Նորություններ

Միակ բանը, որ վատ է` մարդկանց վճարունակությունն է. փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Քաղաքացիների վճարունակությունը վերջին տարիներին ընկել է. փաստաբանները հաճախ ստիպված են լինում փոքր հոնարարներ սահմանել, սակայն շատ գործեր վերցնել. Փաստաբանական և դատաիրավական ոլորտում առկա խնդիրների մասին Իրավաբան.net-ը զրուցել է «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանի հետ` «Հայաստանի իրավաբանական ընկերությունները» շարքի շրջանակներում: Հարցազրույցին ներկա էր նաև գրասենյակի տնօրեն Ա. Վալերջյանը:

Ե՞րբ է հիմնադրվել «Արնի Քընսալթ» ընկերությունը:

-Այս անունը երբեք ինձ դուր չի եկել: Միշտ մտածում ենք այդ անունը փոխելու մասին:

Ինչու՞:

-Ինձ դուր չեն գալիս օտար բառերը, կարելի էր հայերեն, մեկ վանկանոց անուն ընտրել, սակայն ժամանակ չունենք չունենք դրանով զբաղվելու: Այս անունով արդեն յոթ տարի է` աշխատում ենք:

-Իսկ ինչու՞ ընտրեցիք այդ անունը:

-Դա երկար պատմություն է: Ուղղակի ասենք, մեկ այլ կազմակերպություն ունեինք, վերագրանցեցինք և այդ անունը մնաց: Մեր ինտերնետային կայքը գրանցեցինք armlex.am, ցանկանում էինք գրասենյակն էլ գրանցել «Արմլեքս» անունով, բայց ռեգիստրում այդ անունով այլ ընկերություն կար գրանցված: Կայքը հասցրեցինք գրանցել, կազմակերպությունը` ոչ:

-Գրասենյակի մասին կպատմե՞ք` ի՞նչ թիմով եք աշխատում, իրավունքի ո՞ր ճյուղերում եք մասնագիտացված:

-Այս պահին երեք հոգի ենք: Հիմնականում քաղաքացիական և վարչական բնույթի գործերով ենք զբաղվում: Եղել են գործեր, որ համագործակցել ենք արտասահմանի գործընկերների հետ: Որոշ դեպքերում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատներ ենք գրում, նաև թրեյնինգներ ենք անում ընկերությունների համար` վարչարարություն և հարկային օրենսդրություն վերաբերյալ: Խորհրդատվություն նույնպես տրամադրում ենք, սակայն ոչ հաճախ:

-Դուք հայտնի եք նաև ռազմավարական գործերով: Ի՞նչ հետաքրքիր գործեր եք ունեցել վերջին շրջանում:  

-Այո: Վերջերս Միացյալ Նահանգների փատաբանների հետ ենք համագործակցել մի գործով, որով պետք էր իրավաբանական փաստ հաստատել` 25-30 տարի առաջ Գյումրիում տեղի ունեցածի վերաբերյալ:

Անձը ինչ-որ կազմակերպությունում աշխատել էր, սակայն երկարաշարժի ժամանակ բոլոր փաստաթղթերը վերացել են, հետո երբ վերականգնվել է աշխատանքային գրքույկը, կոնկրետ ժամանակահատվածում աշխատանքային ստաժը չէին ձևակերպել: Տեղեկանքներ կային, որ աշխատել է, սակայն ամերիկացիները չէին վստահում դրանց, ասում էին, եթե կան տեղեկանքները, ինչու աշխատանքային գրքույկում չկա համապատասխան գրառում:

Մենք որոշակի հետազոտությունների արդյուքնում, ամերիկյան չափանիշների կիրառմամբ, կարողացանք ապացուցել փաստը և եզրահանգում ուղարկեցինք ԱՄՆ, որի հիման վրա էլ տասը տարի առաջ փակված գործը վերաբացվեց: Դրա մասին մենք իմացանք երկու ամիս առաջ: Բավականին բարդ գործ էր:

Եվրադատարանում նույնպես ուղարկված դիմումներ ունենք, որ սպասում ենք իրենց հանգուցալուծմանը` գույքային իրավունքի, կալանքի հետ կապված, նախկին դատավորների թոշակի հետ կապված:

-Եթե սխալ չեմ հիշում դա վերաբերում էր լեգիտիմ ակնկալիք ունենալու իրավունքի խախտմանը:

-Դե դա պաշտոնաթող դատավորների գործն էր: Դուք նկատի ունեք Սուրիկ Ղազարյանի գործը: ՄԻԵԴ-ը որոշեց այդ գործին առաջնահերթություն տալ և սկսեց գործի քննությունը: Գրավոր քննությունն ընթացքի մեջ է. սպասում ենք կառավարության պատասխանին, որ մենք էլ մեր առարկություններն ուղարկենք:

Այդ գործը վերաբերում է դատավորների նկատմամբ մեր պետության սոցիալական քաղաքականությանը, որը լրջորեն ազդում է դատական համակարգի անկախության վրա:  Քանի որ դատավորի անկախությունը, ինչպես նշում է սահմանադրական դատարանը, պետք է լինի ոչ միայն համակարգային, կառուցվածքային, այլև ֆինանսական և սոցիալական: Այսինքն` սոցիալական փաթեթը դատավորի համար այն աստիճան պետք է ապահովություն ամրագրի, որ դատավորի անկախությունը չտուժի, նույնը վերաբերում է նաև դատավորի աշխատավարձին: Սակայն տվյալ դեպքում  վեճի առարկան ոչ թե աշխատավարձն էր, այլ թոշակը, որը կտրուկ փոփոխվել էր` օրենսդրական նորարության արդյունքում: Դատավորն աշխատում է 20 տարի այն երաշխիքով, որ հետո կստանա որոշակի չափով թոշակ: Եվ ահա օրենքը փոփոխվում է և նրա թոշակի չափը նվազեցվում է: Սա կարող է համընդհանուր սառեցնող ազդեցություն ունենալ ընդհանուր դատական համակարգի անկախության համակարգի վրա:

Եվ երբ պետությունը օրենսդրական փոփոխություններ է կատարում, ապա շատ զգուշությամբ պետք է դրանց հետադարձ ուժ տա: Ես չեմ ասում, թե չպետք է կիրառի, սակայն այնպես պետք է դա անի, որ քաղաքացին անհամաչափ ծանր գույքային վնասի չենթարկվի: Իսկ այս դեպքում, երբ դատավորը, որը նաև առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի և թոշակն էլ նրա կենսապահովման միակ միջոցն է` պետք է պահի և իրեն, և ընտանիքին, և պետք է բուժվի, 30-40 տոկոսով թոշակի նվազումըն լուրջ խնդիրներ է ստեղծում:

Եվ երբ աշխատող դատավորը տեսնում է թե ինչպես է պետությունը վարվում պաշտոնաթող դատավորի հետ, ապա դա նույնպես իր հետևանքները կարող է ունենալ:

Ֆինանսական անկախություն ի՞նչ է նշանակում. անկախություն` արտաքին ազդակների ներգործությունից: Երբ ստանան բավականաչափ աշխատավարձ, սոցիալական փաթեթը լինի կայուն, նա կարող է անկախ լինել: Հակառակ դեպքում չենք կարող վստահ լինել, քանի որ արտքին ազդակները կաշխատեն:

-Քանի որ խոսեցինք դատարանների անկախությունից, որքանո՞վ է, ըստ Ձեզ, սուր այդ խնդիրը Հայաստանում:

-Այդ խնդիրը բոլոր երկրներն ունենք: Մեզ մոտ, եթե համեմատենք 2002-2003 թվականների հետ, երբ Եվրակոնվենցիան նոր ամրագրվեց, ապա այսօր ունենք գործադիրին հակազդելու ինստիտուցիոնալ մեծ հնարավորություններ: Մեկ օրինակ բերեմ. մինչև 2004 թվականը դատական ողջ վարչարարությունը` դատարավորների անձնական գործը, դատավորների առաջխաղացումը, պաշտոնից ազատելը, նշանակելը արվում էր արդարադատության նախարարության միջոցով:

Իսկ այսօր ամբողջ վարչարարությունը, այդ թվում նաև անձնակազմի` կարգադրիչների, քարտուղարների, դատավորի օգնականների, հետազոտողների և այլն, որոնց թիվն անցնում է 2000-ը, վարչարարությունը արվում է դատական դեպարտամենտի միջոցով: Սա անկախության լուրջ հակակշիռ է:

-Սակայն քաղաքացիների և մասնագետների կողմից շարունակվում են դժգոհությունները` անարդար դատական ակտերի վերաբերյալ, կոռուպցիոն ռիսկերի մասին: Դուք առնչվե՞լ եք այդ խնդրին:

-Կոռուցպիայի հետ չենք առնչվել, բայց երբեմն այնպիսի դատական ակտեր են կայացվում, որ մեզ մոտ տարակուսանք է առաջացնում: Իհարկե, մենք չեն պնդում, թե պատճառը կոռուպցիան է, ուղղակի որոշումներ կան, երբ դատավորը հեռանում է թե պրակտիկայից, թե նախադեպային իրավունքից և կայացնում է խնդրահույց որոշում: Բայց ես չունեմ ճշգիտ տեղեկություններ այս մասին:

Մենք ունենք Մարդու իրավունքների զեկույցը, որտեղ խոսվում է զոնալ դատավորների մասին: Սակայն այդ զեկույցը հիմնված է ենթադրությունների վրա, չկան աղբյուրներ` թեկուզ գաղտնիացված: Ես չեմ կարող բացառել կոռուպցիան, սակայն չեմ էլ կարող ասել, թե որքանով է տարածված այն:

-Այդ դեպքում ո՞րն է պատճառը, երբ նման դատական ակտեր են ընդունվում:

-Կա երեք պատճառ` կոռուպցիա կա, դատավարոը ներքին համոզման վրա է վեճը լուծում, որի հետ մենք համաձայն չենք, սակայն սա չի նշանակում, թե դատավորը կոռուցպիայի մեջ է մտած և դատավորը փորձում է նոր խոսք ասել, նորարություն մտցնել:

Վիրավորանաքի և զրպարտության գործերով մենք վերաքննիչում ունեցանք մի որոշում, որը մեր շահերից չի բխում: Բայց երբ ես վերլուծում եմ, մտածում եմ, որ միգուցե դատավորը փորձում է նորամուծություն անել: Այսինքն` միշտ էլ ընկալման խնդիր կա, կողմերը տարբեր կերպ են ընկալում խնդիրը:

Չմոռանանք, որ դատավորը օրենքների հիման վրա է աշխատում, բայց միևնույն ժամանակ իր հայեցողությամբ` փաստերի սեփական վերլուծությամբ և օրենքների սեփական իմացությամբ: Այսինքն տարբեր պատճառներ կարող են լինել, թե ինչու կարող է դատական ակտը տարակուսանք առաջացնել: Անպայման չէ, որ բոլոր դեպքերում կոռուպցիան լինի պատճառը:

-Ըստ ձեզ, որ իրավունքներն են ամենից հաճախ խախտվում Հայաստանում:

-Վերջին երկու տարում խախատվում են անձին ազատությունից զրկելու դեպքերը, որոնք վերաբերում են ոչ թե խափանման միջոց կալանքի ընտրությանը կամ դատապարտմանը, այլ վարչական բերման ենթարկելուն: Ամեն անգամ, երբ  հանրահավաք լինում է, ձևականորեն վարչական բերման են ենթարկվում` փորձելով մի քանի ժամով իզոլացնել նրանց: Եվ սա զանգվածային է արվում:

Մեզ դիմում են նաև գույքային իրավունքի ոտնահարման խնդիրներով, վարչարարության հետ կապված և այլն:

-Խոսենք նաև հայաստանյան իրավաբանական գրասենյակների խնդիրների մասին: Ասում են, որ փաստաբանները շատ են, մրցակցությունը բավարա՞ր է: 

-Նախ ասեմ, որ փաստաբանների թիվը քիչ է` համաձայն միջին եվրոպական չափանիշի` յուրաքանչյուր 10 հազար բնակչին հասնում է 21-24 փաստաբան: Մենք դեռ գտնվում ենք 48 երկրների մեջ վերջին 10-15-րդ տեղում, Հայաստանում մինչև վերջերս այդ ցուցանիշը 6-ն էր, այժմ արդեն 7-ն է:  Սակայն փաստաբանների հետ կապված հարցը Փաստաբանական դպրոցը կարծես լուծում է:

-Բայց նույնիսկ այս պայմաններում կան փաստաբաններ, որ գործ չեն ունենում, թեև կան նաև փաստաբաններ, որ հաճախորդների պակաս չունեն:

-Դա բնականոն մրցակցություն է: Մրցակցությունը պետք է լինի, որ որակ ապահովվի, հակառակ դեպքում լճացում կլինի:

-Իմ զրուցակիցներից մեկը նշում էր, որ այս շուկայում մրցակցությունը սակայն այդքան էլ արդար չէ. կան փաստաբաններ, որ զարտուղի ճանապարհներով, որտեղ իրավաբանություն չկա,  «հարցը լուծում» են: Եվ մարդիկ հաճախ նախընտրում են հենց նմաններին դիմել:

-Այո, դրանք «գրպանի փաստաբաններն» են: «Գրպանի փաստաբաններ» կան,  բայց ես իսկապես չգիտեմ, թե նրանք որքանով են շուկայի վրա ազդում` շատ է նրանց թիվը, որքա՞ն գումար են վերցնում:

Ես տեսնում եմ նաև, որ նոր սերունդն էլ է գալիս, որը նոր մեթոդներով է աշխատում: Նաև տեսնում եմ, որ ավագ և միջին սերունդն էլ պետք է իր վրա աշխատի, քանի որ մրցակցությունը գնալով ավելի աշխույժ է դառնում: Սա լավ է.  ստիպում է, որ փաստաբանն անընդհատ կատարելագործվի:

Միակ բանը, որ վատ է` մարդկանց վճարունակությունն է: Թվում է, թե փաստաբանները լավ գումար են վաստակում, բայց եթե վերցնենք վճարված կես կամ մեկ միլիոն դրամը և բաժանենք այն ամիսների քանակի վրա, որ այդ գործով աշխատում է փաստաբանը, ապա դա այդքան էլ մեծ գումար չէ: Իսկ հաճախ գործի քննությունը տևում 1-2 տարի:

Եվ այն վճարը, որը որոշակի ժամանակ սնում է, դադարում է, իսկ գործի քննությունը շարունակում է, և փաստաբանը ստիպված է լինում շատ գործեր վերցնել: Ստիպված իր գինը նվազեցնում է, որովհետև մարդիկ վճարունակ չեն և ստիպված շատ գործեր է  վերցնում` 5-6 կամ 7 գործ, իսկ կան փաստաբաններ, որ տասնյակ գործեր:

-Իսկ ձեր գրասենյակը քաղաքացիների ցածր վճարունակության խնդիրը զգու՞մ է, և ինչպե՞ս է լուծում հաճախորդների հարցը:

-Մենք զգում ենք վճարունակության խնդիրը, բայց շատ գործեր չենք վերցնում: Մենք վերցնում ենք քիչ և կոնցեպտուալ գործեր` ՄԻԵԴ կամ ՍԴ-ին ուղղված դիմումներ: Մենք գործերի առատ հոսքեր չունենք, որովհետև չենք ձգտում դրան:

Հարցազրույցը`Աստղիկ Կարապետյանի

 Լուսանկարները` Ալեքսանդր Սարգսյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան 

Այս շարքի մյուս հարցազրույցներն են`

Կատեգորիկ արդարադատություն չկա, կա լավ կամ վատ իրավաբան. Հակոբ Ղարախանյան

Քաղաքացիական իրավունքն ճշգրիտ է և ամեն խնդրի դեղատոմսն ունի. Ալեքսանդր Սիրունյան

Մենք չենք ցանկանում, որ քաղաքացին անտեղի ծախս կատարի. Գուրգեն Մալխասյան

Իրավաբանական սխալի ապահովագրման ինստիտուտը պետք է կայանա Հայաստանում. Տարոն Սիմոնյան

«Դատավորները մտնում են փաստաբանական շուկա». Գևորգ Գյոզալյան

Եթե գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես. «Մեժլումյան և Պետրոսյան» գրասենյակ

Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան 

Փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. Վարուժան Վարդանյան

Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան

Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան 

«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ-ում դատական գործն ընդդեմ Հայաստանի

Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ-տնտեսական վիճակը 

«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան

«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել

«Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու». իրավաբանական ընկերության համահիմադիր

Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել