Ինչպե՞ս վարվել, երբ ապօրինի ներխուժել են ձեր սեփական տարածք

Հնարավոր են դեպքեր, երբ անձի սեփականության տարածք անօրինական կերպով մուտք են գործում կողմնակի անձինք` խախտելով սեփականատիրոջ իրավունքները, կամ հասարակական կարգը: Նման իրավիճակներից ելնելու նպատակով` մայիսի 10-ի 2007 թվականի N 797-Ն ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվում է այն կարգն ու պայմանները, համաձայն որի ոստիկանությունը կարող է լիազորված լինել կանխել կամ վերացնել անշարժ գույք ներխուժումը` գույքի օրինական տիրապետողի կողմից:

Այսպես, հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ` առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության անշարժ գույքի տարածք մուտք գործելը կանխելու կամ վերացնելու համար: Անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով: Ոստիկանությունը պարտավոր է անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումըստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածքը, եթե անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից գրավոր չեն նշվել անշարժ գույքի տարածք ներկայանալու ավելի ուշ ժամկետներ:

Ոստիկանությունն անշարժ գույքի տարածք ներկայանալով ստուգում է դիմող անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, որից հետո պարզում է անշարժ գույքի տարածքում գտնվող կամ տարածք մուտք գործել ցանկացող անձի ինքնությունը և նրա կողմից անշարժ գույքի տարածքում մուտք գործելու կամ գտնվելու հիմքերը կամ պատճառները:Ներխուժումը կանխելուց կամ վերացնելուց անմիջապես հետո ոստիկանը կազմում է արձանագրություն: Առավել մանրամասն ներխուժման կանխելու կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ` ուսումնասիրելով մայիսի 10-ի 2007 թվականի N 797-Ն ՀՀ Կառավարության որոշումը:

Ավելացնենք, որ ազգակցական, բարեկամական կապերը կամ տվյալ անշարժ գույքի տարածքում հաշվառված լինելու հանգամանքն ինքնին անձին իրավունք չի վերապահում առանց տիրապետողի համաձայնության մուտք գործել կամ գտնվել անշարժ գույքի տարածքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել