Մեր շահառուները ՀՀ բոլոր քաղաքացիներն են, իսկ թիրախը` կանանց իրավունքների պաշտպանությունը. Կարեն Զադոյան

«Մեր շահառուները միայն կանայք չեն, մեր շահառուները ՀՀ քաղաքացիներն են, իսկ թիրախը` կանանց իրավունքների պաշտպանությունը»,- այսօր Երևանում անցկացվող «Կանանց իրավունքները» ուսուցման ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ Կարեն Զադոյանը: Նա նշեց նաև, որ ծրագրի նպատակն է կոտրել այն կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների պաշտպանությանը:

Այսօր Երևանում  հասարակական կազմակերպությունների, Երևանին հարակից մարզերի ՏԻ մարմինների ներկայացուցիչների  համար անկացվեց «Կանանց իրավունքները» թեմայով ուսուցում, որը կազմակերպվել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»  շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Կարեն Զադոյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում խնդրահարույց հարցերի վերաբերյալ ուսուցումներ են անցկացվել Երևանում և մարզերում, և այսօրվա ուսուցումը 10-րդ էր: Ներկայիս իրականությունում հաճախ խախտվում են կնոջ աշխատանքային սեփականության, վերարտադրողականության իրավունքները, և դրանց պատճառ կարող է լինել իրավունքների և իրավական նորմերի չիմացությունը:

 Կ. Զադոյանը հայտնեց նաև, որ ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն ուսուցման մասնակիցներին ներկայացրեց կանանց սեփականության իրավունքները` ամուսնության, ամուսնալուծության և ժառանգության հարցերի շրջանակներում: Նրա խոսքով, ներկայումս սեփականության իրավունքի խնդիրներ են առաջանում, երբ փաստացի ամուսնությունը չի գրանցվում, գրանցված ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը օտարվում է ամուսնու կողմից, ամուսինների չգրանցված եկամուտների դեպքում և այլն: Նա ներկայացրեց նաև կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքում իրավական խնդիրները:

ՀԵԻԱ իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը խոսեց աշխատանքային ներպետական և միջազգային իրավական նորմերի մասին, ներկայացրեց ներկայումս առկա մտահոգող խնդիրները: Նրա խոսքով, այժմ չկան գործատուի դեմ դատարանում իրենց իրավունքները կիրարկել ցանկացող անհատներին վրեժխնդրությունից պաշտպանող դրույթներ: Կանայք իրավական պաշտպանություն չունեն նաև սեռական հետամտումների ենթարկվելու դեպքում, քանի որ սեռական հետամտումները իրավական խնդիր չեն համարվում:

Նա ներկայացրեց նաև օրենսդիր, գործադիր մարմիններում և դատական համակարգում կանանց մասնակցության խնդիրները, դրանք կարգավորող իրավական ակտերը: Նրա խոսքով, ներկայումս մտահոգող խնդիրներից է այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն իրավանորմեր, որոնք կապահովեն համայնքներում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում (բացառությամբ Երևանի ավագանուց): Չկան նաև բիզնես ընկերությունների խորհուրդներում կանանց մասնակցությունն ապահովող իրավանորմեր: Նա ներկայացրեց նաև միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները`կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները:

Մասնակիցները սեմինարի ընթացքում հարց ու պատասխանի միջոցով վեր հանեցին մտահոգող խնդիրները, կատարեցին խմբային աշխատանքներ, դիտեցին ոլորտին առնչվող տեսանյութեր:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել