Հաղորդում է տվել, որ 4 տղամարդ շոգեբաղնիքում բռնաբարել ու ծեծել է իրեն

38-ամյա կինը դատապարտվել է սուտ մատնության համար. նա ոստիկանությունում հաղորդում է տվել, թե իրեն շոգեբաղնիքում 4 հոգով ծեծել, բռնաբարել են ու գումար հափշտակել: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ:

Համաձայն գործի նյութերի` կինը նախորդ տարվա օգոստոսի 11-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, տվել է սուտ հաղորդում, որ իբր 2014 թվականի օգոստոսի 9-ին «Դրախտ» շոգեբաղնիքում 4 տղամարդիկ (նշել է նրանց անունները) բռնաբարել են իրեն, իսկ նրանցից մեկը իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո, իր առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, իրենից հափշտակել է 200.000 դրամ:

Դատարանում կինը միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով` նշելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է և իրեն մեղավոր է ճանաչում: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Դատարանը դատավճիռը կայացնելիս, որպես մեղմացուցիչ հանգամանք, հաշվիառնելով այն, որ ամբաստնյալն իր խնամքին ունի անչափահաս երեխա, ինչպես նաեւ նրա անձը բնութագրող դրական տվյալները, դատարանը հանգել է հետեւության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու եւ գտնում է, որ նրա նկատմամբ նշանակվող պատիժը Քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ պետք է պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան` նրա վրա դնելով լրացուցիչ պարտականություններ:

Դատարանը դատապարտել է նրան մեկ տարվա ազատազրկման` նշելով նաև, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կնշանակվի մեկ տարի ժամկետով փորձաշրջան` պարտավորեցնելով նրան չփոխել մշտական բնակության վայրը և պարբերաբար ներկայանալ զրույցի վարքի վերահսկողությունը իրականացնող մարմնին:

Առաջին ատյանի դատարանը դատական ակտը հրապարակել է հուլիսի 2-ին: Դատական ակտը դեռևս ուժի մեջ չի մտել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել