12 հոգանոց պատվիրակության այցը դեպի Արցախ արժեցել է 2.9 մլն դրամ

Հունիսի 1-3-ը Երևանի էրեբունի վարչական շրջանից պատվիրակություն է մեկնել Արցախ` կրթական և մշակութային կապերի ամրապնդման և փորձի փոխանկման, ինչպեսև տեխնիկական և գույքային աջակցության համար:

Երկու օր Արցախում գիշերելու, սնվելու և ճանապարհածախսի համար «Էլիտա ԷՍՎԵ» ընկերությանը վճարվել է 2.9 միլիոն դրամ (ավելի քան 6000 դոլար): Ընդ որում, ուղևորությունը կազմակերպվել է բարձրակարգ միկրոավտոբուսներով:  Նախաճաշերը, ճաշերն ու ընթրիքները կազմակերպվել են 15 անձի համար:

Սակայն Երևանի փոխքաղաքապետ Վ. Նիկոյանը Իրավաբան.net-ի հարցման պատասխանում նշում է, որ պատվիրակությունը կազմված է եղել 12 հոգուց (2 վարորդին նույնպես ներառել են պատվիրակության կազմում): Այսինքն` յուրաքանչյուր անձի համար Արցախի եռօրյա գործուղումը արժեցել է 500 դոլար:

«Պատվիրակության կազմում եղել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, նրա տեղակալը, ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետը, կոմունալ տնտեսության և բազմաբնական շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետը, մեկական աշխատակից կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունից և երկու վարորդ»,- նշվում է փոխքաղաքապետի պատասխանում:  New Picture

Մեզ ուղղված պատասխանում փոխքաղաքապետը նշել է նաև, որ այցի շրջանակներում  համագործակցության հուշագրեր են կնքվել ԼՂՀ Հադրութի շրջանի և Հադրութի քաղաքապետարանի հետ, Հադրութ քաղաքին նվիրաբերվել են 4 նստարան` «Երևան-Հադրութ» գրառմամբ, և 4 աղբաման, քաղաքի վարչակազմին` պատճենահանման սարք, Հարդութի շրջանի վարչակազմին` համակարգիչ, իսկ քաղաքի մանկապարտեզներին` անկողնային պարագաներ, մարզագույք և խաղալիքներ:

Այցելություն է եղել նաև Մարտունու շրջանի զորամասեր և մարտական դիրքեր, հանձնվել են հեռուսատցույցներ և էրեբունու վարչական շրջանի աշակերտների կողմից հավաքված խորհրդանշական նվերներ:

Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանի համար անհասկանալի է, թե ինչու է այդքան մեծ պատվիրակություն ուղարկվել. «Այն որ պետք է  այցելություններ լինեն, կապերն ամրապնդվեն քաղաքների միջև, նորմալ է և այդպես էլ պետք է լինի: Բայց ինձ համար հասկանալի չէ պատվիրակության մեծ քանակը, առնվազն դրա կեսը կարող էր գնալ: Բացարձակ կարիք չկար վարչական շրջանի ղեկավարի տեղակալին էլ, քարտուղարին  ընդգրկել»:

 Իրավաբան.net-ի հետ զրույցում ավագանու անդամը նշեց, որ պետք է հաշվետվություն և բացատրություն ներկայացվի, թե պատվիրակության կոնկրետ անդամը ինչու է մեկնել և ինչ գործ է արել այնտեղ. «Այն, որ շատ մարդ է մեկնում Արցախ, դա լավ է, բայց որ դա արվում է պետական միջոցների, քաղաքի բյուջեի հաշվին, ապա այդ հարցերում պետք է չափազանց զգույշ ու հաշվարկված լինել»:

Ս. Սաֆարյանի համար անհարկի մեծ ծախս է թվում նաև հիշյալ 2.9 միլիոն դրամը. «Մեկ պատվիրակին 500 դոլարը չափազանց մեծ գումար է»:

Այս հարցի հետ կապված որևէ դիրքորոշում չցանկացավ հայտնել ավագանու մեկ այլ անդամ Թամարա Պողոսյանը: Նա նշեց, որ մինչև չտեսնի նախահաշիվն ու հիմնավորումները` ոչինչ չի կարող ասել:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ