98 մլն դրամի կահույք է գնվել նորաստեղծ նախարարության համար

Կառավարությունը դեռևս հունիսի 25-ին 715-Ն որոշմամբ  98 միլիոն դրամ էր հատկացրել Վաչե Գաբրիելյանի կողմից ղեկավարվող միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմին՝ նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:  Պահուստային ֆոնդից հատկացված ամբողջ 98 միլիոն դրամը (շուրջ 205 հազար դոլար) գումարը ծախսվել է գրասենյակային կահույքի ձեռքբերման համար:

Կահույքի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է «Իմանի հոլդինգ» ընկերության հետ, որի հիմնադիրը Գրիգոր Մարգարյանն է: Ամբողջ կահույքը ձեռք է բերվել մեկ անձից գնման՝ բանակցային և առանց նախապես հայտարարելու ընթացակարգով: New Picture (42)

Այսպիսով՝ գնվել են աթոռներ, պահարաններ, խոլ, կահույքի հավաքածու, սեղաններ, բազկաթոռներ: Գնվել է կահույքի 9 հավաքածու ղեկավարի աշխատասենյակների համար, որոնցից մեկի արժեքը եղել է 1.5 միլիոն դրամ, մյուս 8-ինը՝ 1 միլիոն դրամ:

Գնվել է 19 խոլ (բաղկացած 3 տեղանոց մեկ բազմոցից և 1 տեղանոց երկու բազկաթոռից), որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել է 720 հազար դրամ:

Ղեկավարի համար նախատեսված 25 բազկաթոռ է գնվել՝ արհեստական կաշվե պաստառով, մետաղական հենքով և կառավարման համակարգով: Յուրաքանչյուրի համար վճարվել է 125 հազար դրամ:

Թանկարժեք են նաև խորհրդակցական սեղանները, որոնց համար վճարվել է 405 հազարից մինչև 630 հազար դրամ: Իսկ աթոռների համար վճարվել է 47.5 հազար դրամից մինչև 56 հազար դրամ:

Այս գնման վերաբերյալ որոշակի մանրամասներ պարզելու նպատակով դեռևս հուլիսի 13-ին Իրավաբան.net-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել:

Նամակի ճակատագրի մասին փորձեցինք տեղեկանալ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանից, վերջինս, սակայն, ասաց, որ արձակուրդում է ու խնդրեց դիմել վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանին, իսկ վերջինս էլ չի պատասխանում զանգերին:

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ