Ովքե՞ր են պայքարելու կոռուպցիայի դեմ. կազմը հայտնի է

Հովիկ Աբրահամյան, Դավիթ Հարությունյան, Գագիկ Խաչատրյան, Հովհաննես Մանուկյան… Այս պաշտոնյաները ընդգրկված են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում:

Բացի այդ, այս ըստ կառավարության որոշման՝ խորհրդում պետք է ընդգրկվի նաև ՀՀ Գլխավոր դատախազը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների մեկ ներկայացուցիչ:

Ու ամենակարևորը՝ այս խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկ է եղել նաև ԱԺ ընդդիմադիր 5 կուսակցություններին՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, Ժառանգություն և ՀԱԿ:

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, ի պատասխան մեր հարցմանը, գրությամբ նշել է, որ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համաձայնություն հայտնել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը:

Մինչ այդ բոլոր ընդդիմադիր խմբակցություններից փորձեցինք պարզել, թե արդյոք ցանկություն հայտնել են մասնակցել այս խորհրդի աշխատանքներին, ԲՀԿ-ից պատասխանում էին, որ մեր նամակներն իրենց չեն հասնում, մյուս խմբակցություններից հստակ պատասխան տվեց ՀԱԿ-ը:

«Վերջին 12 տարիներին ՀՀ գործող իշխանությունների կողմից հրապարակվել է հակակոռուպցիոն քաղաքականության երեք ծրագիր: ՀԱԿ-ը համարում է, որ վերոնշյալ երեք ծրագրերն էլ կրել են իմիտացիոն բնույթ և ամբողջովին տապալվել են»,- ասվում է խմբակցության գրության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գրության մեջ համոզմունք է հայտնվում, որ կառավարության այս նոր ծրագիրը նույնպես «անփառունակ վախճան է ունենալու, ինչպես նախկին երեքը»:

«Ժառանգություն» խմբակցությունը մինչ այս մի շարք առաջարկություններով է հանդես եկել ՀՀ կառավարությանը, այդ թվում՝ հակակոռուպցիոն խորհրդում ՔՀԿ ներկայացուցիչների թիվն ավելացնելու հորդորով: Ըստ էության խմբակցության առաջարկությունները չեն ընդունվել:

ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը նախընտրել են լռությամբ մերժել:

Բացի ԱԺ խմբակցությունների, այս խորհրդում պետք է ընդգրկվեին նաև 2 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, անցկացվեց մրցույթ, սակայն ինչպես տեսանք՝ ոչ մի ՀԿ այդպես էլ ցանկություն չհայտնեց մասնակցելու այդ մրցույթին. «2015թ. ապրիլի 28-ին հրապարակվել է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման վերաբերյալ հայտարարություն, որին սահմանված ժամկետում որևէ հասարակական կազմակերպություն մասնակցության հայտ չի ներկայացրել»,- ասվում է Դավիթ Հարությունյանի գրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ խորհրդի աշխատանքների վերաբերյալ առաջիկայում կլինի հայտարարություն, որը հնարավորություն կընձեռնի տեղեկանալ խորհրդի կազմի մասին:

Գ.Թ.

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ