Քննիչին հայտնել է, թե գյուղապետը 800 հազար դրամ կաշառք է ուզել՝ աշխատանքի ընդունելու համար

Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել 57-ամյա Սուսաննա Մանուկյանին՝ սուտ մատնություն անելու համար:

Համաձայն գործի նյութերի՝ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակչուհի Սուսաննա Մանուկյանը, 2014 թվականի սեպտեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Գարեգին Բեգյանը` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, 2010 թվականի օգոստոս ամսին իրենից վերցրել է 800.000 ՀՀ դրամ գումար, որպեսզի իրեն թույլատրի աշխատել հաշվապահի պաշտոնում:

Իսկ  2009 թվականից մինչև 2013 թվականը ընկած ժամանակահատվածի իր աշխատավարձը, որը ընդհանուր կազմել է 4.700.000 ՀՀ դրամ, չի վճարել և իրենից պահանջել է 1.000.000 ՀՀ դրամ` աշխատավարձը վճարելու համար:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գեղամասար գյուղի գյուղապետարանի 2008 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 13 որոշմամբ Ս. Մանուկյանի աշխատանքը դադարեցվել է` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով` մինչև համապատասխան մրցույթի անցկացումը: Դրանից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվել նույն գյուղի բնակիչ Արթուր Սահակյանի հետ վեցամսյա ժամկետով` մինչև համապատասխան մրցույթի անցկացումը:

2009 թվականին տեղի է ունեցել մրցույթ` հաշվապահի թափուր պաշտոնի համար, որին մասնակցել է նաև Ս. Մանուկյանը, սակայն, վերջինս չի հավաքել բավարար միավորներ և պարտվել է մրցույթի արդյունքներով, իսկ մրցույթը շահել է Ա. Սահակյանը, այսինքն` Ս. Մանուկյանը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հաղորդում է տվել` կատարելով սուտ մատնություն:

Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Դատարանը, հաշվի առնելով մեղամացուցիչ հանգամանքերը, որ կինը 2-րդ կարգի հաշմանդամ է և նախկինում դատվածություն չի ունեցել, սահմանել է մեկ տարի ազատազրկման կերպով պատիժը պայմանականորեն չկիրառել:

Դատավճռի դեմ վերաքննիչ ատյան բողոք է ներկայացվել՝ դատավճիռը բեկանելու և նոր քննության ուղղակելու պահանջով: Վերաքննիչ ատյանում գործիք քննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել