Կոռուպցիան բնապահպանության ոլորտում

Սյունիքի «աքիլեսյան գարշապարը» բնապահպանական խնդիրներն են՝ հանքարդյունաբերությունից հիդրոէլեկտրակայաններ և Ջերմային էլեկտրակայաններ:

«Կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության ոլորտում» հակակոռուպցիոն միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ հուիսի 4-ին՝ Կապան քաղաքում, վեր հանվեցին հենց այս ոլորտի խնդիրները:

«Կոռուպցիայի դեմ պայքարի պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը իրականացնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան գործընկեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար, Կարեն Զադոյանը, ով խոսեց այս ոլորտի կոռուպցիոն ռիսկերից: Նա անդրադարձավ նաև հակակոռուպցիոն կոալիցիա յի գործունեությանը: Կարեն Զադոյանը փոխանցեց, որ կոալիցիան չմիացավ կառավարության նախաձեռնած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին. «Բայց սա դեռ չի նշանակում, որ Հակակոռուպցիոն կոալցիան չի համագործակցելու կառավարության հետ, մենք համագործակցելու ենք ապօրինի հարստացման ինստիտուտի ներդրման, հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և մի շարք կարևոր այլ հարցերի շուրջ»,-ասաց Կարեն Զադոյանը՝ շեշտելով. «Մեր կազմակերպությունը, նաև հակակոռուպցիոն կոալիցիան միշտ հետամուտ է լինելու պետական մարմինների հետ խորը, գործընկերային համագործակցության, այդ թվում` նաև բնապահպանության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցերում»:

Կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության ոլորտում առկա հիմնախնդիրները ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը: Նախ նա շեշտեց, որ այսօր հանքերը վնասում են ոչ միայն տվյալ տարածաշրջանի բնակչությանը, այլ ողջ հանրապետության քաղաքացիներին:

«Անընդունելի եմ համարում այն մոտեցումը, որ բնապահպանությունը պետք է զոհ գնա պետության տնտեսության զարգացմանը, պետք է օգտվել միջազգային փորձից՝ զարգացնելով տնտեսությունը, բայց դրա հետ մեկտեղ վնաս չտալով բնապահպանությանը»,- ասաց պարոն Ատովմյանը՝ ընդգծելով, որ հարկավոր է ընտրել «ոսկե միջին» տարբերակը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց հասարակական հակակոռուպցիոն վերահսկողությունը բնապահպանության ոլորտում, հիմնական անելիքները, նա ասաց, որ անգամ վերացնելով այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բնապահպանության խնդիրները չեն չեզոքանա, որովհետև դրանք նաև կախված են մարդկանց կրթությունից և իրավագիտակցությունից:

Տվյալների հետաքննությունների իրականացումը բնապահպանության ոլորտում ներկայացրեց Իրավաբան.net կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը:

Քննարկումները բավականին ակտիվ էին: Սեմինարին մասնակցում էին ինչպես ՀԿ-ների ներկայացուցիչներ, այնպես էլ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներ, պետական մարմինների ներկայացուցիչներ և փաստաբաններ:

Կարծես թե պետության կողմից բնապահպանությունը մղվում է երկրորդ պլան: Բարձրաձայնեց «Խուստուփ» ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը. «Հստակ չի ասվում, թե ինչքան պետք է տրամադրվեն տվյալ տարածաշրջանի բնապահպանական վնասների փոխհատուցման համար»,- նշեց մասնագետը՝ առաջարկելով լուրջ վերաբերվել անտառտնտեսության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին:

Հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների՝ հանքարդյունաբերողներից կախվածության մասին խոսեց Կապանի փոքր ֆերմերների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արմինե Հակոբյանը. «Ինչպե՞ս կարող են այդ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները պայքարել նույն կազմակերպություններում կոռուպցիայի դեմ, եթե իրենք են ֆինանսավորվում այդ ընկերությունների կողմից»,- ասաց տիկին Հակոբյանը:

Առողջությո՞ւն, թե՞ մանկապարտեզի վերանորոգում

Սեմինարի ընթացքում ակտիվ քննարկվեցին քաղաքացիների առողջության խնդիրները: Մի շարք ՀԿ-ներ բարձրաձայնեցին այն խնդիրը, որ այստեղ՝ Սյունիքի մարզում, հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները թունավորում են բնությունը, փոխարենը ցուցադրական եղանակով վերականգնում մանկապարտեզներ և դպրոցներ:

«Արդյոք ո՞րն է կարևոր՝ հանրության առողջությունը, թե մանկապարտեզի վերանորոգումը»,- հարց բարձրացրեց Կարեն Զադոյանը:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Թադևոսյանը պարզաբանեց, որ բացի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներից, կազմակերպությունը մեծ գումարներ է ներդնում սեփական պոչամբարի վրա. «Ձգտում ենք նվազեցնել այն բնապահպանական ռիսկը, որը կարող է տեղի ունենալ»,- ասաց նա:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բնապահպանության բաժնի պետի տեղակալ Հասմիկ Մկրտումյանը նշեց, որ բնապահպանությունն ու տնտեսական զարգացումը պետք է երկուստեք զարգանան. «Հիմնական խնդիրը գալիս է նաև կրթությունից: Մենք լսում ենք մեղադրանքներ, կխնդրեմ հարց տալ բոլորիդ՝ արդյոք մեզանից յուրաքանչյուրը մտածե՞լ է, թե ինչպես է ազդում բնության վրա ու որևէ քայլեր ձեռնարկել իր կողմից բացասական ազդեցությունը չեզոքացնի»,- նշեց նա:

Այսօրվա սեմինարին երկխոսություն ձևավորվեց նաև մի շարք ՀԿ-ների և հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Արդյունքում մասնակիցներն առաջարկեցին հակակոռուպցիոն ռազմավարությունում ընդգրկել նաև բնապահպանության ոլորտ՝ որպես թիրախային, ինչպես նաև նմանաբնույթ ձևաչափով քննարկումներ կազմակերպել ՀԿ-ների և ընկերությունների միջև:

Սեմինարը վարում էր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Անի Ասատրյանը, ով շեշտեց հակակոռուպցիոն պայքարի կարևորությունը բնապահպանության ոլորտում:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Ընտրանի

Իրադարձություններ