Կհստակեցվեն Տեղեկատվության ազատության մասին օրենքի դրույթները. հանրային քննարկում

Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտի լրամշակված նախագծի հանրային քննարկումը:

Քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվեց «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրա առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման լրացված նախագիծը:
Քննարկմանը ներկա գտնվող մասնակիցները հնչեցրին իրենց մտահոգությունները և առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ում կողմից տրվեցին մի շարք պարզաբանումներ:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը հայտնեց, որ որոշման նախագիծը նպատակ ունի ավելի հստակեցնել տեղեկատվության ազատության մասին օրենքում նախատեսված դրույթները՝ ամրագրելով որոշակի մեխանիզմներ, որոնք օրենքի ընդունման պահից սկսած չեն եղել և պրակտիկայում որոշակի խնդիրներ են առաջացրել:

«Այս որոշումը հաստատվելուց հետո կկանոնակարգի տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրա առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը: Մենք, ըստ էության, այս կարգը չենք ունեցել, հիմա արդեն սա որպես մեխանիզմ կգործարկվի և ավելի կանոնակարգված կդարձնի այս ընթացակարգը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ելենա Արամյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել