասաց պարոն Ատովմյանը՝ հավելելով,- Պետությունը պետք է ապահովի ծրագրի իրականացման թափանցիկությունը: Հասարակության լայն շրջանակների համար պետք է ապահովել մատչելի տեղեկատվություն հիշյալ ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև յուրաքանչյուր կիսամյակ հրապարակել ծրագրի իրականացման հաշվետվություն: Դա կնպաստի բարեփոխումների և դրանց իրականացման համար պատասխանատու մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ինչը կդյուրացնի բարեփոխումները գործնականում կենսագործելու գործընթացը»:

Այնուհետև Իրավաբան.net մասնագիտական անկախ կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը ներկայացրեց տվյալների հետաքննությունների իրականացումը դատաիրավական բարեփոխումների ոլորտում:

Դատաիրավական բարեփոխումների մարզային մակարդակի դիտորդմանը ուղղված Հակակոռուպցիոն կոալիցիայի գործունեությանն անդրադարձ կատարեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող/փորձագետ Արթուր Սուքիասյանը: Նա նաև խոսեց Դատաիրավական բարեփոխումների հակակոռուպցիոն ասպեկտների մասին:

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն փաստաբաններ, հասարակական կազմակերպության անդամներ, այլ ներկայացուցիչներ՝ դատական համակարգից, դատախազությունից և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնից:

Մասնակիցները վեր հանեցին սեփական մտահոգությունները: Փաստաբանները առանձնացրին դատական համակարգի բացերը, նրանք խոսեցին դատարանների ծանրաբեռնվածության մասին:

«Ոսկե միջին» ՀԿ նախաձեռնության կենտրոնի ղեկավար Հովհաննես Ղազարյանը կարևորեց հասարակական վերահսկողության մասին. «Դատական ոլորտի խնդիրները երկրում ամենամեծն են, ինչո՞ւ համար, որովհետև եթե դատարանները նորմալ աշխատում են, մնացած ոլորտները չաշխատելով հանդերձ կգան նորմալ աշխատելու կարգավիճակին, բայց եթե հակառակն է, բոլոր ոլորտները լավ են կամ էլ այդ ոլորտները նույնպես չեն աշխատում ու այդ թվում՝ չի աշխատում դատականը, ամենալավ երկիրն էլ կդառնա այն, ինչ-որ մենք ունենք այսօր Հայաստանում: Իմ համոզմամբ՝ դասական իմաստով վերահսկողություն այլևս արդյունավետ չէ, միևնույն է կառավարությունն իր ուզածն անում է, հարկավոր է կիրառել փողոցում ճնշման մեթոդը»:

Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում պրոբացիոն ծառայությանն անդրադարձավ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման Լոռու բաժանմունքի աշխատակից Վիլիամ Մինասյանը: Նա տեղեկացրեց, որ Վանաձորում այս ամսվանից գործում է պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիրը: Պարոն Մինասյանը ՀԿ-ներին առաջարկեց համատեղ աշխատել:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ