Նոր մեխանիզմ` դատապարտյալների առողջության և իրավունքների պաշտպանության համար. հետաքննության արդյունքները

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ ծրագրի ցանկով սահմանված կետերից մի քանիսով նախատեսված աշխատանքները ներառում են քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակումն, ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգի բարեփոխումն, ինչպես նաև Հայաստանում պրոբացիոն ծառայությանը ներդրումն: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ: Կատարվածի ու անելիքների մասին է մեր հետաքննությունը:

Ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ

Դատական և իրավական բարեփոխումների ծրագրով նախատեսվում էր մինչ 2014 թ-ի մայիս ընդունել «ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում: Ինչպես տեղեկանում ենք արդարադատության նախարարությունից, 2014թ. մարտ ամսին ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, իսկ մինչև տարեվերջ «ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է և դրվել շրջանառության մեջ: Այս կետով սահմանված աշխատանքները իրականացվել են մատնշված ժամկետներում: Իսկ ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը դեռ մշակման փուլում է, համապատասխան աշխատանքային խումբը`ստեղծված:

Ի՞նչ կարևոր խնդիր կլուծի պրոբացիոն ծառայությունը

Բարեփոխումների ռազմավարության ծրագրի առանցքային դրույթներից է պրոբացիայի` ազատազրկման այլընտրանքային պատժատեսակի ներդրումը Հայաստանում:

Պրոբացիոն ծառայությունը հիմվում է արդարադատության նախարարության ներքո, սակայն լինելու է անկախ համակարգ: Ծառայության հիմքում ընկած են 4 հիմնական բաղադրիչներ` հանցանք գործող անձի հետ տարվող աշխատանքներ մինչդատական փուլում, ազատազրկման փոխարեն, կալանավայրերում և ազատազրկումից հետո: Ծառայության ներդրումը կնպաստի նաև քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի 2014թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվության, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2014թ. դեկտեմբերի 8-ի դրությամբ պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր քանակը կազմում է 3912 մարդ, որից.

grafika

Նախատեսվում էր մինչ 2013թ-ի դեկտեմբեր ամիսը մշակել պրոբացիայի ծառայության գործունությունը կարգավորող իրավական ակտի նախագիծ, որը ուշացումով` 2014թ-ին է իրականացվել: Իսկ ծառայության ներդրման համար վերջնաժամկետ է սահմանված սույն թվականի տարեվերջը:

Ուշացումով, բայց արվեց

Ծրագրով նախատեսվում է նաև սահմանել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ: Կետով սահմանված աշխատանքներն պետք է ավարտին հասցնել 2013թ. նոյեմբերին, սակայն, արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենց նախաձեռնությամբ 2015թ. հունիս ամսից Եվրոպայի խորհրդի կողմի աջակցությամբ իրականացվում է «Առողջության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է վերանայել և արդիականացնել քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանման գործունեությունը և ազատազրկման վայրերում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքին վերաբերող օրենսդրությունը, այդ թվում՝ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության իրավական ընթացակարգն, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալի ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգի սահմանումը:

Իսկ ինչ վերաբերում է ներկայումս բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունների վերանայմանը և վերջինին գործունեության իրավական ընթացակարգերի սահմանմանը, նշեմ որ ԱՆ-ից մեզ տեղեկացրին, որ ՀՀ արդարադատության նախարարության 2012 թվականի օգոստոսի 31-ի 01/5430-12 թվակիր գրությամբ ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս կետով նախատեսված աշխատանքները կատարված են:

Ստացված պատասխանը թերի էր

Սահմանված կարգով մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ԱՆ, պարզելու համար ծրագրով ամրագրված կետերից 2.4.1-ի, 2.4.2-ի և 2.4.3-ի մասով աշխատանքներն ինչ ծավալներով են կատարվել:

Ըստ այդմ՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը և դրանից բխող «Պատիժը կատարող հիմնական կամ կարգապահական գումարտակի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2006թ օգոստոսի 24-ի թիվ 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության նախագիծը, որոնք նպատակ են հետապնդում շտկել պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտում առկա բազմաթիվ թերությունները և սահմանել պայմանական վաղաժամկետ ազատելու համար պահանջվող հստակ չափանիշներ:

Թեև մեր գրավոր հարցման մեջ նախարարությանը խնդրել էինք ասել, թե երբ են այս ակտերը շրջանառության մեջ դրվել, ինչը ենթադրում է, որ ԱՆ-ն պետք է նաև ամսաթիվ նշել, սակայն ոչ մի հստակ ամսաթիվ չկա:

Համաձայն ծրագրի ցանկի՝ 2.4.1 և 2.4.2 կետերով իրավական ակտերի նախագծերը պետք է ներկայացվեին ընդունման (այսինքն՝ ներկայացվեին ընդունող մարմնին՝ կառավարությանը, այուհետև ԱԺ-ին), սակայն ԱՆ-ի պատասխանից հստակ երևում է, որ դրանք չեն ներկայացվել ընդունող մարմնին սահմանված ժամկետներում:

Եզրահանգում

Այսպիսով, դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ ծրագրով սահմանված կետերի մի մասն արդեն իսկ իրականացվել է որոշակի ուշացումներով, մյուսն էլ` սահմանված ժամանակահատվածում, սակայն, դեռ որոշ կետերի մասով աշխատանքները ընթացքի մեջ են: Իսկ մինչ տարեվերջ հնարավոր կլինի իրականացնել ծրագրով ամրագրված բոլոր աշխատանքները, մասնավորապես, քրեական արդարադատության մեջ կունենանք «Պրոբացիայի պետական ծառայություն», թե` ոչ, ցույց կտա ժամանակը:

Տիգրանուհի Հարությունյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ