7 անձի կյանք խլած վթարի գործը. Վկայի խոսքերով՝ «Գազել»-ն ընթացել է 120-130կմ/ժ արագությամբ

2015թ. հուլիսի 02-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի գործով դատական նիստը: Տուժողներից Հասմիկ Հովհաննիսյանը դատարան էր ներկայացրել հայց՝ պատճառված վնասի հատուցման պահանջով: Շարունակվեց գործով վկաների հարցաքննություն:

Առաջինն հարցաքննվեց վկա Էրիկ Բալայանը, ով հանդիսանում է «Իմէքս-Գրուպ» ՍՊԸ-ի բանվոր-աշխատողը: Էրիկը դատարանին հայտնեց, որ 2014թ. նոյեմբերի 10-ին վերջիններս Արթիկ քաղաքից գնացել են Գյումրի ապրանքների փոխանցման համար: Հասնելով Հոռոմ-Գյումրի խաչմերուկին «Կամազ» մակնիշի ավտոմեքենան պետք է թեքվեր աջ՝ Գյումրի: Սակայն Էրիկը ճանապարհին զբաղված է եղել հաշիվ-ապրանքագրերի դասավորմամբ և չի հիշում, որ խաչմերուկին հասնելիս արդյոք մեքենան կանգնել է «Կանգ» նշանի մոտ, արգելակել է, թե՝ ոչ: Նա տեղեկացրեց, որ չի տեսել «Գազել» մակնիշի ավտոմեքենան: Այնուամենայնիվ, նշեց, որ իր կարծիքով «Կամազ»-ն ունեցել է 30-40կմ/ժ արագություն, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենան՝ 120-130կմ/ժ:

Մեղադրողի, տուժողների իրավահաջորդների ու ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց հետո, հարց տվեց ամբաստանյալ Մսմվել Վարդանյանը: Նա հարցրեց. «Ինչպե՞ս դու կարող է չհիշես «Կանգ» նշանի մոտ իմ կանգնելը, երբ դու ինքդ մեր ընկեր Արմանին, ով քնած էր առաջ թեքվելու համար դիտողություն արեցիր»: Էրիկը պատասխանեց, որ հիշում է նման դեպք, սակայն թե կոնկրետ ճանապարհի ո՞ր հատվածում է դա եղել չի կարող ասել:

Քանի որ վկա Էրիկ Բալայանի նախաքննության ու դատաքննության ընթացքում տված ցուցմունքների մեջ առկա էին էական հակասություններ, այն է՝ նա նշել էր, որ մինչև բախումը, ինքը տեսել էր «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որ «Գազելը» եղել է 70-80կմ/ժ արագությամբ, որ ըստ իրեն մեղավոր է «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, պատասխանեց, որ իրենից բացատրություն վերցվել է գիշերը ժամը 1:00-ից մինչև առավոտյան 5:00-ը: «Բնականաբար, շոկի մեջ էին, էդքան էլ վառած մարդ տեսանք, համ էլ քունը գլուխս էր: Քննիչն ասեց, թե եթե կանգնած լիներ, հասատատ դա նկատած կլինեիր, ես էլ չառարկեցի»,- պարզաբանեց վկան: Այնուհետև, հարցաքննվեցին խաչմերուկի մոտ առկա գազալցակայանի աշխատակիցները: Մյուս վկաների չներկայանալու մասով կայացվեց որոշում նրանց բերման ենթարկելու մասին:

Դատական նիստը հետաձգվեց մինչև 2015թ. հուլիսի 10-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել