Հենրիկ Խաչատրյանն ինչքան բարձր պաշտոն ունեցավ, այնքան հասանելի դարձավ. Աիդա Իսկոյան

Իրավական պետություն ունենալու Հենրիկ Խաչատրյանի բանաձևը շատ պարզ էր ու հասարակ, ինչպիսին որ նրա կյանքն էր: Սահմանադրական իրավունքի մասնագետն ու Հայաստանի գլխավոր դատախազը շիտակ մարդ էր, սիրում էր կատակել, կարդալ դետեկտիվ գրականություն և չէր հանդուրժում, երբ պաշտոնյան չարաշահում էր իր լիազորությունները: Այսպիսին է Հենրիկ Խաչատրյանը՝ նրա կնոջ՝ Աիդա Իսկոյանի հուշերում: Գրագետ ու կրթված երիտասարդ, նվիրված որդի,ամուսին և ընտանիքի հայր, ի վերջո՝ մարդ, ով փորձում էր մեր հասարակության մեջ արմատավորել օրինականությունը:

Ո՞րն էր օրինական պետություն ստեղծելու Հենրիկ Խաչատրյանի բանաձևը, ինչպե՞ս նա դարձավ գլխավոր դատախազ ու ինչպիսի՞ մարդ էր նա: Բացահայտված իրադարձություններից՝ փակ մնացած դեպքերին փորձել ենք անդրադարձ կատարել հերթական հարցազրույցում: Զրույցը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտակրթական կենտրոնի ղեկավար, «Շրջակա միջավայրի իրավական պահպանության» ՀԿ նախագահ Աիդա Իսկոյանի հետ է:

Հարցազրույցը պատրաստվել է «ՀՀ գլխավոր դատախազները» շարքի համար: Հենրիկ Խաչատրյանը սպանվել է 1998 թվականին Երևանում՝ իր աշխատատեղում:

– Տիկին Իսկոյան, փորձենք հասկանալ՝ ո՞վ էր Հենրիկ Խաչատրյանը:

– Դժվար է մի բառով ասել: Մարդ, որը բավականին հետաքրքիր էր շրջապատի համար, շատ օգտակար, սիրված իր ընտանիքի ու ընկերների կողմից, մեծատառով հայ էր, պետականագետ, պետականամետ, ազնիվ քաղաքացի: Բուհն ավարտելուց հետո նա սկզբից անցավ դասախոսական գործունեության, ես էլ էի դասավանդում, այնուհետև գնաց կենտկոմ, աշխատեց պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ, հետո նշանակվեց Օրջոնիկիձեի շրջանի դատախազ, դատախազությունը բավականին հաջող էր աշխատում: Այդ դատախազությունը ճանաչվել էր որպես բազային, հենց նրա շնորհիվ: Նա շատ նվիրված էր իր աշխատանքին, երբեք չէին ասի, որ նա գոռոզ է, պաշտոնատար անձ է: Ինչքան բարձր պաշտոն ունեցավ, այնքան հասանելի դարձավ, այնքան մատչելի շրջապատի համար:

– Նաև բաց անձնավորություն էր լրատվամիջոցների հետ շփման հարցում, այդպես չէ՞:

– Այո: Ասում էր` մենք պետք է համագործակցենք լրատվամիջոցների հետ, նրանք են տալիս ինֆորմացիա, մենք պետք է ճշմարտությունն ասենք մարդկանց: Հիշում եմ՝ մի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները նրան հարցրին, թե պարոն Խաչատրյան ե՞րբ կունենանք իրավական պետություն, նա ժպտալով պատասխանեց. «Սպասում եք, որ հիմա գլխավոր դատախազն ինչ-որ շատ խելացի բան ասի` ոչ: Այն ժամանակ, երբ ես, դուք և մյուսները կսովորենք միշտ փողոցն անցնել կանաչ լույսի տակ»:

– Վերադառնանք ուսանողական տարիներին: Դուք հպանցիկ անդրադարձաք, սակայն ինձ հետաքրքրում է, թե ինչպե՞ս սկսվեց ձեր պատմությունը: Նա ռոմանտի՞կ անձնավորություն էր:

– Այո, շատ: Մենք նույն կուրսում ենք սովորել, այնպես ստացվեց, որ այդ կուրսում երկու մեդալակիր ընդունվեցին, մեր ազգանունները այնուհետև փակցրել էին ճեմասրահում, որպես բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներ: Մենք միասին սովորեցինք մինչև չորրորդ կուրս, և հետո հասկացանք, որ պետք է միասին ապրել մինչև կյանքի վերջ: Հենրիկը սեմինարների ընթացքում շատ ուշադիր լսում էր իմ պատասխանները, որպեսզի սխալներն ինձ ասի, այդկերպ փորձում էր հետս շփվելու առիթ գտնել:

Ի՞նչ գրականություն էր սիրում կարդալ, իրավական, թե ավելի շատ գեղարվեստական:

– Նա սիրում էր արվեստ, գրականություն: Դասական գրականությունից բացի, դետեկտիվներ էր շատ կարդում, չկար որևէ մեկը, որ կարդացած չլիներ: Մեր տանը ամեն ինչ գրքով էր զբաղված՝ սկսած բազկաթոռներից: Հենրիկը Ամասիայում էր ավարտել դպրոցը, նրա դասատուն պատմում էր, որ ձմռան ամիսներին ճանապարհները փակվում էին, բնակավայրը կրտվում էր աշխարհից, այդ ընթացքում Հենրիկը գրադարանի բոլոր գրքերը կարդում էր նորից՝ սպասելով, որ ճանապարհը բացվի և նոր գրքեր բերեն: Իսկ ամռանը նա խոտի դեզին պառկած էր գիրք կարդում, որ ոչ ոք չխանգարի: Նա շատ էր սիրում ռուս գրականությունը: Ասեմ նաև, որ Հենրիկը ոտանավորներ էր գրում: Գրականությունն ու արվեստը նրա մեջ էր:

– Ձեզ նվիրե՞լ է որևէ ոտանավոր:

– Այո, բայց դա միայն իմն է:

– Իսկ ինչպիսի՞ն էր նա ընտանիքում՝ որպես հայր և ամուսին:

Զավակներս միշտ ասում են, որ երբեք մեր տանը վեճ ու կռիվ չի եղել: Բացի այդ, ընտանիքում չկար դրվածք, թե տղամարդ է ու պետք է կարգադրի, ես կին եմ և պետք է ենթարկվեն:

– Ինչպե՞ս եղավ նրա նշանակումը՝ Գլխավոր դատախազի պաշտոնին: Ձեզ համար դա նորություն էր, թե սպասված իրադարձություն:

– Խոսակցություններ կային, սակայն ավելի շատ խոսում էին՝ արդարադատության նախարարի պաշտոնին նշանակելու վերաբերյալ:  Ես հիշում եմ՝ այդ օրը նա զանգահարեց ու ասաց, որ ինձ աշխատանքից կվերցնի: Ես իջա բակ, նստեցինք, փոքր ռադիո էր մոտը, հարցրի, թե այդ ռադիոն ի՞նչ է անում, ասաց, «Жена, все говорят, а ты ничего не знаешь, рядом с тобой сидит генеральный прокурор»:

– Կարծում եմ՝ պարոն Խաչատրյանը միայն աշխատավայրում էր կարգադրում՝ ելնելով իր աշխատանքի առանձնահատկությունից:

– Ոչ միայն, նրա կարևոր հատկություններից մեկն աշխատասիրությունն է: Օրինակ՝ ամեն աշխատանքային օր առավոտյան 8:30 պետք է լիներ շենքում, մեկ օր եկավ ու ինձ պատմեց. «Հավաքարարը նեղվում է՝ տեսնելով, որ ես շուտ եմ գալիս, իսկ ինքը դեռ չի ավարտել աշխատանքը, լավ կլինի՝ 10 րոպե ուշ գնամ, նա գործը ավարտած լինի, չնեղվի»: Աշխատանքում նա միշտ մարդամոտ էր: Աշխատողներն ինձ պատմում էին, որ բոլոր աշխատասենյակներ մտնում էր, բարևում և զրուցում իր աշխատակիցների հետ, նա իր ջերմությունը փորձում էր դիմացինին տալ, որ բոլորը հասկանան՝ համակարգը մի մեծ ընտանիք է: Մարդկանց հետ շփվելուց երբեք չէր խուսափում: Այն ցուցարարները, ովքեր կորցրել էին բանկերում ավանդները, գալիս ու աղաղակում էին շենքի մոտ: Մի անգամ նա իր օգնականին հրահանգեց, որ բոլորին՝ առանց ստուգման թողնեն բարձրանալ իր աշխատասենյակ: Այնուհետև մենք նրան հարցրինք, թե արդյոք չի վախենում, որ որևէ մեկի մոտ զենք լինի և վնասի իրեն, պատասխանեց՝ «Նրանք իմ ժողովուրդն են, ես նրանց համար եմ աշխատում, ինչո՞ւ պետք է վախենամ»: Շատ պայծառ մարդ էր ու խիստ: Ուներ երկու ծառայողական մեքենա, որ նրան աշխատանքի էին տեղափոխում: Մի առիթով խնդրեցի այդ մեքենաներից մեկը տրամադրել ինձ, ասաց, որ դա ծառայողական ավտոմեքենա է, տաքսի կա, օգտվեմ այդ տրանսպորտային միջոցից: Նա շատ դժգոհ էր, որ մարդիկ արտագաղթում են, ասում էր, որ նրանք դիմում են այդ քայլին ոչ այնքան նյութական վիճակից ելնելով, որ աշխատավարձը ցածր է, այլ, որ օրենքը չի գործում:

– Հենրիկ Խաչատրյանը ծնվել է մայիսի 22-ին: Ինչպե՞ս էիք նշում նրա տարեդարձերը:

– Նա չէր սիրում հավաքույթներ, խնջույքներ ու աղմուկ: Սիրում էր տանը լինել՝ ընտանիքի հետ: Նույնիսկ կարող էր հարսանիքներից գնալ տուն և գիրք կարդալ: Այդպես նա հանգստանում էր:

– Նա ծնունդով Լենինականից էր՝ այժմյան Գյումրիից: Որպես կանոն գյումրեցիները հումորով մարդիկ են:

– Այո, մեծ հումորի տեր մարդ էր, սիրում էր անեկդոտներ պատմել: Հավաքույթներին նրա անեկդոտներն անպակաս էին, անգամ լսարանում օգտագործում էր հումորը:

– Խոսենք նրա գիտական նվաճումներից: Հենրիկ Խաչատրյանը Սահմանադրական իրավունքի մասնագետ էր:

Այո, անգամ ասում էր՝ վերևն Աստված, ներքևը՝ օրենքը: դրանով հանդերձ նա ասում էր, որ իրավունքի բոլոր ճյուղերը պետք է իրավաբանն իմանա, որովհետև Սահմանադրությունը ՙբացվում է՚ մյուս ճյուղերում: Հիշում եմ՝ մութ տարիներին եկավ և ասաց, որ պետք է գրի Սահմանադրության այլընտրանքային նախագիծ, որը կարող է հետագայում պաշտոնական նախագծի հիմք դառնալ: Ոչ ոք նրան չէր խնդրել, այդ մղումը, որ Սահմանադրությունը որպես հիմնական օրենք իրոք պետք է համապատասխանի այդ կոչմանը, նրան ստիպեց, որ վերցնի այդ ծանր բեռն ու գրի: Մոմի լույսի տակ, ցրտին գրում էր Սահմանադրությունը: Իր գրած տեքստում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն էլ կար, որը 1995-ի չկար, հետո ավելացվեց: Նա համոզված էր, որ Սահմանադրությունը պետք է մեկնաբանվի, 1995թ. Սահմանադրության մեկնաբանությունը պատրաստեց:

– Եթե նա այսօր կենդանի լիներ՝ ի՞նչ կասեր, ի՞նչ կփոխեր:

Նա երբեք չէր հանդուրժի՝ ագահությունը և հակաօրինականությունը: Մեկ անգամ ես մի հաղորդում լսեցի, որևէ կուսակցության ներկայացուցիչ քննադատում էր դատախազությանը՝ ամբողջությամբ անհիմն, ես հորդորեցի, որ զանգահարի այդ անձին և բացատրի իր սխալները: Սակայն նա պատասխանեց. «Դու ուզում ես, որ բոլորը քո ամուսնուն սիրե՞ն, դու, որ սիրում ես՝ ինձ ամբողջությամբ բավ է»:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

1-ից 10-րդ լուսանկարները Հենրիկ Խաչատրյանի անձնական արխիվից, Աիդա Իսկոյանի հետ հարցազրույցի լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան

Կարդացեք նաև՝

Ինչո՞ւ եք այդքան հարստություն դիզում. ՀՀ առաջին գլխավոր դատախազ

Իրաաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել