Նորություններ

Կատեգորիկ արդարադատություն չկա, կա լավ կամ վատ իրավաբան․ Հակոբ Ղարախանյան

Արդարադատություն, կոռուպցիա, մրցակցություն և որակյալ իրավաբանություն։ «Ֆակտում» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Հակոբ Ղարախանյանի հետ մեր զրույցի թեմաներն են։ Հարցազրույցն իրականացվել է «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի շրջանակներում։

 – Ինչո՞ւ հենց «Ֆակտում» և ե՞րբ ստեղծեցիք գրասենյակը։

– «Ֆակտում» լատիներենից նշանակում է՝ փաստ։ Իմ որոշումը անվանել գրասենյակը հենց այսպես ուղղակիորեն առնչվում  է փաստ բառի հետ այնքանով, որքանով ամբողջ իրավաբանությունն առնչվում է կոնկրետ փաստերի հետ, վերացականություն չի սիրում։ Գրասենյակը ստեղծել ենք այս տարվա մայիս ամսին։ Այն բազմապրոֆիլ է, իրավաբանական ծառայություններ ենք մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով։

– Պարոն Ղարախանյան, ես քաղաքացի եմ և իրավաբանական խորհրդատվության կարիք ունեմ։ Ինչո՞ւ պետք է դիմեմ հենց Ձեր գրասենյակը։

– Ցավով պետք է արձանագրեմ, որ իրավաբանական ծառայություններն այնպիսի առանձնահատկություններ ունեն, որ դրանց որակն ու անորակությունը երևում է բավականին ուշ։ Միշտ պետք է զուգահեռներ անցկացնել բժշկության հետ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ կան նաև ապաշնորհ բժիշկներ, որոնք կարող են սխալ բուժում իրականացնել և մարդը ծանր կացության մեջ ընկնի։ Արդյունքում անձը դիմում է առավել գրագետ բժիշկի, վերջինս էլ նախ պետք է շտկի նախկին բժշկի սխալներն, որից հետո միայն իրականացնի ճիշտ բուժում։ Նույնը մեր ոլորտում է։ Եթե լավ փաստաբան է, անպայման պետք է կարողանա հասնել արդարացման։ Նշեմ նաև, որ մեր ընկերությունն առաջարկում է ընտանեկան իրավաբանի ինստիտուտի ներդնումը։ Այն տեղյակ լինելով կոնկրետ ընտանիքի խնդիրներին, շատ ավելի արդյունավետորեն և օպերատիվ է կարողանում օգտակար լինել այդ ընտանիքին։ Ունենք նաև անհատական իրավաբանի ինստիտուտը, նույն սկզբունքով կոնկրետ անհատի իրավունքներ է պաշտպանում իրավաբանը, բացի այդ ներդրել ենք նաև հաշտարար իրավաբանի ինստիտուտ, որն էլ ենթադրում է ցանկացած բնույթի իրավաբանական հարցերի լուծում կամ էլ լուծման փորձ արտադատարանական կարգով՝ բանակցությունների և իրազեկման մեթոդներով։

– Այդ առումով, հիշում եմ Ձեր հարցարզույցներից մեկում ասում էիք՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բացառվեն արդարացման դատավճիռները։ Այդ ժամանակ Լոռում մարզի դատախազի պաշտոնն էիք զբաղեցնում։

– Ես հիմա էլ կարող եմ հայտարարել՝ իմ դատախազ աշխատելու ամբողջ գործունեության ընթացքում եղել է մեկ արդարացման դատավճիռ, դրանում իմ մեղքի բաժին էլ կար՝ այնքանով, որքանով եղել եմ վերահսկողություն իրականացնող դատախազ։ Այժմ էլ մնում եմ այն կարծիքին, որ արդարացման դատավճիռներ չպետք է լինեն։

– Փաստորեն, քրեական գործերով պետք է Ձեր գրասենյակը հակառակը ապացուցի։

– Այո, և շատ հեշտությամբ ստացվում է, եթե դու իհարկե լավ իրավաբան ես։ Եթե կայացվում է արդարացման դատավճիռ, դրա ուղղակի մեղավորը քննիչն ու դատախազն են, ավելի շատ՝ դատախազը։ Հարգելի դատախազ, եթե այդ գործը պետք է ի վերջո արդարանար, ուրեմն դու դա չպետք է հաստատեիր ու բաց թողնեիր դատարան, ուրեմն այն խախտումները, այն հիմքերը, որոնք դրված են դատական ակտի մեջ, չպետք է վրիպեին դատախազի աչքից, հենց նա պետք է այդ գնահատականը տար։ Թող կարճեր, չուղարկեր դատարան։

– Իսկ ինչո՞ւ Դուք դուրս եկաք դատախազության համակարգից։

– Աշխատել եմ 22 տարի, դրանով իսկ ձեռք եմ բերել վաստակած հանգստի, թոշակի իրավունք։ Ես 21 տարեկանից աշխատել եմ համակարգում։

– Եղել եք քննիչ, դատախազ, հիմա այսպես ասած՝ անցել եք սահմանի հակառակ կողմը՝ իրականացնում եք պաշտպանական գործունեություն, մրցակցության մեջ եք մտնում նույն քննիչի և դատախազի հետ։ Փորձենք հասկանալ հոգեբանությունը։

– Շատ կատեգորիկ ասեցիք, մենք միայն պաշտպանական գործունեություն չենք իրականացնում, այլ իրավաբանական ծառայություն մատուցում։ Պաշտպանական գործունեությունը վերաբերում է քրեական և քրեադատավարական հատվածին, որը մեր ընկերության մի հատվածն է, ընդ որում՝ ավելի փոքր հատվածը։ Ես չէի ասի՝ սահմանի այս, թե այն կողմ։ Դատախազ աշխատելիս էլ ինքս էլ աշխատանք տարել եմ անորակությունը հայտնաբերելու, շտկելու և դրանով իսկ արդարադատություն իրականացնելու գործընթացին։ Այսօր էլ եմ նույն խնդիրը լուծում, դա սահման չի ճանաչում։ Իրավաբանությունը սահմաններ չի ճանաչում։ Համեմատության համար ասեմ, որ Գերմանիայում իրավաբանը ստանալով արտոնագիր միաժամանակ հնարավորություն է ստանում աշխատելու փաստաբան, դատավոր և դատախազ, ընդ որում՝ օրենսդրական հստակ պահանջ է դրված, որ ժամանակ առ ժամանակ, նա պետք է փոխի գործունեության ոլորտը։ Սա նշանակում է, որ Ձեր նշած հոգեբանական ուղղվածությունը որևէ վտանգավոր հետևանք չի ունենում։

– Հիմա Դուք համակարգից դուրս եք ու այլ աչքերով եք նայում դրան, ըստ իս։ Եթե հայացք եք նետում՝ թերացումներ ունի՞ դատախազական ու քննչական համկարգը, ու որտե՞ղ են այդ թերացումները։

– Անթերի համակարգ չկա, խնդիրը թերացումների քանակի մեջ է։ Այդուհանդերձ ես չեմ կարող հստակ գնահատական տալ, քանի որ դուրս եմ համակարգից։

– Հաճախ փաստաբանները քրեական, ինչու չէ նաև՝ քաղաքացիական գործերով մրցակցության սկզբունքի խախտման մասին են խոսում։

– Եթե դա նվնվոցի չի վերածվում, ապա պետք է բարձրաձայնել, որովհետ այսօր մրցակցությունը չի ենթադրվում, որ քո ասածը կատեգորիկ պետք է ընդունվի, ոչ՝ քո խոսքերը պետք է հիմնավորված լինեն։ Իրավաբանությունը սիրում է գործ, ոչ թե խոսք։

– Ըստ Ձեզ՝ քաղաքացիների վստահությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ բարձրացե՞լ է, թե՞ ոչ։

– Փաստաբանական, քննչական և դատախազական կորպուսները մի ամբողջ օրգանիզմի տարբեր մասնիկներ են։ Քաղաքացու հավատի կորուստը մեկի ուղղությամբ, առաջացնում է ավելացում՝ հօգուտ մյուսի։ Այստեղ հիմնական պատճառը որակն է։ Եթե քաղաքացին տեսնում է, որ այս կառույցը անորակ է կատարում իր գործունեությունը, պետք է փորձի դրանք շտկել մյուս՝ դրան հակադիր լիազորություններ ունեցող կամ իրավունքներ ու պարտականություններ կիրառող կառույցում։ Սա է մրցակցությունը։ Այս ամենի արդյունքում ծնվում է արդարադատություն։

– Հաջորդ հարցս հենց արդարադատությանն էր վերբերում՝ արդար դատական համակարգ, սա միֆ է, թե՞ իրականություն։

– Դրա մեջ և՛ իրականություն կա, և՛ միֆ։ Բացարձակ արդարադատություն չփորձեք փնտրել երբեք։ Կա լավ և վատ իրավաբան, սակայն կատեգորիկ արդարադատություն չի կարող լինել։

– Եթե խոսում ենք դատական համակարգից, մեծագույն խնդիրներից մեկն այս համակարգում, իմ սուբյեկտիվ գնահատականով, կոռուպցիան է։ Երբևէ առնչվել եք այս արատի հետ նշյալ համակարգում։

– Դա միշտ էլ խնդիր է եղել, Սոկրատի ժամանակցի սկսած, որովհետև դա մարդկային հարաբերությունների մեջ այնքան արմատացած է, որ բնազդի տեսք ունի։ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ լուրջ պետական քաղաքականություն, համակարգված ծրագիր ու մոտեցում է պետք։

Հարցազրույցն ու լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի

Նախագծի մտահղացման հեղինակ` Կարեն Զադոյան 

Այս շարքի մյուս հարցազրույցներն են`

Մենք չենք ցանկանում, որ քաղաքացին անտեղի ծախս կատարի. Գուրգեն Մալխասյան

Իրավաբանական սխալի ապահովագրման ինստիտուտը պետք է կայանա Հայաստանում. Տարոն Սիմոնյան

«Դատավորները մտնում են փաստաբանական շուկա». Գևորգ Գյոզալյան

Եթե գործը վերցնում ես, պետք է մինչև վերջ տանես. «Մեժլումյան և Պետրոսյան» գրասենյակ

Ոչ մի երկրում իդեալական դատական համակարգ չկա, մեզ մոտ ևս. Լևոն Գևորգյան 

Փաստաբանի աշխատանքում ամենակարևորը անհատական շփումներն են. Վարուժան Վարդանյան

Իրավաբանի մասնագիտությունը նաև պարտավորեցնում է բարոյական առումով. Գրիգոր Մինասյան

Իրավաբանական ընկերություններում կարևորը մարդիկ են. Սեդրակ Ասատրյան 

«ԱրՆի» փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել ՄԻԵԴ-ում դատական գործն ընդդեմ Հայաստանի

Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ-տնտեսական վիճակը 

«Ընկերությունը պատվիրատուների խնդիրները լուծում է միայն իրավական ճանապարհով». Արա Զոհրաբյան

«ԼեգալԼաբ»-ի իրավաբանները որոշել են ոլորտում աշխատանքային մշակույթ զարգացնել

«Գործը ստանալիս` թիմով ենք աշխատում, թիմով ենք պատասխանատու». իրավաբանական ընկերության համահիմադիր

Իրավական պետության գաղափարը բոլորին օրենքի առաջ հավասարազոր տեսնելն է

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել