Անհրաժեշտ է փոխել կաշառք տալու մասին իրավապահներին հայտնելու սահմանված ժամկետը

ՀՀ Քրեական օրենսգրքում սահմանված է խրախուսական նորմ, համաձայն որի՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան երեք օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:
Իրավաբան. net-ի հետ զրույցում իրավաբանական հոգեբանության փորձագետ, Երևանի Հակակոռուպցին կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը փոխանցեց, որ համաձայն հոգեբանական հետազոտությունների՝ անձն իր մեղքը գիտակցելու համար անցնում է որոշ հոգեկան փուլերի միջոցով, որոնցից հիմնականն են՝ կատարված գործողության վերլուծությունը, եզրակացության հանգումը, մեղքի գիտակցումը, մեղքի ընդունումը, որոշման կայացումը:
«Վերոնշյալ փուլերի միջոցով անցնելու համար, կախված անձի հոգեկան հատկանիշներից, կարող է տևել 1 օրից մինչև 5 օր, իսկ որոշ մարդիկ այդ փուլերի միջով կարող է ընդհանրապես չանցնեն, կամ դա տևի տարիներ: Մինչդեռ, որպես կանոն, միջինը կարող է տևել մինչև 5 օր», -նշում է փորձագետը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զգալի մաս են կազմում այն մարդիկ, ովքեր հավակնություն ունեն դիմելու այդ քայլին, սակայն դանդաղ են անցնում հոգեկան գործընթացներով, ուստի, նման մարդկանց նույնպես կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու համար, Զարուհի Հարությունյանը առաջարկում է քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով սահմանված վերոհիշյալ 3 օրը դարձնել 5:
Աղբյուրը՝ Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել