Վլադիմիր Գասպարյանի համեստ եկամուտներն ու կնոջ հարստությունը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եկամուտը 2014 թվականի ամբողջ հարկային տարվա ընթացքում կազմել է 6 միլիոն 782 հազար 232 դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ` այն նվազել է շուրջ 2 միլիոն դրամով (եղել է 8 միլիոն 470 հազար 870 դրամ):

Վլադիմիր Գասպարյանի դրամական միջոցները 2014 թվականի ընթացքում ոչ ավելացել, ոչ էլ պակասել են: Ըստ գույքի և եկամուտների մասին հայտարարգրի` ՀՀ ոստիկանապետն ունի 2000 դոլար և 2.5 միլիոն դրամ: Իսկ նախորդ տարվա սկզբին նրա դրամական միջոցները եղել է 500 հազար դրամ, որը տարվա ավարտին հնգապատկվել է` դառնալով 2.5 միլիոն, և 2000 դոլար, որն անփոփոխ է մնացել տարվա ավարտին:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Վլադիմիր Գասպարյանը որևէ շարժական, անշարժ կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել և չի օտարել:

Սակայն, ի տարբերություն ոստիկանապետի, նրա կինը` Սուսաննա Գասպարյանը բավականին հարուստ է: Նա 2014-ի սկզբին ձեռք է բերել 15 հազար դրամանոց IZH 2715 մարդատար ավտոմեքենա (ԽՍՀՄ արտադրության), և օտարել է 10 միլիոն դրամոց Nissan Patrol 5.6 մեքենա: Ի դեպ, նախորդ տարվա հայտարարագրի համաձայն, այս մեքենան ոստիկանապետի կինը ձեռք է բերել շուրջ 25 միլիոն դրամով:

Հարկային տարվա սկզբում Սուսաննա Գասպարյանն ունեցել է 40 միլիոն դրամ և 20 հազար դոլար: Իսկ տարեվերջին ունեցել է 30 միլիոն դրամ, 18 հազար դոլար և 24 հազար եվրո:

Հարկային տարում նրա եկամուտները կազմել են շուրջ 13 միլիոն դրամ: Իսկ նախորդ տարվա եկամուտները եղել են 3 միլիոն 307 հազար 530 դրամ:

Սուսաննա Գասպարյանը 2013-ի սկզբին ունեցել է 65 միլիոն դրամ, որը տարվա ավարտին դարձել է 40 միլիոն, և 20 հազար դոլար, որն անփոփոխ է մնացել տարվա ավարտին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ