Խիստ անթույլատրելի է քաղաքացիական հագուստով ոստիկանների ներկայությունը ցույցերին. Կարեն Անդրեասյան

Այս պահին ոստիկանությունը գործում է հանդուրժողականության մթնոլորտում: Խոսելով Բաղրամյան պողոտայում ոստիկանների պահվածքից՝ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նրա փոխանցմամբ՝ ցանկացած աննշան սպառնալիքի դեպքում օմբուդսմենին ներկայացուցիչները հայտնվում են տեղում, որպեսզի տան իրենց գնահատականը: Կարեն Անդրեասյանը հույս հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունը կիրականացնի խիստ և օբյեկտիվ հետաքննություն՝ բացահայտելով հունիսի 23-ին Բաղրամյանում տեղի ունեցածն ու լրագրողների նկատմամբ բռնությունը:

Այդուհանդերձ նա ասաց. «Մենք դրական ենք գնահատում ոստիկանության՝ այս բոլոր օրերի հանդուրժող գործողություններն՝ անկախ առանձին ձևակերպումներից և դրսևորումներից, ինչպես նաև դրական ենք գնահատում ցուցարարների խաղաղ՝ առանց որևէ միջադեպերի վարքագիծը, և ողջունում ենք երկու կողմերում էլ բոլոր դրական դրսևորումները»:

Հունիսի 23-ին ոստիկանների գործողության վերաբերյալ ՄԻՊ-ն իր գնահատականը կտա առանձին որոշմամբ՝ առաջիկա օրերին, այժմ սպասում է ոստիկանության պատասխանին. «Նույնիսկ եթե ընդհանուր գործունեությունը դրական գնահատվի, նման էպիզոդները՝ ոչ համազգեստով, առանձին, կասկածելի տեսք և վարքագիծ ունեցող անձանց նման սուր իրավիճակում, այսինքն՝ ցույցերին, հավաքներին, խիստ անթույլատրելի է»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել