Ինչպե՞ս ստանալ ապահովագրական հատուցում

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի համաձայն` Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` Բյուրոյին:

Եթե տուժողը կամ նրա իրավահաջորդը եռամսյա ժամկետում ապահովագրական հատուցում ստանալու համար չի դիմում պատահարի հետևանքով անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում լինելու պատճառով, որ անհնարին է դարձրել տուժողի կամ նրա իրավահաջորդի կողմից ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելը կամ գույքին պատճառված վնասների առկայության դեպքում` այդ գույքի պահպանման համար պատասխանատու անձի (գույքը նրա մոտ գտնվել է այն պահպանելու, օգտագործելու կամ նրա համաձայնությամբ այլ նպատակներով) կողմից պատահարի մասին չտեղեկացնելու պատճառով, ապա նրա համար եռամսյա ժամկետը սկսում է գործել ապահովագրական հատուցում ստանալու համար դիմում ներկայացնելն անհնարին դարձնող հանգամանքների վերացման կամ ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու օրվանից սկսած:

Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը: Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված:

Եթե տուժողն ունի  Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար այս օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ: Եթե տուժողը և վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միևնույն ապահովագրական ընկերության հետ, ապա տուժողի (նրա իրավահաջորդի) պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում:

Եթե տուժողն ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղևոր է և չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերության հետ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի (նրա իրավահաջորդի) ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել