Իրազեկում կենսաթոշակի անցնող քաղաքացիներին

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22–ի ՀՀ օրենքով։

Այդ օրենքի 9–րդ հոդվածի համաձայն սահմանված է ընդհանուր` տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու կարգավորումները, որոնց համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:

Միևնույն ժամանակ, 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Ցանկանում ենք իրազեկել քաղաքացիներին, որ Սահմանադրական դատարանը 2008թ. հունվարի 15-ի ՍԴՈ-723 որոշման 8-րդ կետում հայտնել է` «…օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը:…»։

Այսինքն, եթե դուք մինչև կենսաթոշակային նոր համակարգի ընդունումը, նախկինում գործող իրավակարգավորումների պայմաններում ունեցել եք կենսաթոշակ, այդ թվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ, ստանալու իրավունք, ապա այդ իրավունքը գործում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել