Ո՞ր դեպքերում գործատուն չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքով աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`

1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ նշված օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.

3) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.

4) մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով և 123-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.

5) գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է վերը նշված օրենսգրքով սահմանված կարգով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում, բացառությամբ տվյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:

Եթե աշխատողը մեջբերված հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածների ավարտից հետո չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն տվյալ գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:

Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:

Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել`

1) արհեստակցական միությանը անդամակցելը կամ ոչ աշխատանքային ժամերին, իսկ գործատուի համաձայնությամբ նաև աշխատանքային ժամերին արհեստակցական միության գործունեությանը մասնակցելը.

2) երբևէ աշխատողների ներկայացուցիչ հանդիսանալը.

3) օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար գործատուին պահանջներ ներկայացնելը.

4) սեռը, ռասան, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը.

5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել